Logo

«Հառա՜ջ, Հնդկաստան» ֆիլմի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց հնդկական ֆիլմերի փառատոնը

20:22 / 15.11.2024Լուրեր
null

«Կինոմոսկվայում կայացել է հնդկական ֆիլմերի 2024 թվականի փառատոնի բացումը: Փառատոնը մեկնարկել է «Հառա՜ջ, Հնդկաստան» ֆիլմի ցուցադրությամբ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին:

Արթուր Մարտիրոսյանը ողջունեց ներկաներին, ապա ընդգծեց՝ հայ և հնդիկ ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի և գալիս է դարերի խորքից։ «Նորանկախ Հայաստանում Հայաստան - Հնդկաստան կապերն ամրապնդվում են։ Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ բարեկամական և փոխշահավետ կապերի ամրապնդումն ու նոր հարաբերությունների կառուցումը, որտեղ առանձնակի կարևոր են մշակույթն ու կրթությունը», - նշեց նախարարի տեղակալը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես ակտիվ մասնակցել է Հնդկաստանում կազմակերպվող տարաբնույթ մշակութային միջոցառումների և փառատոնների՝ ներկայացնելով հայկական հարուստ ու բազմամյա մշակույթը, այդ թվում՝ ազգային երգ ու պար, ժողովրդական նվագարանների կատարումներ, ձեռարվեստ և այլն: «Հայաստանի և Հնդկաստանի մշակութային գործակցությունն իսկապես բազմաբովանդակ է։ Ընդգրկում է նաև կինոյի ոլորտը։ Առկա է երկկողմ պատրաստակամություն՝ կինոարտադրության ոլորտում սերտորեն գործակցելու և կապերը զարգացնելու առումով: Գործակցության պատրաստակամությունն ամրագրվել է նաև անցյալ տարի Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ ստորագրված հուշագրով։ Փաստաթուղթը հնդիկ կինոարտադրողներին հնարավորություն է տալիս ոչ միայն Հայաստանում նկարահանել ֆիլմեր, այլև աշխատել համատեղ»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը։

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին շեշտել է, որ հնդկական կինոն իրենց երկրի մշակույթի անբաժանելի մասն է և համաշխարհային էկրանի կարևոր դերակատարներից։ «Հնդկական կինոն ընդգրկում է տարածաշրջանային կինոարդյունաբերություններ, որոնք նպաստում են հնդկական կինոարտադրության բազմազանության ապահովմանը։ Հարուստ ավանդույթներով հնդկական կինոյին արձագանքում է ամբողջ աշխարհի հանդիսատեսը՝ խթանելով միջմշակութային փոխըմբռնումը սահմաններից այն կողմ»,- ընդգծել է դեսպանը։ Ըստ նրա՝ հնդկական կինոն սիրված և ընդունված է հատկապես Հայաստանում, որտեղ Ռաջ Կապուրը և Միթհուն Չակրաբորտին՝ նույն ինքը՝ Ջիմմին և մյուս հայտնի դերակատարները շարունակում են ջերմություն, կարոտ և մշակութային կապ առաջացնել:

Մինչև նոյեմբերի 17-ը փառատոնում կցուցադրվի «Յաշ Ռաջ ֆիլմզ» ընկերության 6 կինոնկար՝ «Սուլթան», «Բայքերները 3», «Բանթի և Բաբլի», «Պահեր», «Հառա՜ջ, Հնդկաստան» և «Պատհանը»։ Մուտքն ազատ է։

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner