Logo

Հաղթանակ հոբելյանական խաղում, «Արարատ-Արմենիայի» ուշագրավ ցուցանիշը. Fastex Պրեմիեր լիգայի 4-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:52 / 25.08.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Առաջնության 4-րդ տուրի հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն հաստատվեց: 7-ական միավորով առաջատարները «Փյունիկը» և «Ուրարտուն» են:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տարան 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտվեց ոչ-ոքի: Դաշտի տերերից միակ միավորը վաստակեց ԲԿՄԱ-ն՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Գանձասարի» հետ: Խփվեց ընդամենը 4 գոլ, որոնց հեղինակները հյուրերի ֆուտբոլիստներն էին:
Առաջնությունում անցկացված 16 հանդիպումներում դաշտի տերերը 5 հաղթանակ են տարել, նույնքան խաղում գրանցվել է ոչ-ոքի, հյուրերը հաջողության են հասել 6 անգամ: Խփվել է 30 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,8 գոլ):

2. «Փյունիկը» հաղթանակով նշեց Հայաստանի առաջնություններում «Արարատի» հետ անցկացրած հոբելյանական՝ 100-րդ հանդիպումը՝ 54-րդ անգամ պարտության մատնելով արարատցիներին: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 10 հանդիպումներում «Փյունիկն» անպարտելի է՝ տոնելով 8 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2022թ. հոկտեմբերի 9-ին սեփական դաշտում Ռուդիկ Մկրտչյանի խփած միակ գոլի շնորհիվ:

3. «Ուրարտուն» ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունը կրեց: «Ալաշկերտին» գրեթե երկու տարի անց վերջապես կրկին հաջողվեց հաղթել «Ուրարտուին», որին վերջին անգամ պարտության էր մատնել 2023թ. սեպտեմբերի 15-ին՝ 4-2:

4. «Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում առաջին հաղթանակը տարավ, որը «Շիրակի» հետ կայացած առաջնության վերջին 15 հանդիպումներում 13-րդն էր: «Արարատ-Արմենիան» առաջնության միակ թիմն է, որը դեռ գոլ բաց չի թողել: Թիմի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի կրկնակի չեմպիոնը մեկնարկային երկու խաղերում էլ դարպասն անառիկ է պահել: Դրանում իր մեծ ներդրումն ունի թիմի պորտուգալացի դարպասապահ Բրունո Պինտուն:

5. Նախորդ մրցաշրջանի համեմատ «Գանձասարը» բավական հաջող է մեկնարկել՝ 4 հանդիպումներում վաստակելով 2 միավոր: Մինչդեռ 2024/25թթ. առաջնությունում գանձասարցիներy մեկնարկային 4 խաղերում էլ պարտվել էին և միայն 5-րդ տուրում էին առաջին միավորը վաստակել՝ 2-2 հաշվով ավարտելով հանդիպումն «Ալաշկերտի» հետ:

6. Էրիկ Օկանսին բացեց գոլերի հաշիվը «Փյունիկում» Fastex Պրեմիեր լիգայում: Նախորդ առաջնությունում գանացի ֆուտբոլիստն «Արարատ-Արմենիայում» 25 խաղում 4 գոլ էր խփել:

7. Փյունիկցի Հենրի Ավագյանն առաջնության վերջին 2 հանդիպումներում դարպասն անառիկ է պահել՝ ընդհանուր առմամ գոլ բաց չթողնելով 229 րոպե շարունակ:

8. Արսեն Բեգլարյանն էլ «Ալաշկերտի» դարպասն է ամուր փակի տակ պահել առաջնության վերջին 2 խաղերում՝ գոլ բաց չթողնելով 192 րոպե շարունակ: Փորձառու դարպասապահը Հայաստանի առաջնություններում անցկացրած 240 հանդիպումներից 96-ում դարպասն անառիկ է պահել:

9. Արգիշտի Պետրոսյանը ԲԿՄԱ-ի կազմում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Դանիել Աղբալյանից (129 խաղ), Միսակ Հակոբյանից (104) և Արամ Խամոյանից (101) հետո Պետրոսյանը դարձավ թիմում 100 խաղի սահմանագիծը հատած 4-րդ ֆուտբոլիստը:

10. Նման հոբելյան նշեց նաև Ջոնաթան Դուարտեն՝ «Շիրակի» հետ մրցավեճում «Արարատ-Արմենիայի» մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալով 100-րդ անգամ: Խաղերից 79-ը նա անցկացրել է Fastex Պրեմիեր լիգայում, 10-ական խաղի է մասնակցել ՀՀ գավաթի և եվրագավաթների մրցաշարերում, մեկ անգամ էլ հանդես է եկել Սուպերգավաթի մրցավեճում: Դուարտեն դարձավ «Արարատ-Արմենիայի» կազմում 100 խաղի սահմանագիծը հատած 9-րդ ֆուտբոլիստը:

fastnews-ads-banner