«Ալաշկերտի» նախկին հարձակվող Լևան Կուտալիան Հայաստանից հեռանալուց հետո արդյունավետ մրցաշրջան անցկացրեց հայրենիքում: Օրեր առաջ ավարտվեց Վրաստանի առաջնությունը, որտեղ 35-ամյա հարձակվողը 28 խաղում խփեց 11 գոլ և կատարեց 1 արդյունավետ գործողություն: Գոլերից 8-ը Կուտալիան խփել է առաջնության վերջին 7 խաղում:
FastNews-ը ֆուտբոլիստի հետ զրուցել է ավարտված մրցաշրջանի, առաջիկա ծրագրերի և սպասվող իրադարձությունների մասին:
Լևա՛ն, ավարտված մրցաշրջանում արդյունավետ խաղ ցուցադրեցիր՝ խաղալով նախ Բաթումիի «Դինամոյում», ապա «Սամգուրալիում»: Ինչպե՞ս կգնահատես մրցաշրջանը քեզ համար:
«Դինամոյում» այնքան էլ լավ չստացվեց, քանի որ թիմի ներսում խնդիրներ կային: 2 ամիս անց հեռացա այնտեղից և տեղափոխվեցի «Սամգուրալի», որը պայքարում էր Բարձրագույն խմբում տեղը պահելու համար: Իմ դերը մեծ էր այդ գործում, քանի որ գոլերս նպաստեցին, որ թիմը հասնի նպատակին:
Վերջերս կայացած «Գագրայի» դեմ խաղում պոկերի հեղինակ դարձար: Եթե չեմ սխալվում, կարիերայում երրորդ անգամ էիր 4 գոլ խփում 1 խաղում։ Ի՞նչ զգացողություններ ունեիր այդ օրը:
Շատ կարևոր խաղ էր: Հաղթանակի դեպքում թիմը, մեծ հավանականությամբ, կպահպաներ տեղը Բարձրագույն խմբում: Առաջին կեսից հետո պարտվում էինք 1-2 հաշվով: Կարողացա 4 գոլ խփել, և մենք հաղթեցինք: Կարիերայում երրորդ անգամ կարողացա պոկեր գրանցել:
Վրաստանի առաջնությունում նույնպես 10 թիմ է խաղում: Փորձենք համեմատել Հայաստանի առաջնության հետ:
Երկու առաջնություններն էլ լավ մակարդակ ունեն, և բարձրակարգ խաղերի պակաս չկա: Վրաստանում ենթակառուցվածքներն ավելի լավն են: Մեզ մոտ արգելված է խաղալ արհեստական խոտածածկով խաղադաշտում: Այս առումով Վրաստանի առաջնությունն ավելի բարձր տեղում է, իսկ ընդհանուր մակարդակի առումով Հայաստանի առաջնությունը մի փոքր առաջ է, քանի որ հայկական թիմերը վերջին տարիներին կարողանում են խաղալ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում:
Ինչո՞ւ վրացական թիմերը չեն կարողանում նվաճել եվրագավաթների եզրափակիչ փուլի ուղեգիր:
Մենեջմենթի խնդիր կա, ինչպես նաև Վրաստանում ակումբներն այդքան հարուստ չեն, որպեսզի լավ որակի լեգեոնականներ հրավիրեն: Գլխավոր խնդիրները սրանք են, բայց հույս ունեմ, որ այս հարցն էլ շուտով կկարգավորվի, և վրացական թիմերը ևս կխաղան եվրագավաթների եզրափակիչ փուլերում:
Քութայիսիի «Տորպեդոյում» է խաղում ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ Մամադու Սախոն: «Տորպեդոն» կարծես շատ հետաքրքիր և հեռանկարային նախագիծ է, առաջնությունում էլ գրավեց երկրորդ տեղը: Ի՞նչ կասես այդ նախագծի մասին:
«Տորպեդոն» պատմական ակումբ է: Ակումբի նախագահը ֆինանսական լավ միջոցներ ունի, իսկ Սախոյի նման ֆուտբոլիստին հրավիրելը լավ գովազդ է առաջնության համար: Առաջիկայում այլ հեղինակավոր խաղացողներ ևս կտեղափոխվեն Վրաստան, և այդ ամենի շնորհիվ առաջնության մակարդակն ավելի կբարձրանա:
Քո պայմանագիրն ավարտվել է «Սամգուրալիի» հետ: Արդեն ունե՞ս նոր առաջարկներ:
Այո, առաջարկներ ունեմ Իսրայելից և մի քանի այլ երկրներից, սակայն այժմ արձակուրդի մեջ եմ: Կհանգստանամ, որից հետո կդիտարկեմ այդ տարբերակները:
Հայաստանի և Վրաստանի հավաքականներն անցումային խաղեր են անցկացնելու Ազգերի լիգայում: Ինչպե՞ս կգնահատես շանսերը:
Շատ հետաքրքիր խաղեր են սպասվում: Հայաստանի հավաքականը տանը լավ է խաղում, մեր հավաքականն էլ Վրաստանում է ավելի ուժեղ խաղ ցուցադրում: Իհարկե, երբ խոսում ենք կովկասյան դերբիի մասին, չի կարող անհետաքրքիր լինել: