Logo

«Օծանելիք ես ցանելու և գնալու ես ԱԱ-2026-ին, իսկ ես այստեղ եմ՝ խրամատներում». Գատուզոն՝ Կանավարոյին

15:21 / 08.10.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն բացահայտել է, թե ինչ է խոսել իտալացի լեգենդար, նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոյի հետ, երբ իմացել է, որ նա ստանձնել է Ուզբեկստանի ազգային հավաքականի ղեկը, հաղորդում է Goal-ը:

«Ես զանգեցի Կանավարոյին ու ասացի. «Գրո՛ղը տանի, ի՜նչ բախտ ունես: Դու օծանելիք ես ցանելու և գնալու ես ԱԱ-2026-ին, մինչդեռ ես այստեղ եմ՝ խրամատներում»»,- պատմել է Գատուզոն:

Ֆաբիո Կանավարոն Ուզբեկստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 6-ին: Ուզբեկները պատմության մեջ առաջին անգամ նվաճել են աշխարհի առաջնության ուղեգիր ու կմասնակցեն Մունդիալ-2026-ին։

Ջենարո Գատուզոյի գլխավորած Իտալիայի հավաքականը պայքարում է՝ Մունդիալ-2026-ին որակավորվելու համար: Եվրոպական ընտրական գոտու I խմբում իտալացիները 4 խաղից հետո 9 միավորով երկրորդն են: Նույնքան միավորով երրորդ տեղում է Իսրայելի ազգային թիմը: Աղյուսակը գլխավորում է 5 խաղ անցկացրած Նորվեգիայի հավաքականը, որը վաստակել է հնարավոր առավելագույն քանակի միավորներ՝ 15:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner