Logo

Կայացել է «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագիրը

10:52 / 29.01.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հունվարի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային երեկոն՝ նվիրված անվանի կոմպոզիտորի 87 ամյակին:

Համերգային ծրագիրը մեկնարկել է ՀՀ օրհներգով՝ ի նշան Հայաստանի Հանրապետության բանակի օրվա։

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհավորել է ՀՀ զինված ուժերի 34-րդ տարեդարձը և մաեստրո Մանսուրյանի 87-ամյակը՝ շեշտելով, որ նա մեր ամենասիրված արվեստի գործիչներից է։

«Մեզնից յուրաքանչյուրը մաեստրոյի երաժշտության հետ ունի հոգևոր և հուզական կապ, նրա ստեղծագործությունները հարազատ են բոլորիս, քանի որ դրանց ելևէջները մեզ ուղեկցել են կյանքի տարբեր իրավիճակներում, և սա Մանսուրյանի արվեստի հզոր և միավորող ուժն է։ Հազվադեպ երևույթ է, երբ հանճարեղ արվեստն ու մարդկային պարզությունը մեկտեղվում են։

Սիրելի՛ մաեստրո, այս համատեղումը Ձեր դեպքում իրողություն է, որի համար ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել։ Ձեր պարզ, համեստ մարդկային կեցվածքն ու ներկայությունը նաև սովորեցնում են՝ ինչպես ապրել՝ թողնելով մեծագույն ժառանգություն»,- Մանսուրյանին ուղղված շնորհավորանքի խոսքում նշել է նախարարը։

Նա նաև տեղեկացրել է՝ պետության աջակցությամբ վերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը, որը հնարավորություն կտա ձևավորել տաղանդավոր երեխաների բացահայտման և դրսևորման նոր հարթակ։

«Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագրում հնչել են Տիգրան Մանսուրյանի՝ հայկական կինոնկարների և թատերական ներկայացումների համար գրված երաժշտությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան, համերգի դիրիժոր՝ Տիրան Նիկողոսյան)։

Համերգն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ. ծրագրի գործընկեր՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ։

 

 

fastnews-ads-banner