Միլանի «Ինտերի» ուլտրասը հայտարարություն է տարածել` դժգոհելով Չեմպիոնների լիգայի եզրափակիչի տոմսերի վաճառքի քաղաքականությունից:
Նրանց պնդմամբ` ՈՒԵՖԱ-ն հավատարիմ երկրպագուների փոխարեն նախապատվություն է տվել հովանավորներին, գործընկերներին, տուրիստական կազմակերպություններին:
«Չեմպիոնների լիգայի եզրափակիչից մեկ շաբաթ առաջ մենք այս տողերը գրում ենք հիասթափությամբ ու զայրույթով։ Մենք ամբողջ մրցաշրջանի ընթացքում զոհեր ենք եղել, անարդարացիորեն թիրախավորվել ենք իշխանությունների ու ոստիկանության կողմից մեզ հետ կապ չունեցող հարցերի համար, բախվել ենք աննախադեպ ճնշումների Միլանում։
Չնայած դրան՝ մենք մնացել ենք թիմի կողքին։ Հիմա՝ Մյունխենի եզրափակիչից մի քանի օր առաջ, մեզ բոլորիս զրկել են «Ինտերին» աջակցելու հնարավորությունից:
«Ինտերը» մեր կյանքն է, և ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել։ Մենք պահանջում ենք հարգանք, ոչ թե արտոնություններ։
Ոչ ոք չի մտնի ստադիոն, արժանապատվությունը գերազանցում է ցանկացած տիտղոսի»,- նշված է հայտարարությունում:
Բողոքի ակցիա է նախատեսված մայիսի 26-ին` Իտալիայի ժամանակով 18:00-ին, «Ինտերի» Վիալե դելա Լիբերացիոնեի գլխավոր գրասենյակի մոտ:
Հիշեցնենք, որ «Ինտեր» - ՊՍԺ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին «Մյունխենի Ֆուտբոլի Արենայում», կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտով»: