Logo

Կոնֆերենցիաների լիգա. Եզրափակիչին ընդառաջ

Հեղինակ
Էռնեստ Շաբոյան
03:30 / 28.05.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Մրցաշրջանի եզրափակիչ հատվածը բավականին բարդ դասավորվեց «Բետիսի» համար:

Անդալուզյան թիմը չի կարողացել հաղթել նախորդ հինգ խաղերից և ոչ մեկը (մեկ պարտություն, չորս ոչ-ոքի, այդ թվում՝ «Ֆիորենտինայի» հետ ոչ-ոքին Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում)։

Մանուել Պելեգրինիի բանդան միշտ չէ, որ բավարար կայունություն ուներ երկար ճանապարհի ընթացքում: Այնուամենայնիվ, «Վերդիբլանկոսը» ճիշտ պահին կարողացավ հավաքել ուժերը և հասնել արդյունքի։

Սա վերաբերում է նաև Կոնֆերենցիաների լիգային, որտեղ իսպանական ակումբը ստիպված էր անցնել լրացուցիչ որակավորման փուլ, և միշտ չէ, որ համոզիչ էր եզրափակիչ բերած ճանապարհին։

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչից առաջ «Բետիսը» մի քանի կադրային խնդիրներ ունի:

Աջ պաշտպան Բելերինը, հարձակվող Ավիլան, որոնք տառապում են ազդրի վնասվածքից, ինչպես նաև կենտրոնական պաշտպան Լյորենտեն լուրջ վտանգի տակ են։

«Բետիսը» եվրագավաթային մրցաշարի ընթացիկ մրցաշրջանում հաջողության է հասել ձեռք բերած առավելությունը պահպանել կարողանալու շնորհիվ։

Փլեյ-օֆֆում Մանուել Պելեգրինիի թիմն առաջինը հաջողության հասնելու դեպքում միշտ պահպանել է առավելությունն ու հասել է դրական արդյունքի:

Միակ պարտությունը «Գենտի» դեմ խաղում էր, որտեղ «Բետիսը» չկարողացավ գոլ խփել:

Անդալուզյան կոլեկտիվն ունի իր ջոկերները: Իսկոն ու Անտոնին հրաշալի մարզավիճակում են և հզոր մրցակցի դեմ խաղում ի զորու են եղանակ ստեղծելուն:

Բրազիլացին նոր միջավայր տեղափոխվելուց հետո կերպարանափոխվեց, կերպարանափոխեց նաև թիմը: Բայց այս անսամբլը մարզչական է:

Չիլիացի մասնագետն ամեն ինչ տեսել է կարիերայում, իսկ փորձը լուրջ գործոն է, որը կարող է որոշիչ լինել:

Այս եվրագավաթային եզրափակիչն առաջինն է 117 տարվա պատմություն ունեցող «Բետիսի» համար, և սա այն ժամանակ, երբ հզոր մրցակիցը թանգարանում Չեմպիոնների լիգայի 2 գավաթ է պահում:

«Չելսին» մրցաշրջանն ավարտեց հաղթանակներով՝ պահպանելով չորրորդ տեղը և ապահովելով Չեմպիոնների լիգայի ուղեգիրը։

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչն Էնցո Մարեսկայի և տղաների համար յուրատեսակ ամառային դեսերտ է:

Լոնդոնյան գրանդն ամենասկզբից էլ երրորդ եվրագավաթը հաղթելու գլխավոր ֆավորիտն էր: Մեծ հաշվով՝ «Կապույտները» հավասար մրցակից չունեին այստեղ և քայլելով հասան եզրագծին:

Ամեն դեպքում, Կոնֆերենցիաների լիգայի գավաթն ավելի սազական կլինի «Բետիսին», քան «Չելսիին», սակայն երրորդ կարգի մրցանակը հաղթելն էլ թոռներին պատմելու համար վատ առիթ չէ:

Ֆավորիտն էլ (թեպետ Մանուել Պելեգրինին այլ կարծիքի է-խմբ.) կադրային կորուստներ ունի, բայց կազմի խորությունն ալտերնատիվ տարբերակներ թողնում է մարզչին:

Անկախ ամեն ինչից, այս եզրափակիչը վերջին շրջանում լավագույններից մեկն է, համենայն դեպս՝ թղթի վրա:

Վրոցլավում բաց, հարձակողական ֆուտբոլ են սպասելու:

Մրցաշրջանի «կանաչ գալա համերգից» առաջ երկրպագուները կտաքացնեն մկանները, իսկ «Բետիսը» կփորձի անել բարդագույնը կամ նույնիսկ անհնարին թվացողը...

Միացե՛ք «Ֆասթ Սպորտ»-ին՝ ժամը 21:30-ից նախախաղային քննարկմանը, իսկ ժամը 22:45-ից եզրափակիչին հետևելու համար:

Լուսանկարները՝ ՈՒԵՖԱ-ի

fastnews-ads-banner