Logo

Ինչո՞ւ էր Վիկտոր Համբարձումյանը փրկարարներ կանչել

Հեղինակ
Նարինե Մելիքյան
18:33 / 18.09.2024Հոդվածներ
null

1963 թվականին Հայաստանում փրկարարական ծառայություն չկար: Սակայն այդ տարի մի դեպք ստիպեց ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին արտակարգ կարգով որոնել ու գտնել համարձակ մարդկանց:

Աստղադիտարան-ինստիտուտից 3 հոգի բարձրացել էր Արագած լեռն ու չէր վերադարձել: Ինստիտուտի աշխատակից Ի. Կարաչենցևը, պրակտիկանտներ՝ լենինգրադցի Մ. Սվեշնիկովը և սվերդլովսկցի Յուլիա Տոկարևան որոշել էին բարձրանալ Արագածի գագաթը, սակայն 1 օր անց նրանք այդպես էլ Բյուրական չհասան: Համբարձումյանին խորհուրդ տվեցին դիմել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Այնտեղ գործում էր ալպինիստների խումբ, որտեղ հավաքվել էին փորձառու և համարձակ երիտասարդներ: Հենց այդ խումբն էլ Համբարձումյանի կանչով մեկնեց Արագած:


Պարզվեց՝ եռյակը բարձրացել էր լեռան գագաթը և վերելիքից հետո գիշերել խառնարանին հարող Գեղահովիտում: Լույսը բացվելուն պես լեռը ծածկվել էր ձյունով ու թանձր մառախուղով: Մի քանի ժամ աննպատակ դեգերելուց և հետդարձի ճանապարհն այդպես էլ չգտնելուց հետո նրանք կրկին վրան էին խփել ու սպասել մինչև հաջորդ առավոտ: Սակայն լուսաբացին ոչինչ չէր փոխվել: Այդ ժամանակ Կարաչենցևն ու Սվեշնիկովն ուժասպառ Յուլիային թողել են վրանում, նրան տվել սննդի ամբողջ պաշարն ու տաք հագուստները, իսկ իրենք ճամփա ընկել՝ հուսալով հասնել որևէ բնակավայրի:

Պոլիտեխնիկցի ալպինիստները նախ գտել են տղաներին և միայն երրորդ օրը աղջկան դուրս բերել լեռան, մառախուղի և ձյունաբքի գերությունից: Պատմում են, որ ամենաշատն ուրախացել էր Վիկտոր Համբարձումյանը: Մի քանի օր անց նա հեռագիր է ուղարկել պոլիտեխնիկական ինաստիտուտի ռեկտոր Պ. Մելքոնյանին, որտեղ գրված էր. «Բյուրականի աստղադիտարանը խորին շնորհակալություն է հայտնում ինստիտուտի ալպինիստական խմբի անդամներին՝ լեռներում կորած ուսանողուհի Յու. Տոկարևային որոնելու համար»: Ալպինիստներն արժանացել են նաև պատվոգրերի:

Ցավոք, ոչ այդ, ոչ էլ դրան հաջորդած նմանատիպ դեպքերն այդպես էլ առիթ չդարձան փրկարարական խմբերի ստեղծման համար, և այդպես շարունակվեց մինչև 1988-ի երկրաշարժը…

Հովիկ Չարխչյան

fastnews-ads-banner