Հուլիսի 24-ին ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ երևանյան հանդիպումով «Արարատ-Արմենիան» կսկսի ելույթները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում: Նախորդ առաջնության արծաթե մրցանակակիրը մրցասպարեզ դուրս կգա նոր գլխավոր մարզիչ, պորտուգալացի Մանուել Տուլիպայի գլխավորությամբ ու բավականին փոփոխված կազմով: Մասնավորապես, թիմից հեռացել են «Արարատ-Արմենիայի» գլխավոր ռմբարկուներ Մարիուս Նուբիսին և Տենտոն Յենեն, Էրիկ Օկանսին, Հովհաննես Հարությունյանը, Ամոս Նոնդին, Հենրի Ավագյանն ու Դանիլո Կուչերը:

«Արարատ-Արմենիան» 6-րդ անգամ է մասնակցելու եվրագավաթների մրցաշարերին: Թիմի նորամուտը տեղի է ունեցել 2019թ. հուլիսի 9-ին Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում շվեդական ԱԻԿ-ի հետ կայացած խաղում: Ֆուտբոլային նորաստեղծ կոլեկտիվը, որ Բարձրագույն խմբում իր առաջին մրցաշրջանը նշանավորել էր Հայաստանի չեմպիոնի տիտղոսի նվաճմամբ, իրավունք էր ստացել մասնակցելու Չեմպիոնների լիգայի 2019/20թթ. խաղարկությանը:
Նորամուտը շատ հաջող ստացվեց: Արդեն 3-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը 11մ հարվածով բացեց հաշիվը: 39-րդ րոպեին մրցակիցը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, սակայն առաջին խաղակեսի վերջին րոպեին կրկին աչքի ընկավ Ավետիսյանը՝ դառնալով դուբլի հեղինակ: 2-1 հաշիվը պահպանվեց մինչև խաղավարտ:

«Արարատ-Արմենիան» դարձավ հայկական առաջին ակումբը, որ հաղթանակով նշեց նորամուտը Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Եվ միայն ընթացիկ մրցաշրջանում «Նոային» հաջողվեց կրկնել այդ ցուցանիշը:
Ցավոք, պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը 1-3 հաշվով պարտվեց ու դուրս մնաց Չեմպիոնների լիգայի մրցաշարից: Սակայն այն ժամանակ գործող մրցակարգի համաձայն, «Արարատ-Արմենիան» պայքարը շարունակեց Եվրոպա լիգայի խաղարկությունում: Որակավորման 2-րդ փուլում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթահարեց Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը (2-0, 2-1), իսկ հաջորդ փուլում առավելության հասավ վրացական «Սաբուրթալոյի» նկատմամբ՝ 1-2, 2-0:
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում մրցակիցը Լյուքսեմբուրգի «Դյուդելանժն» էր: «Արարատ-Արմենիան» հիանալի հնարավորություն էր ստացել հայկական ակումբներից առաջինը խմբային փուլի ուղեգիր նվաճելու: Դրամատիկ պայքարում ընթացած երկու հանդիպումներում էլ Հայաստանի չեմպիոնը մեծ առավելություն ուներ, սակայն չկարողացավ խմբային փուլի ուղեգիր նվաճել:
Երևանում կայացած առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց ընդամենը 2-1 հաշվով, ընդ որում հաղթական գնդակն Իլյա Անտոնովը խփեց ավելացված ժամանակում:
Հյուրընկալվելիս էլ «Արարատ-Արմենիան» չօգտագործեց գոլ խփելու իր մի շարք հնարավորությունները: Արդեն 21-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնը կարող էր բացել հաշիվը, սակայն Անտոն Կոբյալկոն չիրացրեց 11մ հարվածը: 3 րոպե անց Մաիլսոն Լիման հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին, սակայն 2-րդ խաղակեսում դաշտի տերերը 2 անգամ գրավեցին Դմիտրի Աբակումովի պաշտպանած դարպասը: Հետխաղյա 11մ հարվածաշարում 5-4 հաշվով հաղթեց «Դյուդելանժը»: Վճռորոշ եղավ Գեորգի Պաշովի վերջին հարվածը, որը շեղ ստացվեց:
Հաջորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» նույնությամբ կրկնեց իր արդյունքը՝ կրկին հասնելով մինչև Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ: Այդ արդյունքն «Արարատ-Արմենիայի» համար առայժմ լավագույնն է եվրագավաթներում:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով 2020/21թթ. մրցաշրջանում եվրագավաթներում մրցակիցները միայն մեկ խաղ էին անցկացնում միմյանց հետ: Չեմպիոնների լիգայի մրցաշարում «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում պարտվեց Կիպրոսի «Օմոնիային», ընդ որում միակ գոլը խփվեց լրացուցիչ ժամանակում:

Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում Դավիդ Կամպանյայի սաները գերդրամատիկ պայքարում 4-3 հաշվով հաղթեցին Լյուքսեմբուրգի «Ֆոլային»: «Արարատ-Արմենիան» մրցակցին զիջում էր 1-3 հաշվով, սակայն ավելացված ժամանակում Մաիլսոն Լիման 2 անգամ հստակ իրացնելով 11մ հարվածները, վերականգնեց հավասարակշռությունը: Իսկ լրացուցիչ ժամանակում Սերգեյ Վակուլենկոն խփեց հաղթական գնդակը:
Նա դարձավ նաև հաջորդ փուլում Սլովենիայի «Ցելյեի» հետ կայացած հանդիպման հերոսը՝ կրկին լրացուցիչ ժամանակում խփելով միակ գոլը: Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիան» 1-2 հաշվով պարտվեց «Ցրվենա Զվեզդային» և ավարտեց ելույթները:
«Արարատ-Արմենիան» 3-րդ անգամ է եվրագավաթներում պայքարը սկսելու Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլից: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2022/23թթ. մրցաշրջանում: Էստոնական «Պայդեի» հետ կայացած երկու խաղերում էլ գոլազուրկ ոչ-ոքի էր գրանցվել, իսկ հետխաղյա 11մ հարվածաշարում 5-3 հաշվով հաղթել էր մրցակիցը:
Եվրագավաթների նախորդ խաղարկության մեկնարկն ավելի հաջող էր «Արարատ-Արմենիայի» համար, որը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում պայքարից դուրս էր մղել մոլդովական «Զիմբրուին»՝ 3-0, 3-1:

Հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» հետ հաջորդ փուլի հանդիպումները դրամատիկ ավարտ ունեցան: Երևանյան խաղում մրցակիցը միակ գոլը խփեց վերջին րոպեներին ու հաղթեց: Հյուրընկալվելիս «Արարատ-Արմենիան» հաղթում էր 3-2 հաշվով, սակայն ավելացված ժամանակում գոլ բաց թողեց ու դուրս մնաց հետագա պայքարից:
«Արարատ-Արմենիան» եվրագավաթներում առաջին անգամ է մրցելու ռումինական ակումբի դեմ: «Ունիվերսիտատեա Կլուժը» Ռումինիայի 7-րդ ներկայացուցիչն է, որը ևս առաջին անգամ է խաղալու հայկական ակումբի հետ: Հայ-ռումինական ֆուտբոլային դիմակայության նախորդ 15 հանդիպումներից միայն 4-ում են հաղթել հայկական թիմերը, 2-ում գրանցվել է ոչ-ոքի, 9-ում հաջողության են հասել ռումինական ակումբները: Գնդակների տարբերությունն էլ ռումինացիների օգտին է՝ 33-13:
Հայկական թիմերին միայն երկու անգամ է հաջողվել հաղթահարել ռումինացիների արգելքը: 1999/2000թթ. Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում «Արարատը» երկու խաղերում էլ նվազագույն հաշվով հաղթել է «Բաքեուին»: 2022/23թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում էլ «Փյունիկը» պայքարից դուրս է մղել «Կլուժին» (0-0, 2-2, 4-3՝11մ:

«Ունիվերսիտատեա Կլուժի» հետ հանդիպումը կլինի եվրագավաթներում «Արարատ-Արմենիայի» 23-րդ խաղը: Թիմը տարել է 9 հաղթանակ, 6 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 7 պարտություն, խփել է 34 գոլ, բաց է թողել 28 գնդակ: «Արարատ-Արմենիան» եվրագավաթների մասնակից հայկական 18 թիմերից միակն է, որ ունի խփած և բաց թողած գնդակների դրական տարբերություն:
Եվրագավաթներում թիմի լավագույն ռմբարկուն Մաիլսոն Լիման է, որի հաշվին 5 գոլ է գրանցված: Ներկայիս կազմից լավագույն ցուցանիշն ունի 2 գոլ խփած Ջոնաթան Դուարտեն: Եվրագավաթներում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը թիմի ավագ Արմեն Համբարձումյանն է, որի համար այսօրվա հանդիպումը կլինի հոբելյանական՝ 20-րդը:


