Logo

Փաշիկ Ալավերդյանը հեռացվել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

20:31 / 01.12.2025Ծանրամարտ
Պաշտոնական
null

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ երկար տարիների աշխատանքից հետո Փաշիկ Ալավերդյանը հեռացվել է մեծահասակների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

«Հաշվի առնելով, որ ծանրամարտում առաջիկա տարիներին տեղի են ունենալու մեր թիմի համար կարևոր իրադարձություններ, որոնցից մեկը 2027 թվականին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որին հաջորդելու են Օլիմպիական խաղերը, որոշում է կայացվել փոփոխություններ իրականացնել ծանրամարտի մեծահասակների հավաքականում:

Երկարամյա գործունեություն իրականացրած գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին փոխարինելու է թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել ՀՀ երիտասարների հավաքականի երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանը:

Փոփոխություններ են տեղի ունեցել նաև մյուս հավաքականներում: ՀՀ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի փոխարեն թիմը գլխավորելու է 2012-2014թթ. պատանիների, 2015-2022թթ. մեծահասակների, 2022-2023թթ. կանանց հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել Երևանի ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ Վահրամ Գևորգյանը:

ՀՀ պատանիների հավաքականի երկրորդ մարզիչ է նշակավել Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզիչ Արսեն Թամրազյանը, իսկ պատանի աղջիկների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կլինի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի մարզիչ Քրիստինե Պետրոսյանը:

Ֆեդերացիայի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Փաշիկ Ալավերդյանին և Մելիք Ղուկասյանին իրենց գործունեության համար և հաջողություն մաղթում նրանց:

Առաջիկա օրերին Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը կհրավիրի մամուլի ասուլիս, որի ժամանակ կանդրադառնա կատարված փոփոխություններին»,- գրել է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

fastnews-ads-banner