Logo

Մխիթարյանը` գոլի հեղինակ. «Ինտերի» և «Յուվենտուսի» ներկայացումն Իտալիայի գլխավոր դերբիում

22:58 / 27.10.2024Ֆուտբոլ
null

Ա սերիայի 9-րդ տուրում կայացած Իտալիայի գլխավոր դերբիում գործող չեմպիոն Միլանի «Ինտերն» ու Թուրինի «Յուվենտուսը» ներկայացում էին պատրաստել. հանդիպումն ավարտվեց 4-4 հաշվով։

15-րդ րոպեին միլանյան ակումբից հաշիվը բացեց լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին, սակայն «Բյանկոներին» շատ արագ ոչ միայն խփեց պատասխան գոլը, այլև հայտնվեց հաղթողի դերում. 20-րդ ու 27-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար սերբ հարձակվող Դուշան Վլահովիչն ու ամերիկացի վինգեր Տիմոտի Վեան։

35-րդ րոպեին «Ներաձուրիի» գեղեցիկ գրոհը տպավորիչ հարվածով եզրափակեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն ընթացիկ մրցաշրջանում խփեց առաջին գոլը։ Հայ ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

37-րդ րոպեին Զելինսկին այս խաղում երկրորդ անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու կրկին առաջ մղեց «Ինտերին», իսկ 53-րդ րոպեին նիդերլանդցի պաշտպան Դենզել Դումֆրիսը հաշիվը դարձրեց 4-2։

Թվում էր, թե Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը բաց չի թողնի հաղթանակը, սակայն փոխարինման դուրս եկած թուրք հարձակվող Կենան Յիլդիզը 71-րդ ու 82-րդ րոպեներին գրավեց տանտերերի դարպասը և թրիլերային ոչ-ոքի կորզեց «Յուվենտուսի» համար։

«Ինտերը» միավորների քանակը հասցրեց 18-ի և զբաղեցնում է երկրորդ տեղը, «Յուվենտուսը» 17 միավորով երրորդն է։

Իտալիայի Ա սերիա, 9-րդ տուր

«Ինտեր» - «Յուվենտուս»` 4-4 

Պյոտր Զելինսկի, 15 (11մ), 37 (11մ), Հենրիխ Մխիթարյան, 35, Դենզել Դումֆրիս, 53 - Դուշան Վլահովիչ, 20, Տիմոտի Վեա, 27, Կենան Յիլդիզ, 71, 82

fastnews-ads-banner