Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Ռուի Մոտան պորտուգալական MaisFutebol-ին տված ծավալուն հարցազրույցում խոսել է նաև բուլղարական «Լուդոգորեցը» գլխավորելու շարժառիթի մասին:
««Լուդոգորեցն» այլ մակարդակի ակումբ է, որը պայքարում է տիտղոսների համար: «Նոայում» այլևս նոր բան անելու հնարավորություն չունեինք: Այնտեղ մեր փուլն ավարտեցինք գերազանցությամբ: «Նոային» օգնեցինք աճել և կազմակերպվել բոլոր մակարդակներում:
«Լուդոգորեցը» նախորդ անգամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլին մասնակցել է 2016/17 մրցաշրջանում: Սա նոր մարտահրավեր է մեզ համար: «Նոայի» հետ նախորդ տարի նվաճեցինք Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր: Այստեղ էլ նվազագույն կետը պետք է նույնը լինի:
«Նոայի» հետ, որպես գլխավոր մարզիչ, նվաճեցի առաջին տիտղոսս: Այն շատ յուրահատուկ է, քանի որ առաջինն է: Առաջինը նվաճելուց հետո ցանկանում ես նվաճել երկրորդը, հետո՝ երրորդը: Այդ ուղղությամբ էլ շարունակում ենք:
Մի օր Պորտուգալիայում գլխավոր մարզիչ աշխատելու հստակ նպատակ ունեմ: Բայց այս պահին ամբողջապես կենտրոնացած եմ «Լուդոգորեցում» աշխատանքիս վրա»,- ասել է պորտուգալացի մասնագետը:


