Logo

Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
17:28 / 14.02.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Խոսքը, իհարկե, հայկական ակումբներում ֆուտբոլիստների նվաճած տիտղոսների մասին է: Հայկական ֆուտբոլում նվաճած տիտղոսների քանակով (15) յուրօրինակ ռեկորդակիրները «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանն ու «Գանձասարի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանն են:

Սարգիս Հովսեփյանը Հայաստանի միակ 10-ակի չեմպիոնն է, 3 անգամ պատվո շրջան է կատարել ՀՀ գավաթով, 2 անգամ՝ Սուպերգավաթով: Նրա տիտղոսների թիվն ավելի մեծ կլիներ, եթե 6,5 մրցաշրջան (1998-2004թթ. հունիս) չբացակայեր Հայաստանից՝ հանդես գալով Սանկտ Պետերբուրգի «Զենիթում» և Մոսկվայի «Տորպեդո-Մետալուրգում»:

Այդ ընթացքում 1998թ. մրցաշրջանից հետո լուծարված և 2001թ. կրկին վերակազմավորված «Փյունիկը» 3 անգամ չեմպիոն էր հռչակվել, 2-ական անգամ էլ նվաճել էր Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթը: Բացի այդ էլ, 2004թ. հուլիսից վերսկսելով ելույթները հարազատ թիմի կազմում, Սարգիս Հովսեփյանը 4 անգամ (2005, 2008, 2010, 2011թթ.) չէր ընդգրկվել «Փյունիկի» համար հաղթական Սուպերգավաթի հանդիպման արձանագրությունում, ուստի կանոնակարգի համաձայն զրկվել էր այդ տիտղոսներից: Այնպես որ, առավելագույնը Սարգիս Հովսեփյանը կարող էր 26 տիտղոսի արժանանալ:

Հովսեփյանն իր առաջին ոսկե մեդալը ստացել է դեռևս 1992թ.՝ Հայաստանի անդրանիկ առաջնությունում ՀՄԸՄ-ի (ներկայիս «Փյունիկի») կազմում չեմպիոնի տիտղոսին արժանանալու համար: Այդ տարի նա ճանաչվեց նաև Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Իր վերջին ոսկե մեդալը Հովսեփյանը նվաճել է 2010թ. 38 տարեկանում՝ դառնալով Հայաստանի ամենատարեց չեմպիոնը:

Այդ տարի փորձառու ֆուտբոլիստը 7-րդ անգամ անընդմեջ փյունիկցի իր խաղընկերների հետ նվաճեց ՀՀ չեմպիոնի տիտղոսը, ինչը ևս ինքնատիպ ռեկորդ է: Նա գերազանցեց իր նախկին թիմակիցներ Վալերի Ալեքսանյանի (2001-2006թթ.) և Աղվան Մկրտչյանի (2002-2007թթ.) ռեկորդային ցուցանիշը, որոնք 6 տարի անընդմեջ «Փյունիկում» չեմպիոն էին հռչակվել:

Արտակ Եդիգարյանն իր առաջին տիտղոսին արժանացել է 2008թ.՝ «Փյունիկի» իր երիտասարդ թիմակիցների հետ դառնալով Հայաստանի սուպերգավաթակիր: Իսկ հաջորդ մրցաշրջանում նա արժանացավ ՀՀ չեմպիոնի և գավաթակրի տիտղոսներին:

Արտակի համար հատկապես հիշարժան էր 2010թ., որում յուրօրինակ հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Մայիսին նա իր խաղընկերների հետ պատվո շրջան կատարեց Հայաստանի գավաթով, սեպտեմբերին դարձավ կրկնակի սուպերգավաթակիր, իսկ 2010թ. առաջնության ավարտից հետո չեմպիոնի 2-րդ ոսկե մեդալը ստացավ:

Հաջորդ մրցաշրջանում Եդիգարյանը 3-րդ անգամ դարձավ սուպերգավաթակիր, իսկ «Փյունիկում» իր վերջին՝ 8-րդ տիտղոսը նվաճեց 2013թ.՝ 3-րդ անգամ արժանանալով Հայաստանի գավաթակրի կոչմանը:

«Ալաշկերտում» խաղալիս Արտակ Եդիգարյանը 6-ով ավելացրեց իր տիտղոսների թիվը: 3 տարի անընդմեջ՝ 2015/16-2017/18թթ. առաջնություններում նա թիմի կազմում չեմպիոն հռչակվեց: Արտակն իր թիմակիցների հետ 2 անգամ նվաճեց Սուպերգավաթը, մեկ անգամ էլ պատվո շրջան կատարեց Հայաստանի գավաթով:

Իր վերջին տիտղոսները Եդիգարյանը նվաճել է 2021թ.: Մայիսին նա «Արարատում» դարձավ ՀՀ գավաթակիր: Ճիշտ է, փորձառու ֆուտբոլիստը չմասնակցեց իր նախկին թիմի՝ «Ալաշկերտի» հետ գավաթի եզրափակիչ հանդիպմանը (3-1):

Վերադառնալով «Ալաշկերտ», սեպտեմբերին Եդիգարյանը թիմի կազմում դարձավ սուպերգավաթակիր, թեև նրան բախտ չվիճակվեց «Արարատի» հետ Սուպերգավաթի մրցավեճում խաղադաշտ դուրս գալ: Սակայն նա ընդգրկված էր խաղին հայտավորված թիմի 23 ֆուտբոլիստների թվում և մրցակարգի համաձայն դարձավ սուպերգավաթակիր: Դա Արտակի արդեն 5-րդ տիտղոսն էր Սուպերգավաթի մրցաշարերում, ինչը յուրօրինակ ռեկորդ էր:

Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստների եռյակը եզրափակում է Ռաֆայել Նազարյանը, որը 13 անգամ է մրցանակի արժանացել: Նա Հայաստանի յոթակի չեմպիոն է: Այդ ցուցանիշով Նազարյանի հետ միասին կարող են հպարտանալ միայն Վալերի Ալեքսանյանն ու Արթուր Եդիգարյանը: Ալեքսանյանը 7-րդ ոսկե մեդալը նվաճել է 2011թ. «Ուլիսի» կազմում: Արթուրն առաջին 4 ոսկե մեդալները նվաճել է «Փյունիկում», վերջին 3-ը՝ «Ալաշկերտում»:

Հետաքրքիր է, որ Ռաֆայել Նազարյանն իր առաջին տիտղոսները նվաճել է 1993թ. «Արարատում»՝ դառնալով ՀՀ չեմպիոն ու գավաթակիր: Այդ ժամանակ Արտակ Եդիգարյանն ընդամենը 3 տարեկան էր, և դժվար թե որևէ մեկի մտքով անցներ, որ 14 տարի անց նրանք կդառնան թիմակիցներ ու միասին խաղադաշտ դուրս կգան, իսկ հետագայում Արտակը տիտղոսների քանակով նույնիսկ կգերազանցի իր ավագ խաղընկերոջը: Դա տեղի ունեցավ 2007թ. նոյեմբերի 10-ին Գյումրիում «Շիրակի» հետ կայացած առաջնության ավարտական խաղում:

«Փյունիկն» արդեն ապահովել էր չեմպիոնի տիտղոսը, ուստի Արմեն Գյուլբուդաղյանցը խաղադաշտ էր դուրս բերել երիտասարդ մի խումբ ֆուտբոլիստների, որոնց թվում էր նաև 17-ամյա Արտակ Եդիգարյանը, որն ընդամենը 2-րդ խաղն էր անցկացնում Բարձրագույն խմբում:  Իսկ Ռաֆայել Նազարյանն իր վերջին ելույթն էր ունենում «Փյունիկում»: Նա այդ տարի 6-րդ ոսկե մեդալը նվաճեց «Փյունիկում»:

Հայաստանի վեցակի չեմպիոններն էլ սակավաթիվ են: Միայն 7 ֆուտբոլիստի՝ Վարդան Մինասյանին, Աղվան և Արթուր Մկրտչյաններին, Նորայր Սահակյանին, Լևոն Փաչաջյանին, Գևորգ Ղազարյանին և Արտակ Գրիգորյանին է հաջողվել 6-ական անգամ վայելել չեմպիոն դառնալու անսահման բերկրանքը:

Ֆուտբոլիստներց քչերին է հաջողվում ֆուտբոլային կարիերան ավարտել չեմպիոնի տիտղոսի նվաճմամբ: Այդ առումով ինքնատիպ ցուցանիշ է գրանցել Գևորգ Կասպարովը: 2019/20թթ. առաջնության ավարտից հետո նա հեռացավ «Գանձասար-Կապանից»՝ հայտարարելով ֆուտբոլային կարիերան ավարտելու մտադրության մասին: Սակայն տեղեկանալով, որ աշնանը կարող է դառնալ Հայաստանի առաջնությունների պատմության ամենատարեց դարպասապահը, Կասպարովը մտափոխվեց ու տեղափոխվեց «Շիրակ», որի կազմում էլ հասավ պատմական նվաճմանը:

2020/21թթ. առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո 40-ամյա դարպասապահը տեղափոխվեց «Ալաշկերտ»: Թեև գարնանային հատվածում Կասպարովն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ, սակայն նոր մրցակարգի համաձայն նա էլ «Ալաշկերտի» ֆուտբոլիստների հետ ստացավ իրեն հասանելիք ոսկե մեդալը՝ դառնալով ՀՀ առաջնությունների պատմության մեջ ամենատարեց չեմպիոնը ու գերազանցելով Սարգիս Հովսեփյանի ռեկորդային ցուցանիշը, որը սահմանվել էր 2010թ.: Դա Կասպարովի չեմպիոնական 5-րդ տիտղոսն էր, որին առաջին անգամ արժանացել էր 2005թ. «Փյունիկում»:   

Հայաստանի գավաթակիրներից ռեկորդակիրներն են Արթուր Յուզբաշյանը, Դավիթ Մանոյանն ու Կամո Հովհաննիսյանը, որոնք 6-ական անգամ նվաճել են պատվավոր մրցանակը: Յուզբաշյանն ու Մանոյանն ընդհանուր առմամբ 12-ական տիտղոսի են արժանացել, Կամոյի հաշվին առայժմ 9 տիտղոս է գրանցված:

Արտակ Եդիգարյանից հետո գործող ֆուտբոլիստներից ամենատիտղոսակիրը Տարոն Ոսկանյանն է, որը 11 մրցանակ է նվաճել: Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» վերադարձած Վարազդատ Հարոյանը Հայաստանում 9 տիտղոս է նվաճել, նրա թիմակից Էդգար Մալաքյանն ու «Գանձասար» տեղափոխված Վասպուրակ Մինասյանը 8-ական տիտղոսի են արժանացել:

FastNews-ը ներկայացնում է հայկական ֆուտբոլում 9 և ավելի տիտղոսների արժանացած ֆուտբոլիստների ցուցանիշները:

Ֆուտբոլիստներ

Չ

Գ

Ս

ԸՆԴ

1. Սարգիս Հովսեփյան

10

3

2

15

2. Արտակ Եդիգարյան

5

5

5

15

3. Ռաֆայել Նազարյան

7

5

1

13

4. Վալերի Ալեքսանյան

7

2

3

12

5. Աղվան Մկրտչյան

6

3

3

12

6. Արթուր Մկրտչյան

6

3

3

12

7. Արթուր Յուզբաշյան

4

6

2

12

8. Դավիթ Մանոյան

4

6

2

12

9. Արթուր Եդիգարյան

7

2

2

11

10. Տարոն Ոսկանյան

3

4

4

11

11. Վարդան Մինասյան

6

2

2

10

12. Գևորգ Ղազարյան

6

2

2

10

13. Արտակ Գրիգորյան

6

1

3

10

14. Ալեքսանդր Թադևոսյան

5

2

3

10

15. Գևորգ Կասպարով

5

2

3

10

16. Վահագն Մինասյան

4

4

2

10

17. Լևոն Փաչաջյան

6

1

2

9

18. Հովհաննես Թահմազյան

3

2

4

9

19. Կարեն Ալեքսանյան

3

2

4

9

20. Վարազդատ Հարոյան

3

5

1

9

21. Կամո Հովհաննիսյան

2

6

1

9

fastnews-ads-banner

Նույն Թեմայով