«Կինո Մոսկվայում» տեղի ունեցավ «Ֆուլ հաուս. Վայրէջք» գեղարվեստական ֆիլմի մեծ պրեմիերան: Տարիներ անց սիրված և ճանաչված սիթքոմը վերադարձել է նոր ձևաչափով՝ որպես լիամետրաժ ֆիլմ՝ դառնալով նախադեպ հայկական ֆիլմարտադրության համար:
Քաջածանոթ հերոսներն այս անգամ վերադառնում են ամբողջովին նոր պատմությամբ և նոր ասելիքներով: Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի համար պրեմիերայի օրը «Վերջին զանգ»-ի պես հուզիչ էր.
«Քանի որ պատմության մեջ առաջին սիթքոմն է, որ բարձրանում է մեծ էկրան, մի փոքր ավելի է դժվարանում աշխատանքը: Պետք էր այնպես անել, որ ֆիլմը չկրկնի սիթքոմի բովանդակությունը: Ֆիլմում չեք տեսնի ուղիղ կատակներ, ավելի շատ հումորային իրավիճակներ են, քանի որ ուզում ենք այն ընկալվի ոչ միայն հումորային, այլ նաև զգացմունքային և դրամատիկ ֆիլմ»:

Ֆիլմի նկարահանումներին մասնակցել է ամբողջ դերասանական կազմը բացառությամբ Քրիստինե Եղոյանից, քանի որ դերասանուհին բնակվում է ԱՄՆ-ում և չի կարողացել գալ Հայաստան: Դերասանական կազմին այս անգամ միացել են՝ Արտյոմ Կալաջյանը և Ավետ Բարսեղյանը:
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2025 թվականին Երևանում և Ստեփանավանում։ Ֆիլմի սցենարի համահեղինակներն են Գրիգոր Դնիելյանն ու Գարիկ Սեփխանյանը, ռեժիսորը Կարեն Ամյանն է:

Հիշեցնենք՝ ֆիլմում նկարահանվել են Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Աղաս Մանուկյանը, Մարջան Ավետիտյան, Մոսո Կարապետյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը և այլք:


