Logo

Fastex Պրեմիեր լիգա. 24-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:26 / 27.03.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Մարտի 27-ին կմեկնարկի Fastex Պրեմիեր լիգայի 24-րդ տուրը:

FastNews-ը ներկայացնում է 24-րդ տուրի հանդիպումների անոնսը։

ԲԿՄԱ - «Վեստ Արմենիա» 

Մարտի 27, ժամը՝ 16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

6 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 1 անգամ, «Վեստ Արմենիան»՝ 4, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 8-12

1-ին շրջան. 09.08.2024  «Վեստ Արմենիա» - ԲԿՄԱ՝ 2-5 (1-4)

Գոլերը՝ 1-0՝ Զախար Տարասենկո 16՛, 1-1՝ Արսեն Եղիազարյան 20 (ԻԳ), 1-2՝ Արայիկ Էլոյան 23՛, 1-3-1-4՝ Նարեկ Հովհաննիսյան 32՛, 37՛, 1-5՝ Լևոն Բաշոյան՝ 90+2, 2-5՝ Զախար Տարասենկո 90+6՛, 11մ:

2-րդ շրջան. 02.03.2024  «Վեստ Արմենիա» - ԲԿՄԱ՝ 1-0 (1-0)

Գոլը՝ 1-0՝ Սուլեյման Իբրահիմ 6՛:

ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (22 միավոր), «Վեստ Արմենիա»՝ 8-րդ տեղ (20 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ 

1. ԲԿՄԱ-ն առաջնության գարնանային հատվածում դեռ հաղթանակ չի տոնել՝ 3 հանդիպումներում վաստակելով ընդամենը 2 միավոր: Բանակայինները հենց «Վեստ Արմենիայի» հետ մրցավեճով սկսեցին առաջնության երկրորդ հատվածը՝ հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջելով մրցակցին: Հաջորդ երկու խաղերում  ԲԿՄԱ-ն ոչ-ոքի խաղաց «Շիրակի» (0-0) և «Արարատի» (1-1) հետ:

2. «Վեստ Արմենիան» «Նոայից» 0-4 հաշվով կրած պարտությամբ սկսեց առաջնության գարնանային հատվածը: Հետաքրքիր է, որ նախորդ խաղում էլ Պատրիկ Պապյանի գլխավորած թիմը մրցել էր «Նոայի» հետ ու պարտվել էր ավելի խոշոր՝ 1-7 հաշվով: ԲԿՄԱ-ին հաղթելուց հետո «Վեստ Արմենիան» նախորդ տուրում 2 անպատասխան գնդակ ընդունեց «Վանից»:

3. Եթե Ջոնել Դեսիրեին վերջապես հաջողվի բացել գոլերի հաշիվը «Վեստ Արմենիայում», ապա կխփի Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 50-րդ գնդակը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

ԲԿՄԱ՝ Նարեկ Հովհաննիսյան – 2 գոլ:

«Վեստ Արմենիա»՝ Զախար Տարասենկո – 4 գոլ:

Հանդիպումը բաց կթողնի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված ԲԿՄԱ-ի ավագ Արգիշտի Պետրոսյանը: «Վեստ Արմենիայից» խաղին չի մասնակցի 5-րդ զգուշացումը ստացած Վահրամ Մախսուդյանը:

«Արարատ» - «Գանձասար»

Մարտի 27, ժամը՝ 18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

1 խաղ, որում հաղթել է «Արարատը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-0

1-ին շրջան. 10.08.2024  «Գանձասար» - «Արարատ»՝ 0-2 (0-0)

Գոլերը՝ 0-1՝ Մուսա Կանտե 68՛, 11մ, 0-2՝ Իլարիոն Գուռ 90՛:

«Արարատ»՝ 9-րդ տեղ (19 միավոր) «Գանձասար»՝ 11-րդ տեղ (2 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ 

1. «Արարատը» հաջող է սկսել առաջնության գարնանային հատվածը՝ 2 հանդիպումներում վաստակելով 4 միավոր: Արարատցիները նվազագույն հաշվով հաղթել են «Ալաշկերտին» և ոչ-ոքի են ավարտել խաղը ԲԿՄԱ-ի հետ: Իսկ մինչև այդ կայացած 11 հանդիպումներում «Արարատն» ընդամենը 2 միավոր էր վաստակել:

2. Թեև առաջնության գարնանային հատվածում «Գանձասարը» զգալիորեն բարելավել է խաղամակարդակը, սակայն կրկին չի հաջողվում միավորներ վաստակել: Նախորդ տուրում «Ուրարտուի» հետ խաղում թեև գանձասարցիներն առաջինն էին բացել հաշիվը, սակայն կրկին խաղադաշտից պարտված հեռացան՝ վճռորոշ գոլը բաց թողնելով ավելացված ժամանակում: Իսկ մինչև այդ էլ «Գանձասարը» 0-3 հաշվով պարտվել էր «Նոային»: Կապանցիներն արդեն 8 անընդմեջ պարտություն են կրել:

 

3. Մրցակիցների միջև փետրվարի 28-ին նշանակված 2-րդ շրջանի հանդիպումն ընդամենը մի քանի րոպե տևեց: Բողոքի ակցիա իրականացնող ֆուտբոլասերները խաղի մեկնարկից մի քանի րոպե անց ներխուժեցին խաղադաշտ՝ թույլ չտալով շարունակել հանդիպումը:

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»   

Մարտի 28, ժամը՝ 19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

23 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 8 անգամ, «Փյունիկը»՝ 8, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 32-30

1-ին շրջան. 03.10.2024  «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»՝ 1-3 (1-0)

Գոլերը՝ 1-0՝ Տենտոն Յենե 37՛, 11մ, 1-1՝ Յուսուֆ Օտուբանջո 58՛, 11մ, 1-2՝ Ագդոն Մենեզես 76՛, 1-3՝ Սանի Բուհարի 83՛:

2-րդ շրջան. 01.03.2024  «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 1-2 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Էրիկ Օկանսի 15՛, 1-1՝ Յուսուֆ Օտուբանջո 57՛, 11մ, 1-2՝ Տենտոն Յենե 64՛:

«Արարատ-Արմենիա»՝ 4-րդ տեղ (42 միավոր), «Փյունիկ»՝ 3-րդ տեղ (43 միավոր):

Հետաքրքիր  փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Տուրի կենտրոնական հանդիպումն ընթացիկ առաջնության վճռորոշ մրցավեճերից մեկն է: Մրցանակային տեղերի համար պայքարում յուրաքանչյուր միավորի կորուստ կարող է ճակատագրական լինել: Այդ առումով «Արարատ-Արմենիայի» համար հատկապես ցավալի էր «Ուրարտուի» հետ սկզբունքային մրցավեճում 1-2 հաշվով կրած պարտությունը:

Երկու կարևոր միավոր էլ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը կորցրեց «Վանի» հետ խաղում, երբ ավելացված ժամանակում ձեռքից բաց թողեց հաղթանակը (1-1): Իսկ ահա նախորդ տուրում «Արարատ-Արմենիան» 3-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ալաշկերտի» նկատմամբ:

2. Չեմպիոնի տիտղոսը պահպանելու համար «Փյունիկն» էլ պետք է հնարավորինս քիչ միավորներ կորցնի: Սակայն առաջնության գարնանային հատվածում փյունիկցիներն արդեն 6 միավոր են կորցրել՝ պարտվելով «Արարատ-Արմենիային» (1-2) և «Ուրարտուին» (0-3):

Նախորդ տուրում գործող չեմպիոնն արդյունավետ խաղով վերջապես ուրախացրեց իր երկրպագուներին՝ 6-1 հաշվով հաղթելով «Շիրակին»:  

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 13 խաղերից միայն 2-ում է «Արարատ-Արմենիան» հաղթել: Առաջին հաղթանակը գրանցվել է նախորդ առաջնության 3-րդ շրջանի խաղում՝ անցյալ տարվա փետրվարի 23-ին: Այդ օրն «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում հաղթել է 3-1 հաշվով: 2-րդ անգամ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը փյունիկցիներին պարտության է մատնել այս տարվա մարտի 1-ին՝ 2-1: Մյուս հանդիպումներից 6-ում հաղթել է «Փյունիկը», 5-ում գրանցվել է ոչ-ոքի:

4. Գոլ խփելու դեպքում «Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն պատմական նվաճման կհասնի: Դա կլինի նիգերիացի ֆուտբոլիստի 87-րդ գոլն ակումբային բոլոր մրցաշարերում, որի շնորհիվ նա կգերազանցի բրազիլացի Մարկոս Պիզելիին ու կդառնա Հայաստանում հանդես եկած ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը:

Առաջնության նախորդ 7 հանդիպումներում Օտուբանջոն ընդամենը մեկ գոլ է խփել՝ մարտի 1-ին «Արարատ-Արմենիայի» հետ խաղում դիպուկ իրացնելով 11մ հարվածը:

5. Տենտոն Յենեն էլ կարող է դառնալ «Արարատ-Արմենիայի» պատմության գլխավոր ռմբարկուն ակումբային բոլոր մրցաշարերում խփած գոլերի ընդհանուր քանակով, եթե 2 անգամ խոցի «Փյունիկի» դարպասը: Նա կգերազանցի թիմի նախկին հարձակվող Մաիլսոն Լիմայի ռեկորդային ցուցանիշը, որի հաշվին 41 գոլ է գրանցված:

6. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Կարեն Մուրադյանը ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 400-րդ խաղը կանցկացնի:      

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե - 6 գոլ:

«Փյունիկ»՝ Լուկա Յուրիչիչ, Յուսուֆ Օտուբանջո - 4-ական գոլ:

«Ալաշկերտ» - «Վան»

Մարտի 29, ժամը՝ 14:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

17 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 8 անգամ, «Վանը»՝ 5, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 21-15

1-ին շրջան. 09.08.2024  «Ալաշկերտ» - «Վան»՝ 1-1 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Ջեսի Ակիլա 8՛, 1-1՝ Ժոզե Էմբալու 69՛, 11մ:

2-րդ շրջան. 01.03.2024  «Վան» - «Ալաշկերտ»՝ 1-1 (1-0)

Գոլերը՝ 1-0՝ Մոմո Տուրե 8՛, 1-1՝ Արմեն Մանուչարյան 63՛:

«Ալաշկերտ»՝ 10-րդ տեղ (14 միավոր), «Վան»՝ 5-րդ տեղ (34 միավոր): 

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Ալաշկերտն» անհաջող է սկսել 2025թ.: Նախ թիմը դուրս մնաց Հայաստանի գավաթի խաղարկությունից՝ 1/8 եզրափակչում 0-2 հաշվով պարտվելով «Նոային», ապա նույն հաշվով զիջեց «Փյունիկին» առաջնության գարնանային հատվածի մեկնարկային խաղում: Հաջորդ խաղում ալաշկերտցիները գարնանային հատվածում առաջին միավորը վաստակեցին՝ ոչ-ոքի խաղալով «Վանի» հետ: Այնուհետև հետևեցին պարտություններն «Արարատից» (0-1) և «Արարատ-Արմենիայից» (0-3):

2. «Վանը» նախորդ տուրում 2 անպատասխան գնդակ խփեց «Վեստ Արմենիայի» դարպասը՝ տոնելով գարնանային հատվածում առաջին հաղթանակը: Իսկ մինչև այդ Վահե Գևորգյանի գլխավորած թիմը միևնույն 1-1 հաշվով էր ավարտել խաղերը «Ալաշկերտի» և «Արարատ-Արմենիայի» հետ: Առաջնության վերջին 5 խաղերում «Վանն» անպարտելի է՝ վաստակելով 11 միավոր:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 3 հանդիպումներից մեկում հաղթել է «Ալաշկերտը», 2-ում գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Ալաշկերտի» նկատմամբ «Վանը» տոնել է անցյալ տարվա փետրվարի 23-ին Մոմո Տուրեի խփած միակ գոլի շնորհիվ:

4. «Վանն» այս խաղում կարող է արդյունավետության թիմային նոր ռեկորդ սահմանել, եթե գրավի «Ալաշկերտի» դարպասը: Դա կլինի ընթացիկ առաջնությունում թիմի խփած 39-րդ գնդակը: Կգերազանցվի 2022/23թթ. առաջնության արդյունավետության թիմային ռեկորդը՝ 38 գոլ 36 խաղում:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան - 3 գոլ:

«Վան»՝ Մոմո Տուրե - 3 գոլ:

«Շիրակ» - «Նոա»  

Մարտի 29, ժամը՝ 19:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

21 խաղ, «Շիրակը» հաղթել է 7 անգամ, «Նոան»՝ 10, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 22-37

1-ին շրջան.  11.08.2024  «Շիրակ» - «Նոա»՝ 0-5 (0-2)

Գոլերը՝ 0-1՝ Գոնսալո Գրեգորիո 2՛, 0-2-0-3՝ Էրալդ Չինարի 19՛, 53՛, 0-4՝ Հելդեր Ֆեռեյրա 83՛, 0-5՝ Մաթեուս Այաս 90՛:

2-րդ շրջան. 02.03.2024  «Նոա» - «Շիրակ»՝ 4-0 (2-0)

Գոլերը՝ 1-0՝ Գոնսալո Գրեգորիո 23՛, 2-0՝ Էրալդ Չինարի 25՛, 3-0՝ Բրունո Ալմեյդա 51՛, 4-0՝ Բրայան Մենդոզա 66՛:                                                                                    

«Շիրակ»՝ 6-րդ տեղ (25 միավոր), «Նոա»՝ 1-ին տեղ (49 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ 

1.«Շիրակը» նախորդ տուրում չափազանց անհաջող խաղաց՝ 1-6 հաշվով ջախջախիչ պարտություն կրելով «Փյունիկից»: Միակ սփոփիչ փաստն այն էր, որ գյումրեցիներին վերջապես հաջողվեց ընդհատել առաջնությունում 372 րոպե տևած  գոլային երաշտը, երբ 81-րդ րոպեին Ռոբերտ Դարբինյանը գրավեց «Փյունիկի» դարպասը:

Առաջնության գարնանային հատվածի 3 հանդիպումներում շիրակցիներն ընդամենը մեկ միավոր են վաստակել՝ Գյումրիում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով ԲԿՄԱ-ի հետ: Որքան էլ որ տարօրինակ է, «Շիրակն» ավելի հաջող է խաղացել մրցակիցների դաշտում՝ 11 հանդիպումներում վաստակելով 16 միավոր (5 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 5 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 12-21), ինչը հնարավոր միավորների 48,4 տոկոսն է:

Իսկ ահա Գյումրիում անցկացրած 9 հանդիպումներում «Շիրակի» օգտին ընդամենը նույնքան միավոր է գրանցվել (2 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 3-12), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է:

Ընդ որում սեփական դաշտում Արսեն Հովհաննիսյանի օրոք անցկացրած առաջին 4 հանդիպումներում «Շիրակն» ընդամենը մեկ միավոր էր վաստակել՝ չգտնելով մրցակիցների դարպասի բանալին («Նոա»՝ 0-5, «Վան»՝ 0-2, «Ուրարտու»՝ 0-2, «Ալաշկերտ»՝ 0-0):

Եվ միայն հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացրած 5-րդ խաղում, որում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտն էր նշել Ռաֆայել Նազարյանը, «Շիրակին» հաջողվեց վերջապես հաղթանակ տոնել՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով «Վեստ-Արմենիայի» դարպասը:

2. «Նոան» շարունակում է իր գերազանց ելույթներն առաջնությունում: Նախորդ տուրում թիմն ազատ էր, իսկ մարտի 10-ին անցկացրած առաջնության վերջին խաղում 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Գանձասարի» դարպասը՝ տոնելով խոշոր հաշվով 5-րդ անընդմեջ հաղթանակը: Դա ընթացիկ առաջնությունում Ռուի Մոտայի գլխավորած թիմի 13-րդ անընդմեջ հաղթանակն էր: Վերջին 3 խաղերում «Նոայի» դարպասն անառիկ է մնացել:

 

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 8 հանդիպումներում «Նոան» մեծ առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ՝ տոնելով 6 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով մեկ պարտություն: Միակ հաղթանակը «Շիրակը» տոնել է 2024թ. ապրիլի 27-ին՝ Գյումրիում առավելության հասնելով Մորի Կոնեի խփած միակ գոլի շնորհիվ: Ընթացիկ առաջնությունում շիրակցիները դեռ չեն գտել «Նոայի» դարպասի բանալին՝ փոխարենը 2 խաղում 9 գոլ բաց թողնելով:

4. Եթե Մորի Կոնեին հաջողվի գրավել «Նոայի» դարպասը, ապա «Շիրակի» կազմում պաշտոնական մրցումներում 31-րդ գոլը կխփի ու կդառնա թիմի պատմության ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը: Նա կգերազանցի Մուսա Փոլ Բակայոկոյի ռեկորդային ցուցանիշը, որի հաշվին 30 գոլ է գրանցված:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Գրենիկ Պետրոսյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Շիրակ»՝ Մորի Կոնե - 4 գոլ:

«Նոա»՝ Վլադիմիր Ազարով, Արթուր Միրանյան, Էրալդ Չինարի - 3-ական գոլ:

«Շիրակի» կազմում 5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի Դոնալդ Կոդիան:

fastnews-ads-banner