Logo

Խարիզմատիկ սկանդալիստը. լեգենդար նախագահի ոդիսականը

Հեղինակ
Էռնեստ Շաբոյան
01:50 / 04.02.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ֆուտբոլային աշխարհում շատ են գործիչները, որոնք ընդմիշտ մտել են պատմության մեջ: Սովորաբար պանթեոնում տեղ են գտնում այնպիսի լեգենդներ, որոնք հիմնականում կապված են գրանդ ակումբների հետ, բայց կան դեմքեր, որոնք իրենց ուժերով են ճանապարհ բացել դեպի ընտրյալների լիգա:

Նրա կյանքի անբաժան մասը սկանդալներն էին, բայց դրանք ավելի էին մեծացնում հեղինակությունը: Ո՞րն էր այդ անսովոր մարդու ֆենոմենը, և ի՞նչ պատմություն գրեց նա ակումբի համար:

ՉՍՏԱՑՎԱԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ

Խեսուս Խիլը ծնվել է Կաստիլիայի Էլ Բուրգո գյուղում: Նա սկզբում ցանկանում էր դառնալ ցլամարտիկ, բայց դարձավ ֆուտբոլիստ: Առաջին և վերջին կանգառը սիրողական «Ռոա դե Դուերո» ակումբն էր, որտեղ Խիլը հասկացավ, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու ոչ մի շանս չունի:

Ավարտելով Մադրիդի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը՝ Խեսուսը գումար էր աշխատում մեքենաներ վերավաճառելով, իսկ հետո զբաղվեց անշարժ գույքի բիզնեսով: Այս ոլորտում նա բավականին լուրջ գումար կուտակեց և շուտով հայտնի դարձավ ամբողջ Իսպանիայում:

Ամեն ինչ շուռ եկավ, երբ 1969 թվականին Խիլի շինարարական ընկերության կառուցած ռեստորանը փլվեց ու խլեց 58 մարդու կյանք: Հետաքննության արդյունքում պարզվեց, որ ընկերությունն անորակ շինանյութ էր օգտագործել և չէր պահպանել ընդունված չափանիշները:

Այդպես Խեսուս Խիլը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, բայց բանտում մնաց 1.5 տարի:

Ի դեպ, սկանդալային գործարարին համաներում շնորհեց անձամբ գեներալ Ֆրանկոն, որին Խիլը պաշտում էր:

«Իմ կուռքերը Հիսուսը, Ֆրանկոն ու Չե Գևարան են...»
Խեսուս Խիլ

Չնայած քրեական անցյալին՝ հավակնոտ իսպանացու կարիերան աճում էր երկրաչափական պրոգրեսիայով: Շուտով Խեսուսն ընտրվում է Մարաբելյայի քաղաքապետ, բայց գլխավոր սկանդալը դեռ առջևում էր:

Սովետական հանրահայտ քանդակագործ Զուրաբ Ծերեթելին հաղթանակին նվիրված արձան է նվիրում քաղաքին: Թանկարժեք նվերի տեղափոխության համար Խիլը քաղաքային բյուջեից դուրս է գրում 1 միլիոն դոլար:

Այդ իրադարձությունը չի վրիպում իրավապահ մարմինների ուշադրությունից: Խիլին երկարաժամկետ ազատազրկում էր սպառնում, բայց դատավճիռը հրապարակելու նախօրեին սեյֆը, որտեղ պահվում էր մեղադրյալի գործը, կողոպտում են: Ընդ որում՝ գործը քննելու էր Իսպանիայի Գերագույն դատարանը:

ԵՐԱԶԱՆՔԻՑ ՄԻՆՉԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1979թ. Խեսուսը ծանոթանում է լեգենդար Վիսենտե Կալդերոնի հետ: Հավակնոտ գործիչը գիտեր, թե ինչպես է պետք օգտվել շանսից. 3 տարի անց նա դառնում է «Աթլետիկոյի» տնօրենների խորհրդի անդամ:

1987-ին՝ Կալդերոնի մահվանից հետո, Խիլն իր թեկնածությունն է առաջադրում ակումբի նախագահական ընտրություններում և հաղթում է մեծ առավելությամբ:

Նա խոստացավ ու «Աթլետիկո» բերեց ժամանակի ամենաուժեղ հարձակվողներից մեկին. նորընտիր նախագահն անձնական ինքնաթիռով է մեկնում Պորտուգալիա և Պաուլու Ֆուտրեի հետ վերադառնում է Մադրիդ:

Նա երբեք չէր ընդունում խաղի սահմանված կանոնները. նա գրում էր իր կանոնները:

17 տարվա կառավարման ընթացքում Խիլը 30 մարզիչ է փոխել:

«Ինձ համար մարզչին պաշտոնանկ անելը մեկ շիշ գարեջուր խմելու նման բան է. կարող եմ 20, նույնիսկ 100 մարզիչ փոխել, եթե դրա կարիքը լինի...»
Խեսուս Խիլ

Նա «Ռեալի» նախագահ Ռամոն Մենդոսային համեմատում էր Ուգանդայի դիկտատոր Իդի Ամինի հետ, «Բարսայի» նախագահ Խոսե Նունյեսին անվանում էր «հիմար կապիկ», մրցավարներին էլ՝ «մաֆիայի կամակատարներ»:

Այդքան սկանդալներից հետո «Աթլետիկոյի» մասնակցությամբ խաղերի ժամանակ 50 հազարից պակաս երկրպագու չէր ժամանում ստադիոն, տենդենցը շարունակվեց նույնիսկ այն ժամանակ, երբ ակումբը 65 տարվա մեջ առաջին անգամ հայտնվեց Սեգունդայում:

«Աթլետիկոն» Խեսուս Խիլի կյանքն էր, նա իր չիրականացած երազանքն իրականացնում էր ակումբի միջոցով: Պատահական չէ, որ մադրիդցիներն իրենց պատմության ոսկե էջերից մեկը գրեցին հենց Խիլի ժամանակաշրջանում:

1996-ին «Աթլետիկոն» դարձավ Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր: Ի դեպ, ոսկե թիմի առանցքային դերակատարներից մեկը Դիեգո Սիմեոնեն էր:

2002-ին, երբ Խիլը դատարանի որոշմամբ հեռացվեց ակումբից, նախագահի պաշտոնն առաջարկեց Էնրիկե Սերեսոյին:

Լեգենդար նախագահը կյանքից հեռացավ 2004 թվականի մայիսի 14-ին: Հուղարկավորությանը ներկա էր 16 հազար մարդ: Նրա մարմինը փաթաթել էին «Աթլետիկոյի» դրոշով՝ այնպես, ինչպես ինքն էր ցանկացել:

«Երբ ես մեռնեմ, փաթաթեք ինձ «Աթլետիկոյի» դրոշով, իսկ գերեզմանաքարիս վրա գրեք. «Այստեղ պառկած է հիմարը, որը կարծում էր, թե ամեն ինչ ավելի լավ կարող էր լինել»»
Խեսուս Խիլ

Այսպիսին էր իսպանական ֆուտբոլի ամենասկանդալային դեմքերից մեկի համառոտ պատմությունը:

Նա առաջինն էր, որ հասկացավ, թե ինչ հեռանկար կարող է ունենալ հեռուստատեսությունը և որքան շատ գումար կարելի է վաստակել հեռարձակումների իրավունքի վաճառքից:

Խիլն ապստամբեց և հաղթեց «Ռեալին» ու «Բարսային»: Նրան ատում, բայց հարգում էին, չնայած սկանդալային հեղինակությանը՝ նրան պաշտում էին:

Նա կառուցեց իր թագավորությունը, ընտրեց թագաժառանգին և չսխալվեց:

Հանդուգն, չենթարկվող, բախտախնդիր, բայց միևնույն ժամանակ երազող ու ռոմանտիկ...

fastnews-ads-banner