Logo

Գոնսալու Գրեգորիուն գլխավոր ռմբարկուն է «Նոայի» պատմության մեջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:17 / 14.04.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

«Նոայի» հարձակվող Գոնսալու Գրեգորիուի ֆուտբոլային կարիերայում նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: ԲԿՄԱ-ի հետ առաջնության 26-րդ տուրի խաղում հստակ իրացնելով 11մ հարվածը, պորտուգալացի ֆուտբոլիստն ակումբային բոլոր մրցաշարերում խփած 26 գնդակով դարձավ «Նոայի» պատմության գլխավոր ռմբարկուն՝ գերազանցելով Մաքսիմ Մայրովիչի ռեկորդային ցուցանիշը: Գոլերից 19-ը Գրեգորիոն խփել է առաջնությունում, 1-ը՝ ՀՀ գավաթի մրցաշարում, 6-ը՝ Եվրագավաթներում:

«Նոայում» առաջին մրցաշրջանն անցկացնող Գրեգորիուն ռեկորդային ցուցանիշին հասավ թիմի կազմում անցկացրած պաշտոնական ընդամենը 37 հանդիպումներում: Մինչդեռ Մաքսիմ Մայրովիչն իր 25 գոլերը խփել է 2,5 մրցաշրջանի ընթացքում անցկացրած 69 խաղերում:

Պաշտոնական մրցումներում թիմի կազմում Գրեգորիուի նորամուտը հաջող ստացվեց: 2024թ. հուլիսի 11-ին Աբովյանում հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հետ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի մեկնարկային խաղի 76-րդ րոպեին փոխարինման մտնելով, Գրեգորիուն 5 րոպե անց բացեց հաշիվը՝ նպաստելով թիմի հաղթանակին (2-0):


Պորտուգալացի ֆուտբոլիստը ռմբարկուի իր հատկանիշները լիովին դրսևորեց Մալթայի «Սլիմա Ուոնդերերսի» հետ կայացած Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի խաղում՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Հետագայում նա մեկական անգամ գրավեց հունական ԱԵԿ-ի և Սլովակիայի «Ռուժոմբերոկի» դարպասները:

Գրեգորիուն հայկական ակումբներում հանդես եկած ֆուտբոլիստների մեջ Եվրագավաթների մեկ խաղարկությունում արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց՝ դառնալով 6 գոլի հեղինակ: Նա գերազանցեց «Բանանցի» ռմբարկու Արամ Հակոբյանի, «Արարատ-Արմենիայի» հարձակվող Անտոն Կոբյալկոյի և ալաշկերտցի Ժոզե Էմբալուի մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը, որոնք 4-ական գոլ էին խփել:

Fastex Պրեմիեր լիգայում էլ Գոնսալու Գրեգորիուն նորամուտը գոլով նշեց՝ անցյալ տարվա օգոստոսի 11-ին Գյումրիում կայացած հանդիպման 2-րդ րոպեին գրավելով Դարկո Վուկաշինովիչի պաշտպանած դարպասը: Առաջնության աշնանային հատվածում Գրեգորիուն 12 գոլ խփեց և ընդամենը մեկ գնդակով էր զիջում ռմբարկուների առաջատար, «Ուրարտուի» հարձակվող Իվան Իգնատևին:

Դեկտեմբերի 15-ին «Վեստ Արմենիայի» հետ կայացած առաջնության մրցավեճում Գրեգորիուն ընթացիկ առաջնության մեկ խաղի արդյունավետության ռեկորդ սահմանեց՝ դառնալով ֆուտբոլային պոկերի հեղինակ: Առաջնությունում նրան արդյունավետ 5 խաղերի շարք հաջողվեց, որի ընթացքում 11 գոլ խփեց: Ցավոք, այդ շարքն ընդհատվեց «Շիրակի» հետ մարտի 29-ին կայացած խաղում, որում Գոնսալոն չկարողացավ դիպուկ իրացնել 11մ երկու հարվածները:

Առաջնության գլխավոր ռմբարկուն զգալիորեն գերազանցում է իրեն հետապնդողներին, ուստի կասկած չկա, որ կարժանանա «Ոսկե խաղակոշիկին»: Գրեգորիուն կարող է դառնալ նաև Fastex Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակով «Նոայի» պատմության գլխավոր ռմբարկուն՝ գերազանցելով նախորդ առաջնությունում 23 գոլի հեղինակ դարձած Արթուր Միրանյանին: Դրա համար պորտուգալացի ֆուտբոլիստին անհրաժեշտ կլինի առաջնության մնացած 7 հանդիպումներում ընդամենը 5 գոլ խփել:

Այդ դեպքում Գրեգորիուն ոչ միայն կգերազանցի Միրանյանին, այլև մեկ մրցաշրջանի արդյունավետության նոր ռեկորդ կսահմանի Հայաստանում հանդես եկած լեգեոնականների շրջանում: Ներկայումս ռեկորդը պատկանում է շիրակցի Մորի Կոնեին, որը 2019/20թթ. առաջնությունում «Շիրակում» 23 գոլ է խփել:

FastNews-ը ներկայացնում է ակումբային բոլոր մրցաշարերում «Նոայի» պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկը: Քանի որ Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումներում նշված ֆուտբոլիստները թիմի կազմում գոլ չեն խփել, ուստի ցանկում այդ սյունը բացակայում է:

Ֆուտբոլիստներ

Ա

Գ

Ե

ԸՆԴ

1.Գոնսալու Գրեգորիու

19

1

6

26

2Մաքսիմ Մայրովիչ

26

3

-

25

3Արթուր Միրանյան

23

1

-

24

4. Վլադիմիր Ազարով

14

3

-

17

5. Մաթեուս Այաս

8

2

6

16

6Էրալդ Չինարի

13

1

1

15

7Պետրոս Ավետիսյան

9

2

-

11

8. Հելդեր Ֆեռեյրա

7

-

2

9

9. Էդգար Մովսեսյան

9

-

-

9

10Փոլ Գլադոն

9

-

-

9

fastnews-ads-banner