Հայաստանի գավաթի 34-րդ խաղարկությունը կարող էր նշանավորվել պատմական նվաճմամբ, եթե «Արարատ-Արմենիան» նվաճեր պատվավոր մրցանակը: Այդ դեպքում թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը կդառնար Հայաստանի յոթակի գավաթակիր՝ գերազանցելով Արթուր Յուզբաշյանի և Դավիթ Մանոյանի ռեկորդային ցուցանիշը: Սակայն «Նոան» խոչընդոտեց պատմական ռեկորդի գրանցմանը՝ 2-րդ անգամ արժանանալով Հայաստանի գավաթակրի տիտղոսին:
«Նոայի» ֆուտբոլիստներից գավաթի նվաճման բերկրանքը նախկինում վայելել էին միայն Օգնյեն Չանչարևիչը («Ալաշկերտում»` 2019թ.) և Արտյոմ Ավանեսյանը («Արարատ-Արմենիայում»՝ 2024թ.), որը վնասվածքի պատճառով այս տարի դեռ խաղադաշտ դուրս չի եկել: Սերբ դարպասապահը Հայաստանում 3-րդ անգամ մասնակցեց գավաթի եզրափակիչ հանդիպմանը: Առաջին եզրափակիչը 2018թ. «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում էր, որում Չանչարևիչը պաշտպանում էր «Ալաշկերտի» դարպասը:
«Նոայի» մնացած ֆուտբոլիստներն առաջին անգամ դարձան ՀՀ գավաթակիրներ: Նրանցից թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանը, ում հանձնվեց գավաթը, 2-րդ անգամ էր մասնակցում եզրափակիչ հանդիպմանը: Առաջին անգամ նա գավաթի վճռորոշ հանդիպմանը մասնակցել էր «Բանանցի» կազմում 2010թ.: Այդ խաղում «Բանանցը» 0-4 հաշվով պարտվել էր «Փյունիկին»:
Հայաստանի գավաթի խաղարկություններում առաջինը կրկնակի գավաթակիրներ են դարձել 1993 և 1994թթ. պատվավոր մրցանակը նվաճած «Արարատի» 10 ֆուտբոլիստներ՝ Արմեն Պետրոսյանը, Տիգրան Գսպեյանը, Հակոբ Մկրյանը, Լևոն Ստեփանյանը, Արամայիս Տոնոյանը, Արմեն Շահգելդյանը, Սևադա Արզումանյանը, Համլետ Մխիթարյանը, Արթուր Քոչարյանն ու Ռաֆայել Նազարյանը: Հաջորդ մրցաշրջանում նշված ֆուտբոլիստները բացի Նազարյանից, դարձան եռակի գավաթակիրներ:
Հայաստանի առաջին քառակի գավաթակիրներն են Արամայիս Տոնոյանն ու Համլետ Մխիթարյանը, որոնք այդ տիտղոսին արժանացան 1996թ. «Փյունիկում»:
1998թ. գավաթի մրցաշարերի նոր ռեկորդակիր դարձավ Տիգրան Գսպեյանը, որը «Ցեմենտի» կազմում գավաթով 5-րդ անգամ պատվո շրջան կատարեց: Նախորդ 4 մրցանակները նա նվաճել էր «Արարատի» կազմում (1993-1995, 1997թթ.):
Գսպեյանի ռեկորդը գերազանցելու համար 20 տարի պահանջվեց: 2018թ. Արթուր Յուզբաշյանը «Գանձասար-Կապանի» կազմում 6-րդ անգամ պատվո շրջան կատարեց գավաթով՝ դառնալով Հայաստանի միակ վեցակի գավաթակիրը: Նրա համար 2018թ. եզրափակիչը 6-րդն էր: Այդ ցուցանիշով նա հավասարվել էր ռեկորդակիրներին՝ Արմեն Շահգելդյանին, Արամայիս Տոնոյանին, Համլետ Մխիթարյանին, Սարգիս Հովսեփյանին և Կարեն Ալեքսանյանին: Սակայն ի տարբերություն նրանց, Յուզբաշյանի համար բոլոր 6 եզրափակիչներն էլ հաղթական են եղել:
Հետաքրքիր է, որ 2018թ. մայիսի 16-ին կայացած եզրափակչում «Գանձասար-Կապանին» պարտված «Ալաշկերտի» կազմում վճռորոշ հանդիպմանը մասնակցեց Դավիթ Մանոյանը, որը Յուզբաշյանի փոխարեն կարող էր ինքը ռեկորդակիր դառնալ, եթե ալաշկերտցիներին ուղեկցեր հաջողությունը: Եվ հենց Մանոյանի վրիպումը հետխաղյա 11մ հարվածաշարում շատ բանով կանխորոշեց գավաթի բախտն ու ֆուտբոլիստի հետագա ճակատագիրը, որը մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ «Ալաշկերտից»:
Երբ հետխաղյա 11մ հարվածաշարում հաշիվը 3-3 էր և «Ալաշկերտը» դեռ երկու 11մ հարվածի իրավունք ուներ մրցակցի մեկ հարվածի դիմաց, Մանոյանն անվստահ գործեց՝ թույլ տալով Գևորգ Կասպարովին հետ մղել գնդակը: Հետո գանձասարցի Գեղամ Հարությունյանը հաշիվը դարձրեց 4-3, իսկ Տարոն Ոսկանյանն էլ վճռորոշ պահին արժանացավ Մանոյանի ճակատագրին. Կասպարովը կրկին գերազանց խաղաց՝ հետ մղելով գնդակն ու ապահովելով իր թիմի վերջնական հաղթանակը:
Սակայն 3 տարի անց Մանոյանը կրկնեց Յուզբաշյանի պատմական ռեկորդը՝ «Արարատում» 6-րդ անգամ նվաճելով գավաթը:
Արտերկրում իր բազմամյա ելույթներն ավարտելուց հետո անցյալ տարի վերադառնալով Հայաստան, Կամո Հովհաննիսյանն «Արարատ-Արմենիայի» կազմում 6-րդ անգամ գավաթակիր դարձավ՝ կրկնելով Արթուր Յուզբաշյանի և Դավիթ Մանոյանի ռեկորդային ցուցանիշը: Ի դեպ, Յուզբաշյանն ու Մանոյանն էլ իրենց գավաթային առաջին 5 տիտղոսներն էլ նվաճել են «Փյունիկում» Հովհաննիսյանի հետ խաղալիս:
FastNews-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք 4 և ավելի անգամ դարձել են Հայաստանի գավաթակիրներ:
Գավաթակիրներ |
Գավաթ |
1. Արթուր Յուզբաշյան |
6 |
2. Դավիթ Մանոյան |
6 |
3. Կամո Հովհաննիսյան |
6 |
4.Տիգրան Գսպեյան |
5 |
5.Հակոբ Մկրյան |
5 |
6.Ռաֆայել Նազարյան |
5 |
7.Արմեն Պետիկյան |
5 |
8.Արամ Ոսկանյան |
5 |
9.Վարազդատ Հարոյան |
5 |
10.Արտակ Եդիգարյան |
5 |
11. Համլետ Մխիթարյան |
4 |
12.Արամայիս Տոնոյան |
4 |
13.Արթուր Քոչարյան |
4 |
14.Հայկ Հարությունյան |
4 |
15.Արմեն Շահգելդյան |
4 |
16.Վահագն Մինասյան |
4 |
17.Վասպուրակ Մինասյան |
4 |
18.Տարոն Ոսկանյան |
4 |
19.Հրայր Մկոյան |
4 |
20.Ղուկաս Պողոսյան |
4 |