Սերբական «Պարտիզանի» մամուլի ծառայությունը մեկնաբանել է ուկրաինական «Ալեքսանդրիայի» դեմ Լեհաստանում կայացած ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում տեղի ունեցած միջադեպը, հաղորդում է ТАСС-ը:
Խաղի ընթացքում ուկրաինական թիմի երկրպագուները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել «Պարտիզանի» ֆուտբոլիստների հասցեին։ Վիրավորանքներ են հնչել նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների հասցեին. ռուսական ակումբի հետ «Պարտիզանը» խաղացել է Մոսկվայում «Եղբայրության գավաթի» շրջանակում։ «Ալեքսանդրիայի» խաղացողներն էլ հրաժարվել էին խաղի մեկնարկից առաջ սերբական թիմի ֆուտբոլիստների հետ ձեռքսեղմումից։
««Պարտիզան» ֆուտբոլային ակումբը հավատարիմ է սպորտային ոգու և արդար խաղի սկզբունքներին բոլոր մրցավեճերում։ Մեր դիրքորոշումը հստակ և հետևողական է. մենք կարծում ենք, որ քաղաքականությունը տեղ չունի ֆուտբոլային մարզադաշտերում ոչ միայն այն պատճառով, որ այն ուղղակիորեն պահանջվում է ՈՒԵՖԱ-ի սկզբունքներով, այլև այն արժեքների համար, որոնք մենք ներկայացնում ենք որպես ակումբ: Մենք համոզված ենք, որ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները տեղյակ են Կատովիցեի ստադիոնում երկրպագուների անպատշաճ վանկարկումների մասին, և մենք հավատում ենք, որ նրանք կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ համաձայն գործող կանոնների և չափորոշիչների:
Դրանից բացի, մենք գիտենք, որ FARE ցանցը (կազմակերպություն, որը պայքարում է եվրոպական ֆուտբոլում ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ) մշտապես գործակցում է ՈՒԵՖԱ-ի հետ և տարիներ շարունակ պայքարում է տրիբունաներում բոլոր բացասական դրսևորումների դեմ: Նրանց կողմից պահպանվող խիստ և արդար սկզբունքները հայտնի են մեզ ու եվրոպական այլ ակումբներին, և մենք կասկած չունենք, որ դրանք կպահպանվեն նաև այս անգամ: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի երկու ակումբների միջև Բելգրադում հաջորդ հինգշաբթի կայանալիք պատասխան խաղն անցկացվի սպորտի ու ֆուտբոլի պատվին և ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված մրցաշարերին համապատասխան մթնոլորտում»,- լրատվական գործակալությանն ասել են Բելգրադը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ «Պարտիզանը» 2-0 հաշվով հաղթել էր «Ալեքսանդրիային»:


