Հոկտեմբերի 3-ից «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմը կլինի էկրաններին: Մինչև այդ «Fast News Cultur»-ը ներկայացնում է ֆիլմի մանրամասները:
4 տարի «Դեպի ճամբար» նախագիծը հեռուստադիտողի դատին հանձնելուց հետո Գրիգոր Դանիելյանի և իր թիմի մոտ ծագեց գեղարվեստական ֆիլմ նկարահանելու գաղափար: «Վաղուց կար նման միտք: Պարզապես Հայաստանում գեղարվեստական ֆիլմ նկարահանելն այդքան էլ հեշտ չէ, բայց մենք գնացինք այդ ռիսկին», - նշել է Ֆիլմի սցենարիստ, պրոդյուսեր, դերասան Գրիգոր Դանիելյանը:
«Դեպի ճամբար-հատուկ ջոկատի» նկարահանումները սկսել են 2024-ի հունիսին: Գրիգորի խոսքով՝ ունեցել են բավական բարդ նկարահանումներ: «Այս ֆիլմը, միանշանակ, տարբերվելու է մյուսներից: Շատ հետաքրքիր պատմություն է՝ օրիգինալ սցենարով: Ինչո՞ւ «Հատուկ ջոկատ», որովհետև մինչև այս միշտ եղել է 4 ջոկատ, իսկ այս ֆիլմում մենք հավաքել են հատուկ ջոկատ, որը շատ կարևոր գործ է անելու ճամբարի համար», - պատմել է Գրիգորը:
Ալբերտո Դանիելյանն էլ վստահ է՝ ֆիլմը բոլորին դուր կգա: «Իրականում շատ դժվար էին ֆիլմի նկարահանումները: Յուրաքանչյուր փոքրիկ տեսարանի համար քրտնաջան աշխատել ենք: Ֆիլմը հիմնված է շատ հետաքրքիր պատմության վրա, ունի ինտրիգային սցենար», - նշել է Գրիգորի որդին:
Ֆիլմի գլխավոր հերոսուհին Անիին մարմնավորող Մանուշակ Անտոնյանն է: Ըստ նրա՝ իր հերոսուհին տեսակով ընկերասեր է, բայց անպաշտպան ու խեղճ: «Թե ինչու է կերպարս այդպիսին, կիմանաք ֆիլմը դիտելիս: Ամենաշատը սիրում եմ Մարիամ Ալեքսանյանին, ամենաշատը իր հետ եմ խաղացել»,- նշել է Մանուշակը:
Սցենարիստի խոսքով՝ ֆիլմում ընդգրկված են նաև նոր դերասաններ՝ Լևոն Հարությունյան, Վաչե Երիցյան, Լիլիթ Սարգսյան, Յուլյա Ֆինկ, Սուրեն Թումասյան, Սամվել Թոփալյան, Տիգրան Գյուլումյան, Լիլի Էլբակյան: Ըստ նրա՝ «Դեպի ճամբար-հատուկ ջոկատը» նախատեսում են ցուցադրել նաև մարզերում: «Ընտրել ենք 32 համայնք, որտեղ կցուցադրվի ֆիլմը: Փորձել ենք անել այնպես, որպեսզի բոլորը կարողանան դիտել: Արտերկրում ևս նախատեսում ենք ցուցադրություն: Առաջինը կցուցադրվի ԱՄՆ-ում՝ նոյեմբերի 3-ին», - ընդգծել է Գրիգորը: