Logo

Fastex Պրեմիեր լիգա. 30-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:21 / 08.05.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայում մայիսի 8-ին կմեկնարկի 30-րդ տուրը:  

FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Արարատ» - «Վան»

Մայիսի 8, ժամը՝ 16:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

17 խաղ, «Արարատը» հաղթել է 9 անգամ, «Վանը»՝ 4, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 18-18

1-ին շրջան. 23.09.2024   «Արարատ» - «Վան»՝ 0-3 (0-2)

Գոլերը՝ 0-1՝ Մոմո Տուրե 21՛, 0-2՝ Կարեն Նալբանդյան 45՛, 0-3՝ Մոմո Տուրե 57՛:

2-րդ շրջան. 05.11.2024  «Վան» - «Արարատ»՝ 4-0 (2-0)

Գոլերը՝ 1-0` Մոմո Տուրե 25՛, 2-0՝ Կարեն Նալբանդյան 37՛, 3-0՝ Կաջալի Դրամե 47՛, 4-0՝ Լևոն Վարդանյան 89՛:

«Արարատ»՝ 8-րդ տեղ (26 միավոր), «Վան»՝ 5-րդ տեղ (43 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատը» նախորդ տուրում ազատ էր, իսկ ապրիլի 26-ին անցկացրած առաջնության վերջին խաղում հյուրընկալվելիս 0-3 հաշվով զիջել էր «Նոային»: Ընթացիկ առաջնության վերջնագծում արարատցիներն առանձնապես խնդիրներ չունեն լուծելու: Առավելագույնը նրանք կարող են պայքար մղել 6-րդ տեղը զբաղեցնելու համար, ինչը բավական դժվար կլինի իրականացնել:

2. Իսկ ահա «Վանի» համար առաջնության ավարտական 4 հանդիպումներն անչափ կարևոր նշանակություն ունեն 4-րդ տեղի համար «Փյունիկի» հետ մղվող պայքարում, ինչը Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր է պարգևելու հաջողության հասած թիմին:

Նախորդ տուրում «Վանը» սեփական դաշտում իրեն գերազանց դրսևորեց «Նոայի» հետ մրցավեճում՝ թույլ չտալով առաջատարին ժամկետից շուտ ձևակերպելու չեմպիոնությունը: Վահե Գևորգյանի գլխավորած թիմը շատ մոտ էր իրեն անչափ անհրաժեշտ հաղթանակին, սակայն ավելացված ժամանակում մրցակցին հաջողվեց խուսափել պարտությունից՝ գրանցելով մարտական ոչ-ոքի (2-2):

Ի դեպ, նախորդ տուրում էլ ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում արդեն «Վանն» էր ավելացված ժամանակում փրկվել պարտությունից: Մինչև այդ էլ չարենցավանյան թիմը 2-3 հաշվով պարտվել էր «Արարատ-Արմենիային»: Այնպես որ վերջին 3 խաղերում «Վանը» չի հաղթել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր:

3. Թեև մրցակիցների ընդհանուր դիմակայությունում «Արարատի» առավելությունը զգալի է, սակայն ընթացիկ առաջնությունում «Վանը» երկու խաղերում էլ հաղթել է խոշոր հաշվով՝ սեփական դարպասը պահելով անառիկ: Իսկ մինչև այդ կայացած 4 հանդիպումներում արարատցիները 3 անընդմեջ հաղթանակ էին տոնել, մեկ խաղ ավարտել էին ոչ-ոքի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ»՝ Ուրոշ Նենադովիչ, Սերժ Դեբլե, Կասիմ Հաջի - 2-ական գոլ:

«Վան»՝ Մոմո Տուրե - 3 գոլ:

«Վանից» կբացակայի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Ալիուն Ջունիոր Դոսոն:

«Վեստ Արմենիա» - «Արարատ-Արմենիա»

Մայիսի 9, ժամը՝ 16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

6 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 5 անգամ, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-15

1-ին շրջան. 24.09.2024   «Վեստ Արմենիա» - «Արարատ-Արմենիա»՝ 1-2 (1-1)

Գոլերը՝ 0-1՝ Էրիկ Օկանսի 36՛, 1-1՝ Զախար Տարասենկո 45+4,՛ 11մ, 1-2՝ Արթուր Սերոբյան 90+13՛, 11մ:

2-րդ շրջան. 06.11.2024 «Արարատ-Արմենիա» - «Վեստ Արմենիա»՝ 3-0 (1-0)

 Գոլերը՝ 1-0՝ Մեթյու Գբոմադու 37՛, 2-0՝ Տենտոն Յենե 75՛, 3-0՝ Ալեքսիս Ռոդրիգես 81՛:

«Վեստ Արմենիա»՝ 9-րդ տեղ (23 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (57 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Նախորդ տուրում «Ուրարտուի» հետ խաղում «Վեստ Արմենիան» Fastex Պրեմիեր լիգայում իր ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց՝ 8 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը: Պատրիկ Պապյանի գլխավորած թիմը գերազանցեց իր նախորդ հակառեկորդը («Վան»՝ 0-6, «Նոա»՝ 1-7), որ սահմանել էր ընթացիկ առաջնությունում:

Առաջնության վերջին 6 հանդիպումներում «Վեստ Արմենիան» ընդամենը 3 միավոր է վաստակել՝ կրելով 5 պարտություն, 4 անգամ խաղադաշտից հեռանալով առանց գոլի:

2. «Արարատ-Արմենիան» շատ հաջող է անցկացնում առաջնության գարնանային հատվածը: Ընթացիկ առաջնությունում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, որից 4-ը՝ խոշոր հաշվով: Այդ խաղերում գործող գավաթակիրն ընդհանուր առմամբ 21 գոլ է խփել: «Շիրակի» հետ խաղում «Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 9-րդ հաղթանակը տոնեց: 

«Վեստ Արմենիայի» հետ հանդիպումը Հայաստանի կրկնակի չեմպիոնի համար վերջին փորձամրցումն է մայիսի 13-ին «Նոայի» հետ կայանալիք գավաթի եզրափակչից առաջ, ուստի բացառված չէ, որ Վարդան Մինասյանը որոշ ֆուտբոլիստների հանգստանալու հնարավորություն ընձեռի:

3. «Վեստ Արմենիայի» դարպասը գրավելու դեպքում Տենտոն Յենեն հայկական  ակումբներում բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 50-րդ գոլը կխփի: Դա կլինի ընթացիկ առաջնությունում նիգերիացի ֆուտբոլիստի 16-րդ գոլը և նա կկրկնի նախորդ առաջնությունում գրանցած մեկ մրցաշրջանի արդյունավետության իր ռեկորդը:

Դիմակայության լավագույն ռմբարկուն

«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե - 3 գոլ:

«Նոա» - «Փյունիկ»

Մայիսի 9, ժամը՝ 18:30, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

23 խաղ, «Նոան» հաղթել է 6 անգամ, «Փյունիկը»՝ 15, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 18-34

1-ին շրջան. 24.09.2024  «Նոա» - «Փյունիկ»՝ 2-0 (0-0)

Գոլերը՝ 1-0՝ Գոնսալու Գրեգորիու 46՛, 2-0՝ Վիրժիլ Պինսոն 60՛:

2-րդ շրջան. 24.11.2024  «Փյունիկ» - «Նոա»` 1-3 (0-1)

Գոլերը՝ 0-1-0-2՝ Պաբլո Ռենան դոս Սանթոս 41՛, 61՛, 0-3՝ Բրայան Մենդոզա 79՛, 1-3՝ Էդգար Մալաքյան 87՛, 11մ:

«Նոա»՝ 1-ին տեղ (68 միավոր), «Փյունիկ»՝ 4-րդ տեղ (50 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Տուրի կենտրոնական խաղի ելքն անչափ կարևոր նշանակություն ունի մրցող թիմերի համար: Նախորդ տուրում «Նոան» կարող էր առաջնության ավարտից 4 տուր առաջ պաշտոնապես չեմպիոն հռչակվել: Դրա համար առաջատարին հաղթանակ էր անհրաժեշտ «Վանի» հետ մրցավեճում, ինչը չստացվեց: Ավելին, «Նոան» միայն ավելացված ժամանակում կարողացավ խուսափել պարտությունից՝ ընդհատելով առաջնությունում տարած 19 անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքը:

«Փյունիկի» հետ մրցավեճում «Նոայի» խնդիրը համեմատաբար ավելի դյուրին է, քանի որ չեմպիոն հռչակվելու համար բավարար է նույնիսկ ոչ-ոքին՝ հաշվի առնելով «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումներում ունեցած առավելությունը (1-0, 2-1):

2. «Փյունիկի» համար էլ այս խաղը վճռորոշ նշանակություն ունի: Նախորդ տուրում ԲԿՄԱ-ից 1-2 հաշվով կրած անսպասելի պարտությունից հետո փյունիկցիները ոչ միայն զգալիորեն նվազեցրին մրցանակակիր դառնալու իրենց հնարավորությունները, այլև բարդացրին գոնե 4-րդ տեղը զբաղեցնելու և Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր նվաճելու խնդիրը: Ավարտական երկու խաղերում «Փյունիկը» մրցելու է «Արարատի» և 4-րդ տեղի համար մղվող պայքարում իր մրցակից «Վանի» հետ:

Վերջին տարիներին «Փյունիկը» սովորաբար ավելի հաջող է խաղացել առաջնության գարնանային հատվածում: Իսկ ընթացիկ առաջնության 2-րդ հատվածի 10 հանդիպումներում փյունիկցիներն ընդամենը 13 միավոր են վաստակել՝ կրելով 5 պարտություն: Իսկ ընդհանուր առմամբ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն արդեն 9 անգամ խաղադաշտից պարտված է հեռացել:

3. Առաջնության առաջին շրջանում տարած հաղթանակով «Նոան» ընդհատել էր «Փյունիկի» հետ նախորդ 12 հանդիպումներում գրանցած առանց հաղթանակների շարքը (11 պարտություն, 1 ոչ-ոքի): Իսկ մինչև այդ «Նոան» «Փյունիկին» նախորդ անգամ հաղթել էր 2021թ. մայիսի 15-ին ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում: Թիմին հաղթանակ էր պարգևել խաղավերջում Պետրոս Ավետիսյանի խփած միակ գոլը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Վլադիմիր Ազարով - 3 գոլ:

«Փյունիկ»՝ Հովհաննես Հարությունյան - 5 գոլ:

«Նոան» խաղին կներկայանա կադրային լուրջ կորուստներով: Հանդիպմանը չեն մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Գոնսալու Գրեգորիուն և 5-րդ զգուշացումը ստացած Գոռ Մանվելյանը:

«Շիրակ» - «Ալաշկերտ»

Մայիսի 10, ժամը՝ 18:30, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

45 խաղ, «Շիրակը» հաղթել է 13 անգամ, «Ալաշկերտը»՝ 18, գրանցվել է 14 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 47-59

1-ին շրջան. 23.09.2024   «Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 0-0

2-րդ շրջան. 04.11.2024  «Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 1-3 (1-1)

Գոլերը՝ 1-0՝ Նարեկ Մանուկյան 7՛, 1-1՝ Սեդրիկ Դո 19՛, 1-2՝ Ալեքսա Վիդիչ 49՛, 1-3՝ Սեդրիկ Դո 80՛:

«Շիրակ»՝ 7-րդ տեղ (29 միավոր), «Ալաշկերտ»՝ 10-րդ տեղ (20 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Շիրակը» նախորդ տուրում հյուրընկալվելիս 1-5 հաշվով զիջեց ՀՀ առաջնություններում իր ամենադժվարին մրցակիցներից մեկին՝ «Արարատ-Արմենիային», որի հետ անցկացրած վերջին 14 հանդիպումներում 12-րդ պարտությունը կրեց: Ընդ որում շիրակցիներն էին բացել խաղի հաշիվը:

Առաջնության վերջին 5 խաղերում «Շիրակը» չի հաղթել՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր: Վերջին հաղթանակը գյումրեցիները տոնել են ապրիլի 4-ին՝ 2-1 հաշվով հաղթելով «Արարատին»:

2. Ալբերտ Սաֆարյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» նախորդ տուրում վերջապես ընդհատեց առանց հաղթանակների 13 խաղերի շարքը՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով «Գանձասարին»: Թիմին հաղթանակ պարգևած Պավել Կիրիենկոն էլ բացեց գոլերի հաշիվն «Ալաշկերտում»: Նախորդ հաղթանակն «Ալաշկերտի» օգտին գրանցվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին ԲԿՄԱ-ի հետ կայացած խաղում՝ 2-0:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 5 խաղերից 3-ում հաղթել է «Շիրակը», 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Շիրակի» նկատմամբ «Ալաշկերտը» տարել է 2023թ. օգոստոսի 31-ին Գյումրիում կայացած խաղում (3-2):

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Շիրակ»՝ Մորի Կոնե - 5 գոլ:

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան - 7 գոլ:

«Ալաշկերտի» կազմում հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում 5-րդ զգուշացումը ստացած Ռումյան Հովսեփյանը:

ԲԿՄԱ - «Ուրարտու»

Մայիսի 11, ժամը՝ 15:30, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

14 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 2 անգամ, «Ուրարտուն»՝ 12, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 12-31

1-ին շրջան. 25.09.2024  ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 2-1 (1-1)

Գոլերը՝ 1-0՝ Էրիկ Փիլոյան 27՛, ինքնագոլ, 1-1՝ Արտյոմ Պոլյարուս 36՛, 2-1՝ Կառլեն Հովհաննիսյան 90+4՛:

2-րդ շրջան. 06.11.2024  «Ուրարտու» - ԲԿՄԱ՝ 4-2 (3-0)

Գոլերը՝ 1-0՝ Սերգեյ Մկրտչյան 2՛, 2-0՝ Մարկ Ավետիսյան 9՛ (ինքնագոլ), 3-0՝ Անդրեյ Կրավչուկ 30՛, 3-1՝ Դավիթ Հակոբյան 78՛, 11մ, 3-2՝ Նարեկ Հովհաննիսյան 90+1՛, 4-2՝ Կարեն Մելքոնյան 90+3՛:

ԲԿՄԱ՝ 6-րդ տեղ (32 միավոր), «Ուրարտու»՝ 3-րդ տեղ (55 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության վերջին 3 խաղերում ԲԿՄԱ-ն իրեն գերազանց դրսևորեց՝ վաստակելով 7 միավոր: Նախորդ տուրում բանակայինները 2-1 հաշվով պարտության մատնեցին «Փյունիկին»: Այդ հաղթանակը կարելի է պատմական համարել, քանի որ այն առաջինն էր Հայաստանի բազմակի չեմպիոնի նկատմամբ: Մինչև այդ էլ ԲԿՄԱ-ն 3-2 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Շիրակի» նկատմամբ և ոչ-ոքի (1-1) էր խաղացել «Վանի» հետ: Ընդ որում «Վանը» միայն ավելացված ժամանակում էր հավասարեցրել հաշիվը:

2. Նախորդ տուրում «Ուրարտուն» աչքի ընկավ գոլային հրավառությամբ՝ 8 անպատասխան գնդակ խփելով «Վեստ Արմենիայի» դարպասը: Դա ընթացիկ առաջնության ամենախոշոր հաշիվն էր: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը խոշոր հաշվով 5-րդ հաղթանակը տոնեց: Այդ խաղում Կարեն Մելքոնյանն իր կարիերայում առաջին անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձավ, իսկ Արտեմի Գունկոն բացեց գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում:

3. «Ուրարտուն» էլ ԲԿՄԱ-ի ամենադժվարին մրցակիցներից մեկն է Fastex Պրեմիեր լիգայում: Միայն մրցակիցների միջև կայացած 11-րդ խաղում էր ԲԿՄԱ-ին հաջողվել առաջին հաղթանակը տոնել «Ուրարտուի» նկատմամբ, որին զիջել էր նախորդ բոլոր հանդիպումներում: Բանակայինների համար պատմական այդ խաղը կայացել է 2023թ. դեկտեմբերի 4-ին ֆուտբոլի ակադեմիայում, որում Գրենիկ Պետրոսյանի գոլի և մրցակցի պաշտպան Իվան Զոտկոյի ինքնագոլի շնորհիվ ԲԿՄԱ-ն հաղթել է 2-0 հաշվով:

Եվ ահա ընթացիկ առաջնության առաջին շրջանում բանակայիններին հաջողվեց երկրորդ անգամ հաղթել «Ուրարտուին»:

4. «Փյունիկի» հետ խաղում դուբլ ձևակերպած Արայիկ Էլոյանը 9 գնդակով ոչ միայն գլխավորեց ԲԿՄԱ-ի լավագույն ռմբարկուների ցանկը, այլև դարձավ ընթացիկ առաջնության ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստը: Նա նաև թիմի կազմում մեկ մրցաշրջանի արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով նախկին բանակային Գրենիկ Պետրոսյանի ցուցանիշը, որը նախորդ առաջնությունում ԲԿՄԱ-ում 8 գոլ էր խփել: 

Դիմակայության լավագույն ռմբարկուները

ԲԿՄԱ՝ Գրենիկ Պետրոսյան - 3 գոլ:

«Ուրարտու»՝ Ջոնել Դեսիրե, Մաքսիմ Մայրովիչ, Արաս Օզբիլիս, Թեմուր Ջիկիա, Կարեն Մելքոնյան - 3-ական գոլ:

fastnews-ads-banner