Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին La Repubblica-ի հետ հարցազրույցում խոստովանել է, որ գիշերները չի կարողանում քնել՝ հիշելով Նորվեգիայի հավաքականի դեմ խաղը (0-3):
«Ֆուտբոլը կործանեց իմ կյանքը: Ես ֆուտբոլն ինձնից շատ էի սիրում. հանուն ֆուտբոլի զոհաբերել եմ ինձ ամենամոտ մարդկանց:
Նորվեգիայից կրած պարտությունը չեմ կարողանում մոռանալ: Այն ինձ գիշերներն արթուն է պահում: Դա ազդում է ամեն հարցում, քանի որ մտքերս միշտ ինձ վերադարձնում են այդ պարտությանը: Երբեմն զգում եմ, որ երջանիկ եմ, բայց հետո, մի պահ հետո այդ միտքը վերադառնում է: Ես չկարողացա տղաներին հասկացնել, որ սիրում եմ նրանց:
Իմ սխալն այն էր, որ սկզբում մեծ ճնշում գործադրեցի, որ խաղացողները զգան իրենց ինքնությունը, պատկանելությունը: Յուրաքանչյուր մարզումից առաջ համախմբման կոչ էի անում, խնդրում էի՝ երգեն ազգային օրհներգը: Ցանկանում էի խթանել այդ հպարտությունը, բայց դա չափազանց շատ էր»,- ասել է Լուչանո Սպալետին:
Լուչանո Սպալետին Իտալիայի հավաքականը գլխավորել է 2023-2025 թվականներին: Նա ազգային թիմի ղեկը ստանձնել էր «Նապոլիի» հետ Սկուդետոն նվաճելուց կարճ ժամանակ անց: 2025 թվականի հունիսին 66-ամյա մասնագետը Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հորդորով հեռացել էր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:


