«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Անգլիական ակումբի դարպասապահ Էդերսոնը մոտ է «Գալաթասարայ» տեղափոխվելուն: Կողմերը համաձայնեցրել են 3 տարվա պայմանագիր, որի համաձայն՝ բրազիլացին նոր ակումբում կստանա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ:
Այնուամենայնիվ, Էդերսոնի տեղափոխությունը դեռևս կայացած փաստ չէ, քանի որ թուրքական ակումբն առաջարկել է 3 միլիոն եվրո, իսկ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գործարքից ստանալ 10 միլիոն եվրո:
Դոնարուման մերժել է ՊՍԺ-ի կողմից պայմանագրի երկարաձգման առաջարկը և չի ընդգրկվել «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման հայտացուցակում, քանի որ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:
Անգլիական գրանդը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը և Էդերսոնին բաց թողնելու դեպքում ամեն ինչ կանի՝ Դոնարումայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար: Իտալացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Բավարիան»:


