«Արարատի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը տեսաուղերձով հայտնել է կարիերան ավարտելու մասին.
«Սիրելի ֆուտբոլասերնե՛ր, ուզում եմ տեղեկացնել, որ ֆուտբոլային կարիերաս ավարտելու որոշում եմ կայացրել։ Իմ կյանքում նոր փուլ է սկսվում. մարզչական գործունեություն եմ սկսում։
Ինչպես գիտեք, վերջին 4 տարիներին հանդես եմ եկել «Արարատում»։ Շնորհակալ եմ թիմի ղեկավարներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին և ամբողջ անձնակազմին։ «Արարատին» հաջողություն եմ մաղթում հետագայում։
Կուզեմ նաև շնորհակալությունս հայտնել ֆուտբոլային հանրության այն մարդկանց, որոնք կան իմ սրտում։ Դրանց թվում են մարզիչներ, ֆուտբոլիստներ և ղեկավարներ։
Կյանքում լինում են իրավիճակներ, երբ պետք է ճիշտ կողմնորոշվես ու որոշում կայացնես։ Կարծում եմ` իմ որոշումը ճիշտ էր, քանի որ գիտակցաբար եմ եկել այս քայլին։
Վերջում կուզեմ ավելացնել, որ մաքուր խղճով եմ հեռանում, բայց վստահ եմ և համոզված, որ մեծ հաղթանակները դեռ առջևում են»,- ասել է Մաքյանը։
31-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի շտաբում։
Մալաքյանն «Արարատի» կազմում հանդես էր գալիս 2021թ. հուլիսից, 119 խաղում խփել է 3 գոլ, կատարել 6 ասիստ։ Նախկինում նա խաղացել է նաև «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», «Շիրակում», «Ալաշկերտում», ուկրաինական «Ստալում»։
Գոռ Մալաքյանը 2016-19թթ. հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, մասնակցել է 16 հանդիպման։


