Մարզաշապիկը ժամանակավոր է, իսկ հիշողությունը՝ հավերժական։ Սակայն շատ հաճախ հավերժանում են նաև մարզաշապիկները՝ դառնալով ֆուտբոլիստների փառքի, երբեմն էլ՝ նրանց կյանքի լուռ վկաները։
«Լիվերպուլում» «20» համարի մարզաշապիկը պատկանելու է միայն մեկին. Դիոգու Ժոտայի ողբերգական մահից հետո մերսիսայդյան ակումբի այս քայլն անչափ գեղեցիկ էր ու խորհրդանշական։ «Կարմիրները» նաև չխզեցին պորտուգալացու պայմանագիրը, և մինչև 2027 թվականի հունիսի 30-ը ներառյալ Ժոտայի աշխատավարձը ստանալու է նրա կինը։
There have been moving tributes around the world for Diogo and Andre ❤️ pic.twitter.com/RdUa4LCzFF
— Liverpool FC (@LFC) July 7, 2025
Ֆուտբոլում նման պատմությունները քիչ չեն։ Աշխարհի տարբեր ակումբներում կան համարներ, որոնք հանվել են շրջանառությունից։ Դրանք անմահ հիշողություններ են, որոնք արտացոլում են տվյալ ֆուտբոլիստի փառահեղ հաղթանակը, հերոսությունը, երբեմն էլ՝ ցավոտ հրաժեշտը։
2018 թվականի մարտի 4-ին ֆուտբոլը ցնցվեց «Ֆիորենտինայի» կենտրոնական պաշտպան Դավիդե Աստորիի մահվան լուրից։ Իտալացին մահացել էր քնած ժամանակ սրտի կաթվածից։ «Միլանի» սանը փայլուն ֆուտբոլ էր ցուցադրել «Կալյարիում», իսկ 2016 թվականին տեղափոխվել էր «Ֆիորենտինա»։ Նա կարճ ժամանակահատվածում դարձել էր թիմի առանցքային խաղացողներից ու ստացել էր նույնիսկ ավագի թևկապը։
«Կալյարին» ու «Ֆիորենտինան» հայտարարեցին «13» համարի մարզաշապիկը հավերժացնելու մասին։ Մինչև այսօր «Վիոլայի» երկրպագուները տնային հանդիպումների 13-րդ րոպեին ծափահարություններով հարգում են Դավիդե Աստորիի հիշատակը։
2009 թվականին մեծ ողբերգություն տեղի ունեցավ Իսպանիայում․ «Էսպանյոլի» սան Դանիել Խարկեն կորցրել էր գիտակցությունը Ֆլորենցիայում ընթացող մարզական հավաքի ժամանակ։ Խարկեն տեղափոխվել էր հիվանդանոց, բայց բժիշկները չէին կարողացել փրկել նրա կյանքը։ Ակումբը որոշեց շրջանառությունից հանել «21» համարի մարզաշապիկը, իսկ Անդրես Ինիեստան աշխարհի 2010թ. առաջնության եզրափակիչում խփած գոլը նվիրեց Խարկեին։ Ողբերգությունից 7 տարի անց կատալոնական ակումբը վերադաձրեց «21» համարի մարզաշապիկը, բայց մեկ պարտադիր պայմանով․ այդ համարով խաղալու հնարավորություն կստանան միայն ակումբի սաները։

Համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ լավագույններից Դիեգո Մարադոնան շատ մեծ ներդրում ունի իտալական «Նապոլիի» փառավորման գործում։ 2000 թվականին Նեապոլը ներկայացնող ակումբը հավերժացրեց «10» համարի մարզաշապիկը։ Ըստ ակումբի՝ դա ամենափոքր շնորհակալությունն էր, որ հնարավոր էր հայտնել Դիեգո Մարադոնային։ Շատ տարիներ անց քննարկումների փուլում էր լեգենդար համարը վերադարձնելու հարցը։ Մարեկ Համշիկն ու Լորենցո Ինսինյեն գլխավոր թեկնածուներն էին, իսկ անձամբ Մարադոնան դեմ չէր, որ «10» համարի մարզաշապիկը կրկին սկսի «ֆուտբոլ խաղալ»։ Ամեն դեպքում, Նեապոլում որոշեցին, որ ոչ ոք արժանի չէ այդ արտոնությանը։ Հնարավոր է՝ մի օր այդ պատվին արժանանար Խվիչա Կվարացխելիան, բայց վրացի ֆուտբոլիստը որոշեց, որ իր աստղը պետք է շարունակի շողալ Փարիզում։ Ժամանակն ասաց՝ Իտալիայի «հարավային թագուհին» մեկ ֆուտբոլային աստված ունի՝ Դիեգո Արմանդո Մարադոնան։
05/07/84
— My Greatest 11 (@MyGreatest11) July 5, 2025
Diego Maradona is unveiled at Napoli 💙 pic.twitter.com/TyACCMiuXH
Բրազիլական «Սանթոսում» ևս երկար տարիներ չէին օգտագործում «10» համարի մարզաշապիկը, բայց այն վերադարձավ խաղադաշտ 2022 թվականին՝ հենց «Ֆուտբոլի արքայի» խնդրանքով։ Պելեն կարծում էր, որ երկրպագուներն արժանի են այդ խորհրդանշական համարը տեսնելուն։

Ամստերդամի «Այաքսը» հավերժացրել է «14» համարի մարզաշապիկը՝ ի պատիվ լեգենդար Յոհան Կրոյֆի։ Հետաքրքիր է, որ նիդերլանդական ակումբը նման որոշում կայացրեց 2007 թվականին, երբ Կրոյֆն արդեն 60 տարեկան էր։

Իտալական «Բրեշիան» անմահացրեց «10» համարի մարզաշապիկը՝ ֆուտբոլային կախարդանքի համար շնորհակալություն հայտնելով «Աստվածային պոչիկին»՝ Ռոբերտո Բաջոյին, իսկ «Միլանում» անձեռնմխելի են «3» ու «6» համարի մարզաշապիկները․ դրանք հիշեցնում են հայր և որդի Մալդինիներին ու Ֆրանկո Բարեզիին։

Սրանք գեղեցիկ պատմություններ են, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են՝ ֆուտբոլն ուղղակի խաղ չէ. այն զգացմունք է, ամենաազնիվ ու ամենամաքուր զգացմունքը․․․


