75 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը, որը հայտնի է իր «Total Eclipse of the Heart» հիթով։ Այս մասին հայտարարվել է արտիստի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ.
«Բոնիի ընտանիքն ու թիմը տխրությամբ հայտարարում են, որ Բոնին անսպասելիորեն մահացել է երեկ երեկոյան Պորտուգալիայի հիվանդանոցում՝ հիվանդության հետևանքով, որի դեմ նա բուժվում էր»:
Դեռևս ապրիլին, Պորտուգալիա ժամանելուց կարճ ժամանակ անց երգչուհին սկսել էր ուժեղ որովայնի ցավեր զգալ: Մայիսին Թայլերին շտապ տեղափոխել էին Պորտուգալիայի Ֆարո քաղաքում, իր տան մոտ գտնվող հիվանդանոց: Հաղորդվել էր, որ երգչուհին բժշկական արհեստական կոմայի մեջ է հայտնվել՝ աղիների վիրահատությունից վերականգնվելու համար: Հունիսին բժիշկները նրան դուրս են բերել արհեստական կոմայից, սակայն նա մնում էր վերակենդանացման բաժանմունքում: Երգչուհու թիմն այդ ժամանակ հայտնել էր, որ չնայած նրա վիճակը բարելավվում է, վերականգնումը դանդաղ է ընթանում:
Բացի իր 1980-ականների հիթային «Total Eclipse of the Heart» սինգլից, Թայլերը հայտնի էր այնպիսի երգերով, ինչպիսիք են՝ «Holding Out for a Hero», «It's a Heartache» և «If You Were a Woman (And I Was a Man)»։ Երգչուհին առաջադրվել է նաև Գրեմմի մրցանակի և ներկայացրել Մեծ Բրիտանիան Եվրատեսիլ 2013 թվականին։


