Հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում հուլիսի 26-ին մասնակցել է գերմանական «Նյուրնբերգի» դեմ ընկերական խաղին, որը երրորդն է «Բորուսիայի» համար նախամրցաշրջանային պատրաստության շրջանակում:
«Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով՝ յուրաքանչյուր խաղակեսում խփելով մեկ գոլ:
Ռանոսը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ կեսի մեկնարկից: 77-րդ րոպեին՝ անկյունայինի խաղարկումից հետո, հայ հարձակվողը գնդակն ուղարկել է տուգանային հրապարակ: Ստեղծված խառնաշփոթի արդյունքում գնդակը բաժին է հասել «Բորուսիայի» պաշտպան Մարվին Ֆրեդրիխին, որը գրավել է դարպասը:
Հրանտ-Լեոն Ռանոսը 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը «Կայզերսլաուտեռնում» վարձավճարով անցկացնելուց հետո վերադարձել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա», որի կազմում պատրաստվում է 2025/26 մրցաշրջանին: Օրեր առաջ 22 տարեկան դարձած հարձակվողը մասնակցել է մինչմրցաշրջանային պատրաստության ընթացքում «Բորուսիայի» բոլոր 3 խաղերին: Նա երկրորդ կեսի մեկնարկից խաղադաշտ էր դուրս եկել նաև «Էրցգեբիրգե Աուեի» դեմ առաջին ընկերական խաղում (3-0), իսկ «Մետալիստ 1925»-ի դեմ երկրորդ ընկերական խաղը (1-3) սկսել էր մեկնարկային րոպեներից:


