Logo

«Սարդարապատի» հաղթական նորամուտը, «Ալաշկերտը» լքում է մրցաշարը. գավաթի նախնական փուլը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:46 / 18.09.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Նախնական փուլի 5 հանդիպումներով մեկնարկեց Հայաստանի գավաթի 2025/26թթ. խաղարկությունը:

FastNews-ը գավաթի նախնական փուլի հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Կայացած 5 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տարան, մեկ խաղում գրանցվեց ոչ-ոքի: Խփվեց 15 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3 գոլ):

2. Հայաստանի գավաթի մրցաշարին 4-րդ անգամ մասնակցող «Գանձասարը» կրկին հաջողությամբ հաղթահարեց առաջին փուլի արգելքը: Գավաթի մրցաշարերում գանձասարցիները 2-րդ անգամ մրցեցին «Ալաշկերտի» հետ ու կրկին հասան հաջողության: 2022/23թթ. խաղարկության քառորդ եզրափակչում «Գանձասարը» հետխաղյա 11մ հարվածաշարում (5-4) պայքարից դուրս էր թողել «Ալաշկերտին» (հիմնական և լրացուցիչ ժամանակում հաշիվը չէր բացվել): Գավաթի նախորդ խաղարկության նախնական փուլում «Գանձասարը» 2-0 հաշվով հաղթել էր «Արարատի Արաքսին»:

3. Իսկ ահա «Ալաշկերտը» 3-րդ տարին անընդմեջ առաջին իսկ փուլից դուրս մնաց գավաթի մրցաշարից: Նախորդ երկու մրցաշրջաններում ալաշկերտցիները չէին հաղթահարել «Նոայի» արգելքը: 2023/24թթ. խաղարկության 1/8 եզրափակչում «Ալաշկերտը» «Նոային» զիջել էր հետխաղյա 11մ հարվածաշարում՝ 8-9 (հիմնական և լրացուցիչ ժամանակում հաշիվը չէր բացվել), իսկ անցած տարի 2 անպատասխան գնդակ էր ընդունել սեփական դարպասը:

4. «Սարդարապատը» գավաթի մրցաշարում նորամուտը հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ նշեց՝ հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթելով «Միկային»: Գավաթի մրցաշարում թիմի առաջին երկու գոլերի հեղինակ Վրեժ Մկրտչյանը գլխավորեց լավագույն ռմբարկուների ցանկը: Նա բացեց գոլերի հաշիվը գավաթի մրցաշարերում:

5. Սպիտակը ներկայացնող նորաստեղծ «Հայքը» գավաթի մրցաշարում նորամուտը պարտությամբ նշեց՝ հյուրընկալվելիս 1-3 հաշվով զիջելով «Սյունիքին»: Թիմի առաջին գոլի հեղինակ դարձավ Էրիկ Ազիզյանը՝ հստակ իրացնելով 11մ հարվածը: Նա բացեց գոլերի հաշիվը գավաթի մրցաշարերում:

6. Հայաստանի գավաթի մրցաշարին 2-րդ անգամ մասնակցող «Արարատի Արաքսը» ոչ միայն բացեց գոլերի հաշիվը պատվավոր մրցանակի խաղարկություններում, այլև հետխաղյա 11մ հարվածաշարում 7-6 հաշվով (հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1) հաղթելով «Լեռնային Արցախին», մտավ 1/8 եզրափակիչ: Թիմի առաջին գոլի հեղինակը Վլադիմիր Զաքարյանն էր: Նա ևս բացեց գոլերի հաշիվը գավաթի մրցաշարերում:

Հիշեցնենք, որ գավաթի նախորդ խաղարկության նախնական փուլում «Արարատի Արաքսն» Արմավիրում 0-2 հաշվով զիջել էր «Գանձասարին»:

7. «Անդրանիկին» միայն 3-րդ փորձից հաջողվեց ոչ միայն բացել գոլերի հաշիվը գավաթի մրցաշարերում, այլև առաջին անգամ հաղթահարել նախնական փուլի արգելքը: Նախորդ երկու խաղարկություններում Վարդենիսը ներկայացնող թիմը նախնական փուլում մեկական խաղ է անցկացրել՝ պարտվելով համապատասխանաբար ԲԿՄԱ-ին (0-6) և «Վանին» (0-3):

Թիմի ֆուտբոլիստներ Իսմաիլ Օլավալեն և Խուան Բարենեչին գավաթի մրցաշարերում բացեցին գոլերի հաշիվը:

8. Իսկ ահա «Բենտոնիտին» կրկին չհաջողվեց գավաթի մրցաշարերում բացել գոլերի հաշիվը՝ 0-3 հաշվով զիջելով «Անդրանիկին»: Իջևանը ներկայացնող թիմն անցյալ տարի գավաթի մրցաշարում նորաամուտը նշել էր «Լեռնային Արցախից» 0-7 հաշվով կրած պարտությամբ:

9. Գավաթի մրցաշարերում իրենց առաջին գոլերը խփեցին նաև «Սյունիքի» ֆուտբոլիստներ Յոահիմ Ամիեկորին ու Արմեն Հովհաննիսյանը, գանձասարցիներ  Բերտրան Մանին ու Նարեկ Ալավերդյանը, ալաշկերտցի Խուան Կամպոսը և «Միկան» ներկայացնող Ալիկ Հովհաննիսյանը: 

10. «Լեռնային Արցախում» հանդես եկող Ռումյան Հովսեփյանը գավաթի մրցաշարերում 4-րդ գոլը խփեց: Նախկինում նա մեկական անգամ աչքի էր ընկել «Իմպուլսի», «Ուրարտուի» և «Ալաշկերտի» կազմերում:

fastnews-ads-banner