Logo

Fastex Պրեմիեր լիգա. 22-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:55 / 08.03.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Մարտի 8-ին կմեկնարկի Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրը, որով կավարտվի առաջնության 2-րդ շրջանը:

FastNews-ը ներկայացնում է 22-րդ տուրի հանդիպումների անոնսը։

«Ալաշկերտ» - «Արարատ»

Մարտի 8, ժամը՝ 14:00, Արմավիր, Հակոբ Տոնոյանի անվան քաղաքային մարզադաշտ

48 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 30 անգամ, «Արարատը»՝ 11, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 77-50

1-ին շրջան. 03.08.2024 «Արարատ» - «Ալաշկերտ»՝ 2-0 (1-0)

Գոլերը՝ 1-0՝ Կասիմ Հաջի 45՛, Իլարիոն Գուռ 72՛:

«Ալաշկերտ»՝ 10-րդ տեղ (14 միավոր) «Արարատ»՝ 9-րդ տեղ (15 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Առաջնության գարնանային հատվածում էլ «Ալաշկերտին» միավորները դժվարությամբ են տրվում: Նախ թիմը զիջեց «Փյունիկին», ապա ոչ-ոքի խաղաց «Վանի» հետ: Իսկ մինչև այդ էլ «Ալաշկերտը» դուրս մնաց Հայաստանի գավաթի խաղարկությունից՝ 1/8 եզրափակչում 0-2 հաշվով պարտվելով «Նոային»:

Առաջնության վերջին 7 հանդիպումներում ալաշկերտցիները հաղթանակ չեն տոնել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: Վերջին անգամ նրանք հաղթանակի բերկրանքը վայելել են անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին՝ 2-0 հաշվով պարտության մատնելով ԲԿՄԱ-ին:

2. Տարբեր պատճառներով «Շիրակի» և «Գանձասարի» հետ նշանակված առաջնության հանդիպումները հետաձգվեցին, որի հետևանքով «Արարատը» 2025թ. դեռ պաշտոնական խաղ չի անցկացրել: Առաջնությունում վերջին խաղը կայացել է անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին, որում արարատցիները 2-3 հաշվով պարտվել են «Վեստ Արմենիային»:

«Արարատն» ընթացիկ առաջնությունը հաջող էր սկսել՝ 6 հանդիպումներում վաստակած 13 միավորով հանդիսանալով 4 առաջատարներից մեկը, կրելով ընդամենը մեկ պարտություն:

Սակայն հաջող մեկնարկին հետևեց 7 անընդմեջ պարտությունների և առանց հաղթանակի 11 խաղերի շարքը, 479 րոպե տևած գոլային երաշտը, ինչի արդյունքում արարատցիները նահանջեցին 9-րդ հորիզոնական: Վերջին հաղթանակն առաջնությունում արարատցիները տոնել են անցյալ տարվա սեպտեմբերի 15-ին՝ 2-1 հաշվով պարտության մատնելով «Նոային»:

3. Առաջնության առաջին շրջանում «Ալաշկերտի» նկատմամբ տարած հաղթանակով «Արարատն» ընդհատել էր մրցակցի հետ նախորդ 5 խաղերում կրած պարտությունների շարքը: Մինչև այդ, վերջին անգամ «Արարատն» «Ալաշկերտին» հաղթել էր 2022թ. դեկտեմբերի 4-ին կայացած մրցավեճում՝ 1-0:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան - 17 գոլ:

«Արարատ»՝ Ալեքսանդր Ռակիչ - 6 գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի «Վեստ Արմենիայի» հետ խաղում խաղադաշտից հեռացված «Արարատի» ավագ Գոռ Մալաքյանը:

«Շիրակ» - ԲԿՄԱ

Մարտի 8, ժամը՝ 18:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

9 խաղ, «Շիրակը» հաղթել է 6 անգամ, ԲԿՄԱ -ն՝ 1, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 10-3

1-ին շրջան. 02.08.2024 ԲԿՄԱ - «Շիրակ»՝ 0-2 (0-0)

Գոլերը՝ 0-1՝ Լյովա Մրյան 56՛, 0-2՝ Ռազմիկ Հակոբյան 72՛:

«Շիրակ»՝ 6-րդ տեղ (24 միավոր), ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (20 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության գարնանային հատվածը «Շիրակը» սկսեց հյուրընկալվելիս «Նոայից» 0-4 հաշվով կրած պարտությամբ: Դա ընթացիկ առաջնությունում շիրակցիների 2-րդ անընդմեջ պարտությունն էր: Այդ խաղերում գյումրեցիներին չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը:

2. ԲԿՄԱ-ն ևս առաջնության գարնանային հատվածում պարտությամբ մեկնարկեց՝ մրցակցի դաշտում նվազագույն հաշվով զիջելով «Վեստ Արմենիային»: Ընդհատվեց բանակայինների անպարտելի 3 խաղերի շարքը, որում նրանք 7 միավոր էին վաստակել («Վան»՝ 3-2, «Արարատ»՝ 1-1, «Գանձասար»՝ 2-1):

3. «Շիրակն» առաջնության հանդիպումներում մեծ առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ՝ վերջին 4 խաղերում վաստակելով 10 միավոր: Ընդ որում նախորդ 3 խաղերում բանակայիններին չի հաջողվել գրավել «Շիրակի» դարպասը: Միակ հաղթանակը ԲԿՄԱ-ն տարել է մրցակիցների 5-րդ հանդիպման ժամանակ՝ 2023թ. օգոստոսի 11-ին Գյումրիում կայացած խաղում: Հյուրերի հաղթանակն ապահովել էր «Շիրակի» ավագ Հրայր Մկոյանի ինքնագոլը:

4. Եթե Մորի Կոնեին հաջողվի գրավել ԲԿՄԱ-ի դարպասը, ապա «Շիրակի» կազմում պաշտոնական մրցումներում 31-րդ գոլը կխփի ու կդառնա թիմի պատմության ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը: Նա կգերազանցի Մուսա Փոլ Բակայոկոյի ռեկորդային ցուցանիշը, որի հաշվին 30 գոլ է գրանցված:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում ԲԿՄԱ-ի ավագ Արգիշտի Պետրոսյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 250-րդ խաղը կանցկացնի:

6. Լյովա Մրյանի համար էլ ԲԿՄԱ-ի հետ մրցավեճը կլինի 100-րդը Fastex Պրեմիեր լիգայում:

Դիմակայության լավագույն ռմբարկուն

«Շիրակ»՝ Լյովա Մրյան – 4 գոլ:

ԲԿՄԱ-ից խաղը բաց կթողնի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Էդիկ Վարդանյանը:

«Փյունիկ» - «Ուրարտու»

Մարտի 9, ժամը՝ 16:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

100 խաղ, «Փյունիկը» հաղթել է 50 անգամ, «Ուրարտուն»՝ 24, գրանցվել է 26 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 170-104

1-ին շրջան. 05.08.2024 «Ուրարտու» - «Փյունիկ»՝ 0-0

«Փյունիկ»՝ 3-րդ տեղ (40 միավոր), «Ուրարտու»՝ 2-րդ տեղ (41 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Փյունիկը» խնդիրներ չունեցավ «Լեռնային Արցախի» հետ կայացած գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղում, թեև կազմից բացակայում էին թիմի մի խումբ առանցքային ֆուտբոլիստներ: Հաղթելով 7-2 հաշվով, փյունիկցիները գործնականում լուծեցին կիսաեզրափակչի ուղեգրի նվաճման հարցը: Դուբլի հեղինակ դարձած Լևոն Պետրոսյանը, Մատաս Վարեյկան, Տիգրան Գևորգյանն ու Պետրոս Ալեքյանը բացեցին գավաթի մրցաշարում գոլերի հաշիվը «Փյունիկում»:

Իսկ ահա առաջնությունում «Փյունիկը» նախորդ տուրում անչափ կարևոր 3 միավոր կորցրեց «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում՝ պարտվելով 1-2 հաշվով:

2. Իսկ ահա «Ուրարտուի» համար անհաջող դասավորվեց «Արարատ-Արմենիայի» հետ գավաթային հանդիպումը, որում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը պարտվեց նվազագույն հաշվով: Մինչդեռ առաջնության գարնանային հատվածի մեկնարկային տուրում «Ուրարտուն» «Արարատ-Արմենիային» հաղթել էր 2-1 հաշվով:

3. Անցյալ տարվա օգոստոսի 5-ին կայացած առաջնության մեկնարկային տուրի հանդիպումը հոբելյանական՝ 100-րդն էր մրցակիցների միջև: Վերջին 5 խաղերից 2-ում հաղթել է «Փյունիկը», 3-ում գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Ուրարտուն» տարել է 2023թ. հունիսի 2-ին կայացած խաղում, որում ավելացված ժամանակում Եվգենի Ցիմբալյուկի խփած միակ գոլը ոչ միայն վճռեց հանդիպման ելքը, այլև չեմպիոնի տիտղոսին արժանացրեց Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմին:

4. Գոլ խփելու դեպքում «Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն պատմական նվաճման կհասնի: Դա կլինի նիգերիացի ֆուտբոլիստի 87-րդ գոլն ակումբային բոլոր մրցաշարերում, որի շնորհիվ նա կգերազանցի բրազիլացի Մարկոս Պիզելիին ու կդառնա Հայաստանում հանդես եկած ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Միխայիլ Կովալենկոն պաշտոնական մրցումներում «Փյունիկի» կազմում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան - 9 գոլ:

«Ուրարտու»՝ Արամ Հակոբյան, Սամվել Մելքոնյան - 6-ական գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված փյունիկցի Բրայան Ալսեուսը: «Ուրարտուի» կազմում 5-րդ զգուշացման պատճառով կբացակայեն Ժիրայր Մարգարյանն ու Էրիկ Սիմոնյանը:

«Գանձասար» - «Նոա»

Մարտի 10, ժամը՝ 15:30, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

1 խաղ, որում հաղթել է «Նոան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-7

1-ին շրջան. 08.12.2024 «Նոա» - «Գանձասար»՝ 7-0 (3-0)

Գոլերը՝ 1-0-3-0` Էրալդ Չինարի 6՛, 11՛, 29՛, 4-0՝ Արտյոմ Ավանեսյան 52՛, 5-0՝ Զավեն Խուդավերդյան 67՛, 6-0-7-0՝ Գոնսալո Գրեգորիո 77՛, 86՛:

«Գանձասար»՝ 11-րդ տեղ (2 միավոր), «Նոա»՝ 1-ին տեղ (46 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Մրցակիցների միջև 4 օր առաջ կայացած գավաթային խաղում «Նոան» 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ: Մինչև այդ էլ առաջնությունում մրցակիցների առաջին ծանոթությունն ավարտվել էր Ռուի Մոտայի գլխավորած թիմի ջախջախիչ հաղթանակով՝ 7-0:

«Նոան» գերազանց է սկսել նաև առաջնության երկրորդ հատվածը՝ միևնույն 4-0 հաշվով պարտության մատնելով «Վեստ Արմենիային» և «Շիրակին»: Այդ հանդիպումներում խփելով 3 գոլ, Գոնսալո Գրեգորիոն 15 գնդակով միանձնյա գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

2. «Գանձասարն» այս հանդիպումով սկսում է ելույթներն առաջնության գարնանային հատվածում, քանի որ տարբեր պատճառներով «Վանի» և «Արարատի» հետ նշանակված առաջնության հանդիպումները հետաձգվել էին: Վերջին խաղն առաջնությունում գանձասարցիներն անցկացրել են հենց «Նոայի» հետ:

3. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Գրենիկ Պետրոսյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուն

«Նոա»՝ Էրալդ Չինարի – 3 գոլ:

«Արարատ-Արմենիա» - «Վան»

Մարտի 10, ժամը՝ 18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

16 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 13 անգամ, «Վանը»՝ 3, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 38-10

1-ին շրջան. 04.08.2024 «Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 0-2 (0-1)

Գոլերը՝ 1-0՝ Ջոնաթան Դուարտե 32՛, Ալեքսիս Ռոդրիգես 68՛, 11մ:

«Արարատ-Արմենիա»՝ 4-րդ տեղ (38 միավոր), «Վան»՝ 5-րդ տեղ (30 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» իր տիտղոսի պաշտպանության համար առաջին խաղը հաջողությամբ պսակեց՝ նվազագույն հաշվով հաղթելով «Ուրարտուին»: Գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպման ելքը վճռեց Տենտոն Յենեի դիպուկ իրացրած 11մ հարվածը:

Առաջնության նախորդ տուրն էլ հաջող էր Հայաստանի կրկնակի չեմպիոնի համար, որը «Փյունիկի» հետ սկզբունքային մրցավեճում 2-1 հաշվով հաղթանակ տոնեց:

2. «Վանը» շարունակեց իր հաղթարշավը գավաթի ընթացիկ խաղարկությունում՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Վեստ Արմենիայի» դարպասը: Հետաքրքիր է, որ գավաթային նախորդ երկու խաղերում էլ «Վանը» հաղթել էր միևնույն 3-0 հաշվով:

Իսկ ահա առաջնությունում «Վանը» նախորդ տուրում կարևոր 2 միավոր կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով «Ալաշկերտի» հետ: Չարենցավանի թիմի համար այս հանդիպումը հոբելյանական՝ 150-րդն է Fastex Պրեմիեր լիգայում:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության հանդիպումներում դեռևս ոչ-ոքի արդյունք չի գրանցվել: «Արարատ-Արմենիան» մեծ առավելության է հասել «Վանի» նկատմամբ: Վերջին 10 հանդիպումներից 9-ն ավարտվել են «Արարատ-Արմենիայի» հաղթանակով: Միակ հաղթանակը «Վանի» օգտին գրանցվել է անցյալ տարվա մարտի 3-ին Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում՝ 2-0:

4. Եթե Ջոնել Դեսիրեին հաջողվի բացել գոլերի հաշիվը «Վեստ Արմենիայի» կազմում, ապա կխփի Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 50-րդ գնդակը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ-Արմենիա»՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա, Ջոնաթան Դուարտե, Արթուր Սերոբյան - 5-ական գոլ:
 

fastnews-ads-banner