Logo

Fastex Պրեմիեր լիգա. 32-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:01 / 22.05.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայում մայիսի 22-ին կմեկնարկի առաջնության նախավերջին՝ 32-րդ տուրը:  

FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

ԲԿՄԱ - «Ալաշկերտ»

Մայիսի 22, ժամը՝ 19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

14 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 2 անգամ, «Ալաշկերտը»՝ 10, 2-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 8-30

1-ին շրջան. 07.10.2024  ԲԿՄԱ - «Ալաշկերտ»՝ 1-0 (0-0)

Գոլը՝ 1-0՝ Դանիել Աղբալյան 57՛:

2-րդ շրջան. 27.10.2024  «Ալաշկերտ» - ԲԿՄԱ՝ 2-0 (1-0)

Գոլերը՝ 1-0-2-0՝ Սարգիս Մեթոյան 14՛, 50՛:

ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (32 միավոր), «Ալաշկերտ»՝ 10-րդ տեղ (23 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. ԲԿՄԱ-ն «Շիրակի» և «Արարատի» հետ պայքարում է առաջնությունում 6-րդ տեղը զբաղեցնելու համար: «Շիրակն» արդեն ավարտել է ելույթներն առաջնությունում և 3 միավորով գերազանցում է բանակայիններին, իսկ «Արարատը» հավասար միավորներ ունի ԲԿՄԱ-ի հետ:

Սակայն անկախ ավարտական երկու հանդիպումների արդյունքներից, ընթացիկ մրցաշրջանն ակումբի պատմության մեջ լավագույնը կլինի: ԲԿՄԱ-ն նվազագույնն իր համար ապահովել է 8-րդ տեղը, իսկ ՀՀ առաջնություններում թիմի լավագույն արդյունքը գրանցվել է 2021/22 և 2022/23թթ., երբ բանակայինները զբաղեցրել են 9-րդ հորիզոնականը:

Նախորդ տուրում ԲԿՄԱ-ն «Արարատ-Արմենիայի» հետ արտագնա խաղում 4 անպատասխան գնդակ էր ընդունել սեփական դարպասը, մինչև այդ էլ նվազագույն հաշվով զիջել էր «Ուրարտուին»: Իսկ այդ խաղերին նախորդել էր «Փյունիկի» նկատմամբ 2-1 հաշվով տարած պատմական հաղթանակը, որն առաջինն էր մրցակիցների դիմակայությունում:

2. Առաջնությունը 9-րդ տեղում ավարտելու համար «Ալաշկերտին» ավարտական երկու խաղերում ընդամենը մեկ միավոր է անհրաժեշտ: Չնայած դրան, ալաշկերտցիները կձգտեն հաջող մրցելույթներով ավարտել մրցաշրջանը:

Մայիսի 10-ին առաջնությունում անցկացրած վերջին խաղում «Ալաշկերտը» Գյումրիում 0-4 հաշվով պարտություն էր կրել: Իսկ այդ խաղին նախորդած մրցավեճում «Ալաշկերտը վերջապես ընդհատել էր առանց հաղթանակների 13 խաղերի շարքը՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով «Գանձասարին»: Թիմին հաղթանակ պարգևած Պավել Կիրիենկոն էլ բացել էր գոլերի հաշիվն «Ալաշկերտում»: Հետաքրքիր է, որ նախորդ հաղթանակն «Ալաշկերտի» օգտին գրանցվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին հենց ԲԿՄԱ-ի հետ կայացած խաղում՝ 2-0:

3. Մինչև ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը, ԲԿՄԱ-ին մեկ անգամ էր հաջողվել առաջնությունում հաղթել «Ալաշկերտին»: Դա տեղի էր ունեցել 2023թ. մայիսի 16-ին «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում՝ 2-1: Բանակայինների հաղթանակն ապահովել էին Գրենիկ Պետրոսյանի և Դանիել Աղբալյանի խփած գոլերը:

Դրանից հետո մրցակիցների միջև կայացած 4 խաղերից 3-ում հաղթել էին ալաշկերտցիները, մեկում գրանցվել էր ոչ-ոքի: Ընդ որում ԲԿՄԱ-ին 499 րոպե շարունակ չէր հաջողվել գրավել մրցակցի դարպասը:

Եվ միայն ընթացիկ առաջնության առաջին շրջանի խաղում ԲԿՄԱ-ին հաջողվեց 2-րդ անգամ հաղթել «Ալաշկերտին»՝ վերջ դնելով 555 րոպե տևած գոլային երաշտին:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

ԲԿՄԱ՝ Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան, Դանիել Աղբալյան - 2-ական գոլ:

«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան, Դավիթ Խուրցիձե - 4-ական գոլ:

5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի ալաշկերտցի Բենիկ Հովհաննիսյանը:

«Վան» - «Փյունիկ»

Մայիսի 23, ժամը՝ 16:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

17 խաղ, «Վանը» հաղթել է 3 անգամ, «Փյունիկը»՝ 11, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 8-37

1-ին շրջան. 06.10.2024  «Վան» - «Փյունիկ»՝ 1-3 (0-2) 

Գոլերը՝ 0-1՝ Ագդոն Մենեզես 32', 0-2՝ Խոսե Կառաբալյո 45՛, 0-3՝ Խամես Սանթոս 77՛, 1-3՝ Կաջալի Դրամե 86՛:

2-րդ շրջան. 28.10.2024  «Փյունիկ» - «Վան»՝ 1-0 (1-0) 

Գոլը՝ 1-0՝ Խամես Սանթոս 13՛:

72-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոն չիրացրեց 11մ հարվածը (Դանիիլ Պոլյանսկին հետ մղեց գնդակը):

«Վան»՝ 5-րդ տեղ (46 միավոր), «Փյունիկ»՝ 4-րդ տեղ (53 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Սպասվում էր, որ այս խաղում թեժ մրցակցություն է ընթանալու մրցակիցների միջև Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրի համար: Սակայն ֆուտբոլասերների սպասելիքները չարդարացան: Նախորդ տուրում «Փյունիկը» 5-2 հաշվով հաղթելով «Արարատին», նվաճեց ուղեգիրը: Վերջին 4 մրցաշրջաններում առաջին անգամ «Փյունիկն» առանց մեդալների կմնա՝ առաջնությունն ավարտելով 4-րդ տեղում: Այնպես որ փյունիկցիների համար առաջնության վերջին խաղն այլևս ոչինչ չի փոխի:

2. «Վանն» էլ անկախ առաջնության ավարտական երկու խաղերի արդյունքներից, մրցաշարը կավարտի 5-րդ տեղում՝ կրկնելով 2022/23թթ. մրցաշրջանում ցույց տված իր լավագույն ցուցանիշը: Վահե Գևորգյանի գլխավորած թիմը կարող էր Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր նվաճել, եթե գարնանային հատվածում միավորների զգալի կորուստ չունենար:  

Առաջնության վերջին 5 խաղերում «Վանը» նույնքան միավոր վաստակեց՝ միակ հաղթանակը տոնելով մայիսի 12-ին «Գանձասարի» հետ անցկացրած իր վերջին խաղում՝ 2-1: 

3. «Փյունիկն» առաջնությունում զգալի առավելության է հասել «Վանի» նկատմամբ՝ աչքի ընկնելով բարձր արդյունավետությամբ: Փյունիկցիներին հաջողվել է 5 անգամ խոշոր հաշվով հաղթել «Վանին»: Ամենախոշոր հաշիվը գրանցվել է 2023թ. նոյեմբերի 2-ին Երևանում կայացած խաղում՝ 6-0: Ի դեպ, դա Հայաստանի առաջնություններում «Վանի» կրած ամենախոշոր հաշվով պարտություններից մեկն է:

4. «Վանի» նկատմամբ 2-րդ շրջանի խաղում տարած հաղթանակը 100-րդն էր Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկի» անցկացրած պաշտոնական մրցումներում:  

5. «Վանի» դարպասը գրավելու դեպքում Յուսուֆ Օտուբանջոն Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 80-րդ գոլը կխփի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Վան»՝ Ջոսուե Գաբա - 2 գոլ:

«Փյունիկ»՝ Յուսուֆ Օտուբանջո - 10 գոլ:

«Արարատ» - «Ուրարտու»

Մայիսի 24, ժամը՝ 16:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

87 խաղ, «Արարատը» հաղթել է 18 անգամ, «Ուրարտուն»՝ 42, գրանցվել է 27 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 81-124

1-ին շրջան. 06.10.2024  «Արարատ» - «Ուրարտու»՝ 0-1 (0-0)

Գոլը՝ 0-1՝ Իվան Իգնատև 60՛ (11մ):

2-րդ շրջան. 26.10.2024  «Ուրարտու» - «Արարատ»՝ 1-0 (1-0)

Գոլը՝ 1-0՝ Էրիկ Սիմոնյան 35՛:  

«Արարատ»՝ 8-րդ տեղ (32 միավոր), «Ուրարտու»՝ 3-րդ տեղ (59 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության վերջնագծում 6-րդ տեղի համար պայքարող «Արարատը» մրցում է առաջատար հնգյակում տեղ զբաղեցնող թիմերի հետ: Նախ արարատցիները 0-3 հաշվով պարտվեցին «Նոային», ապա հաղթեցին «Վանին» (2-1), նախորդ տուրում էլ զիջեցին «Փյունիկին» (2-5):

Արարատցիները նաև մեկ հետաձգված խաղ ունեին «Գանձասարի» հետ, որը կայացել էր փետրվարի 28-ին ու մեկնարկից մի քանի րոպե անց ընդհատվել էր ֆուտբոլասերների բողոքի ակցիայի պատճառով ու չէր շարունակվել: Օրերս ՀՖՖ կարգապահական կոմիտեն այդ խաղում «Արարատին» 3-0 հաշվով տեխնիկական հաղթանակ էր շնորհել, գտնելով, որ խաղը չի շարունակվել «Գանձասարի» պատճառով:

Վաստակած 3 միավորը զգալիորեն մեծացրեց 6-րդ տեղը զբաղեցնելու «Արարատի» հնարավորությունները, սակայն թիմին երկու դժվարին խաղ է սպասվում «Ուրարտուի» և «Արարատ-Արմենիայի» հետ:  

2. Նախորդ տուրում «Ուրարտուն» արժանի դիմադրություն ցույց տվեց «Նոային»՝ գրանցելով գերարդյունավետ ոչ-ոքի՝ 3-3: Ճիշտ է, 2 թանկարժեք միավորի կորուստը կարող է թիմի համար վճռորոշ լինել արծաթե մեդալների համար մղվող պայքարում: «Ուրարտուն» 4 միավորով է զիջում «Արարատ-Արմենիային»: «Նոայի» դարպասը Խարիտոն Այվազյանի խփած գոլը ՀՀ առաջնություններում «Ուրարտուի» հոբելյանական՝ 1400-րդ գնդակն էր:

«Ուրարտուն» միակ թիմն է, որն ընթացիկ առաջնությունում հավասար ցուցանիշներ է գրանցել «Նոայի» հետ հանդիպումներում: Մրցակիցներից յուրաքանչյուրը մեկական հաղթանակ է տոնել միևնույն 2-1 հաշվով: Առաջնության վերջին 6 հանդիպումներում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմն անպարտելի է՝ վաստակելով 12 միավոր:

3. Նախորդ երկու մրցաշրջաններում մրցակիցների միջև կայացած առաջնության 8 հանդիպումներում «Արարատն» այդպես էլ գեթ մեկ հաղթանակ չտոնեց՝ կրելով 3 պարտություն, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի: Ընթացիկ առաջնության 2 խաղերում էլ հաջողությունն ուղեկցել է «Ուրարտուին», ընդ որում «Արարատին» չի հաջողվել գոլ խփել:

Վերջին հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ արարատցիները տարել են 2022թ. ապրիլի 28-ին կայացած արտագնա խաղում (2-1):

4. «Արարատում» առավել արդյունավետ են գործել 6-ական գոլ խփած Մուսա Կանտեն և Իլարիոն Գուռը, որը ձմռանը հեռացել էր թիմից:

Թեև Իվան Իգնատևը գարնանն «Ուրարտուի» կազմում հանդես չի գալիս, սակայն շարունակում է 13 գնդակով գլխավորել թիմի լավագույն ռմբարկուների ցանկը: 2-րդ ցուցանիշն ունի Կարեն Մելքոնյանը, որը նախորդ տուրում 9-րդ գոլը խփեց ու հավասարվեց մինչև այդ ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստ Արայիկ Էլոյանին:

Կարեն Մելքոնյանն առաջնության 3-րդ անընդմեջ խաղում խաղադաշտից չհեռացավ առանց գոլի՝ ընդհանուր առմամբ 5 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Հիշեցնենք, որ նա «Վեստ Արմենիայի» հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ»՝ Վահե  Յաղմուրյան - 5 գոլ:

«Ուրարտու»՝ Սամվել Մելքոնյան, Արսեն Բալաբեկյան - 5-ական գոլ:

«Ուրարտուի» կազմում խաղին չի մասնակցի 5-րդ զգուշացումը ստացած Ալեֆ Սանթոսը:   

«Նոա» - «Արարատ-Արմենիա»

Մայիսի 24, ժամը՝ 19:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

25 խաղ, «Նոան» հաղթել է 7 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 14, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 23-44

2-րդ շրջան.  28.10.2024  «Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 0-1 (0-1)

Գոլը՝ 0-1՝ Հելդեր Ֆեռեյրա 19՛:

1-ին շրջան. 04.12.2024  «Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 2-1 (2-1)

Գոլերը՝ 1-0՝ Խոսե Բուենո 8՛, ինքնագոլ, 1-1՝ Տենտոն Յենե 35՛, 2-1՝ Իմրան Օմար 45+9՛:

«Նոա»՝ 1-ին տեղ (72 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (63 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Հայաստանի նորընծա չեմպիոնի և գավաթակրի կարգավիճակով իր առաջին խաղում «Նոան» «Ուրարտուի» կողմից լուրջ դիմադրության հանդիպեց: Չափազանց լարված ու անզիջում պայքարում ընթացած խաղում 3-3 հաշվով  գերարդյունավետ ոչ-ոքի գրանցվեց: Դա առաջատար հնգյակում գտնվող թիմերի հետ չեմպիոնի 3-րդ անընդմեջ խաղն էր: Մինչև այդ «Նոան» ոչ-ոքի էր խաղացել «Վանի» հետ (2-2) և հաղթել էր «Փյունիկին» (2-1):

2. ԲԿՄԱ-ի հետ նախորդ տուրի խաղում «Արարատ-Արմենիան» 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ տոնելով խոշոր հաշվով 3-րդ անընդմեջ հաղթանակը, որը 10-րդն էր ընթացիկ առաջնությունում: Հայաստանի կրկնակի չեմպիոնը կրկնեց իր թիմային ռեկորդը, որը գրանցել էր 2022/23թթ. առաջնության 36 հանդիպումներում: Ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիան» 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հիանալի է խաղում առաջնության գարնանային հատվածում՝ անցկացրած 10 հանդիպումներում վաստակելով 25 միավոր: 3 միավոր էլ թիմին գրանցվել է «Վեստ Արմենիայի» հետ չկայացած խաղում: Վերջին 9 խաղերում «Արարատ-Արմենիան» անպարտելի է: Վերջին պարտությունը թիմը կրել է փետրվարի 25-ին «Ուրարտուից» (1-2):

3. Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցները 4-րդ անգամ են հանդիպելու: Բոլոր 3 խաղերում էլ, ներառյալ գավաթի եզրափակիչը, հաղթել է «Նոան»: Մինչդեռ մինչև 2021/22թթ. առաջնության 4-րդ շրջանի հանդիպումն «Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբի միակ թիմն էր, որին «Նոան» Fastex Պրեմիեր լիգայում դեռ չէր հաղթել: Անցկացված 14 հանդիպումներից 10-ում հաջողությունն ուղեկցել էր «Արարատ-Արմենիային», 4-ում գրանցվել էր ոչ-ոքի:

Եվ ահա 2022թ. մայիսի 9-ին կայացած խաղում «Նոան» վերջապես ընդհատեց տխուր ավանդույթը: Հանդիպման 3-րդ րոպեին Դմիտրի Լավրիշչևի խփած միակ գոլը «Նոային» հաղթանակ պարգևեց, որը կարելի է պատմական համարել: Իսկ «Արարատ-Արմենիայի» համար այդ պարտությունը փաստորեն ճակատագրական եղավ «Փյունիկի» հետ չեմպիոնական մրցավազքում: Այդ հաղթանակը միակն էր Fastex Պրեմիեր լիգայում մրցակիցների միջև անցկացված 18 հանդիպումներում:

Իսկ ահա մրցակիցների միջև անցկացված առաջնության վերջին 5 հանդիպումներում էլ հաղթել է «Նոան»: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Արարատ-Արմենիան» տարել է 2023թ. սեպտեմբերի 15-ին՝ 4-3:

4. Իսկ պաշտոնական մյուս մրցաշարերում «Նոային» 3 անգամ հաջողվել է առավելության հասնել «Արարատ-Արմենիայի» նկատմամբ ու տիտղոսներ նվաճել:  2019/20թթ. Հայաստանի գավաթի խաղարկությունում «Նոան» գերարդյունավետ եզրափակչում (5-5) հետխաղյա 11մ հարվածներով 7-6 հաշվով հաղթելով «Արարատ-Արմենիային», նվաճել է պատվավոր մրցանակը: 

2020թ. մրցակիցների միջև կայացած Սուպերգավաթի մրցավեճում էլ հաջողությունն ուղեկցել է «Նոային», որը լրացուցիչ ժամանակում հաղթել է 2-1 հաշվով: Գավաթի ավարտված խաղարկությունում էլ կրկին հաջողությունն ուղեկցեց Ռուի Մոտայի գլխավորած թիմին (3-1):

5. ԲԿՄԱ-ի հետ նախորդ տուրի խաղում Տենտոն Յենեն հայկական  ակումբներում բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 50-րդ գոլը խփեց: Դա ընթացիկ առաջնությունում նիգերիացի ֆուտբոլիստի 16-րդ գոլն էր, որի շնորհիվ նա գլխավորեց «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուների ցանկը՝ շրջանցելով Մարիուս Նուբիսիին:

Եթե Տենտոնին հաջողվի գրավել «Նոայի» դարպասը, ապա մեկ մրցաշրջանի արդյունավետության անձնական ռեկորդ կսահմանի: Դա կլինի առաջնության գարնանային հատվածում 25-ամյա Տենտոնի 8-րդ գոլը, որի շնորհիվ նա կգերազանցի թիմի նախկին հարձակվող Ուիլֆրեդ Կուասի Էզայի և իր ներկայիս խաղընկեր Ջոնաթան Դուարտեի արդյունավետության տարիքային ռեկորդը, որոնք այդ տարիքում 7-ական գոլ էին խփել:

6. Հանդիպումից հետո տեղի կունենա «Նոայի» պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Թիմին կհանձնվի չեմպիոնական գավաթը, իսկ ֆուտբոլիստներն ու մարզչական կազմը կպարգևատրվեն ոսկե մեդալներով:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Մաքսիմ Մայրովիչ, Փոլ Գլադոն - 2-ական գոլ:

«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 5 գոլ:

Այս խաղն էլ բաց կթողնեն մինչև մրցաշրջանի ավարտը որակազրկված Գոնսալու Գրեգորիուն և  Խամես Սանթոսը:

fastnews-ads-banner