Logo

Ջոն վան'տ Սխիպի հակառեկորդը, Սպերցյանի առաջին գոլը հավաքականի ավագի կարգավիճակով. Կոսովո-Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:20 / 07.06.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի ազգային հավաքականն ընթացիկ մրցաշրջանի ընկերական առաջին խաղում հյուրընկալվելիս 2-5 խոշոր հաշվով պարտվեց Կոսովոյին:

FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ այդ հանդիպումներում խփելով 3 գոլ, բաց թողնելով 14 գնդակ: Նախորդ երկու խաղերում մեր ֆուտբոլիստներն Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆում խոշոր հաշիվներով զիջել էին վրացիներին՝ 0-3, 1-6:

ՀՀ հավաքականը կրկնեց իր հակառեկորդը: Նախկինում մեր ազգային թիմը խոշոր հաշվով 3 անընդմեջ պարտություն էր կրել 2022թ.՝ Խոակին Կապառոսի օրոք Ազգերի լիգայի մրցաշարում զիջելով Ուկրաինայի (0-3, 0-5) և Շոտլանդիայի (1-4) հավաքականներին:

2. Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ հակառեկորդ սահմանեց՝ մրցաշրջանը սկսելով խոշոր հաշվով 3 անընդմեջ պարտությամբ: Նախկինում ևս եղել են մրցաշրջաններ (1996, 1997, 1999, 2006, 2015, 2024թթ.), որ հավաքականը մեկնարկային 3 խաղերում էլ զիջել է մրցակիցներին, սակայն ոչ բոլոր հանդիպումներում է խոշոր հաշիվ գրանցվել:

3. Ջոն վան'տ Սխիպը Հայաստանի ազգային հավաքականը գլխավորած միակ մարզիչն է, որ նորամուտը նշել է խոշոր հաշվով 3 անընդմեջ պարտությամբ: Նախկինում միայն Բեռնար Կազոնին է հավաքականում իր առաջին 3 խաղերում էլ պարտվել, սակայն միայն նորամուտի խաղում է խոշոր հաշիվ գրանցվել (Հս. Մակեդոնիա՝ 0-3, Ֆինլանդիա՝ 0-2, 1-3):

4. ՀՀ հավաքականը 3-րդ անգամ մրցեց Կոսովոյի հետ՝ կրելով 2-րդ անընդմեջ պարտությունը: 2022թ, նոյեմբերի 16-ին Պրիշտինայում մրցակիցների միջև կայացած ընկերական առաջին խաղում գրանցվել էր մարտական ոչ-ոքի՝ 2-2: Հաշիվը բացել էր Ժիրայր Շաղոյանը, իսկ ավելացված ժամանակում Կամո Հովհաննիսյանը հավաքականին փրկել էր պարտությունից: Դա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Ռոման Բերեզովսկու նորամուտի խաղն էր:

2024թ. ապրիլի 22-ին Երևանում կայացած ընկերական խաղում մեր հավաքականը պարտվել էր նվազագույն հաշվով:

5. Հայաստանի հավաքականին կրկին չհաջողվեց սեփական դարպասն անառիկ պահել: Վերջին 30 հանդիպումներում մրցակիցներին մշտապես հաջողվել է խոցել Հայաստանի հավաքականի դարպասը՝ ընդհանուր առմամբ խփելով 66 գոլ: Այդ հանդիպումներից միայն 5-ում է հավաքականը հաղթել, 5-ն ավարտել է ոչ-ոքի, 20-ում պարտվել է, որից 6-ը՝ խոշոր հաշվով, խփել է 32 գոլ: Այս ցուցանիշը Հայաստանի հավաքականի պատմության մեջ յուրօրինակ հակառեկորդ է:

Վերջին անգամ հավաքականը գոլ բաց չի թողել 2022թ. հունիսի 4-ին Երևանում Իռլանդիայի հետ Ազգերի լիգայի խաղում (1-0), որտեղ դարպասը պաշտպանում էր Դավիթ Յուրչենկոն:

6. Էդուարդ Սպերցյանը հավաքականի կազմում 7-րդ գոլը խփեց՝ ինքն իրեն լավ նվեր մատուցելով ծննդյան 25-ամյակի նախօրեին: Հավաքականի ավագի կարգավիճակով դա Սպերցյանի առաջին գոլն էր: Նա հավաքականում գոլերի հաշիվը բացել էր 2021թ. մարտի 31-ին ռումինացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում, որում նշել էր նորամուտը: Արա Հակոբյանի հետ Սպերցյանը հավաքականի ռմբարկուների ցանկում 7 գոլով բաժանում է 8-9-րդ տեղերը:

Սպերցյանը 4-րդ անգամ կրեց հավաքականի ավագի թևկապը: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 2023թ. հունիսի 16-ին Ուելսի հավաքականի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի արտագնա խաղում:

 

7. Արթուր Սերոբյանը հավաքականում հոբելյանական՝ 20-րդ հանդիպումն անցկացրեց: Նրա նորամուտը կայացել է 2022թ. մարտի 24-ին Չեռնոգորիայի հավաքականի հետ Երևանում անցկացված ընկերական խաղում:

8. Հենրի Ավագյանը 7 տարվա ընդմիջումից հետո կրկին պաշտպանեց հավաքականի դարպասը՝ անցկացնելով 2-րդ խաղը: Նա նորամուտը նշել էր 2018թ. նոյեմբերի 19-ին Լիխտենշտեյնի հավաքականի հետ կայացած Ազգերի լիգայի մրցաշարի արտագնա խաղում (2-2):

9. Թոմաս Ադորյանը նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում: 1992թ. մինչ օրս հավաքականում 243 ֆուտբոլիստներ են խաղադաշտ դուրս եկել: Ջոն վան'տ Սխիպի օրոք հավաքականում նորամուտն էր նշել նաև Նիկոլաս Կալուկյանը՝ մասնակցելով վրացիների հետ Երևանում կայացած խաղին:

10. Կոսովոյի հավաքականի դարպասապահ Ամիր Սաիպին 10-րդ ֆուտբոլիստն է, որ Հայաստանի ազգային թիմի հետ հանդիպումներում ինքնագոլի հեղինակ դարձավ:

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner