Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դյոր» - «Փյունիկ» դիմակայության պատասխան հանդիպումը կսպասարկի Կոսովոյի մրցավարական անձնակազմը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Մերվան Բեյթուլահուն, որին խաղադաշտում կօգնեն Էդմոնդ Զեքիրին ու Ֆատմիր Սեկիրաքան։ Չորրորդ պաշտոնյան Ռեզարտ Հասանայն է։
Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին և 21:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Դիմակայության առաջին խաղում «Փյունիկը» Երևանում 2-1 հաշվով հաղթել է հունգարական ակումբին։
«Ունիվերսիտատեա Կլուժ» - «Արարատ-Արմենիա» պատասխան մրցավեճի մրցավարը կլինի Դավիդ Ֆուքսմանը։ Նրան կօգնեն Մատվեյ Յոկոբովը և Ավի Գոլդշտայնը, չորրորդ պաշտոնյա է նշանակվել Աբրահամ Միզրաչին։ Բոլորն Իսրայելից են։
Այդ հանդիպումը նույնպես կկայանա հուլիսի 31-ին` ժամը 21:00-ից սկսած։ Ավանի ակադեմիայի ստադիոնում կայացած խաղում կողմերը գոլեր չեն խփել։


