Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հիշել է 2016 թվականի Փարիզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, երբ հինգ զինված տղամարդ ներխուժել էին նրա հյուրանոց և զենքի սպառնալիքով կողոպտել նրան։ Մոդելը պատմել է, որ հարձակման պահին ամենից շատ վախեցել է, որ իրեն կվնասեն, կբռնաբարեն կամ կսպանեն։ Նա ավազակներին հանձնել էր բոլոր զարդերը՝ մոտ 9 միլիոն եվրո արժողությամբ, այդ թվում նաև 4 միլիոն եվրո արժողությամբ նշանադրության մատանին, որը նրան էր նվիրել Քանյե Ուեսթը։
45-ամյա աստղը նոր «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուում հուզված պատմել է, որ կողոպուտից հետո շատերը չէին հավատում տեղի ունեցածին։ Նույնիսկ մեծ լսարան ունեցող հաղորդավար Հովարդ Սթեռնն էր կասկածի տակ դրել միջադեպը։

Սակայն Քիմի համար ամենացավալին եղել էր իր նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի արձագանքը։ Ռեփերը, որը Նյու Յորքում համերգ ուներ և չէր կարողացել ուղեկցել կնոջը, ասել էր.
«Դու այս կողոպուտը կազմակերպել ես շոուի համար»։
Ըստ Քիմի՝ Քանյեն այս խոսքերն ասել էր բազմաթիվ մարդկանց ներկայությամբ: Հոլիվուդյան աստղը տեղի ունեցածի մասին խոսելիս արտասվել է.
«Այս հայտարարությունն ինձ շատ ցավեցրեց, կարծես դանակ լիներ սրտիս մեջ»։


