Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» ու «Վիկինգուրի» ոչ-ոքին

23:38 / 28.11.2024Ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի չորրորդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց իսլանդական «Վիկինգուրի» դեմ. գրանցվեց 0-0 հաշիվը։

Առաջին խաղակեսում հայկական ակումբն ուներ խաղային ու տարածքային ոչ մեծ առավելություն, աչքի ընկնել կարող էին ֆրանսիացի վինգեր Վիրջիլ Պինսոնն ու պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն, մրցակցին փրկեց իսլանդացի դարպասապահ Ինգվար Յոնսոնը։

Խաղակեսի վերջում ամենավտանգավոր պահը ստեղծեցին հյուրերը. 41-րդ րոպեին եզրային հարձակվող Վալդիմար Ինգիմուդարսոնի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Վիկինգուրը» տիրում էր նախաձեռնությանը, սակայն Ռուի Մոտայի գլխավորած թիմին հաջողվեց խաղը տեղափոխվել մրցակցի կիսադաշտ։ Դաշտի տերերից հաշիվը կարող էր բացել մարոկկացի կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը, բայց նրա հեռահար հարվածից հետո փայլուն սեյվ կատարեց Յոնսոնը։

Խաղավերջում էլ պայքարը լարված էր, բայց դարպասի գրավում այդպես էլ չգրանցվեց։

«Նոան» միավորների քանակը հասցրեց 4-ի և 27-րդ տեղում է, «Վիկինգուրը» 11-րդն է, ունի 7 միավոր։

Հայաստանի փոխչեմպիոնը Կոնֆերենցիաների լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 12-ին, Երևանում կընդունի Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին։

Կոնֆերենցիաների լիգա, հիմնական փուլ, չորրորդ տուր

«Նոա» (Հայաստան) - «Վիկինգուր» (Իսլանդիա)` 0-0

fastnews-ads-banner