Հուլիսի 7-11-ն Արմավիրի քաղաքային ստադիոնում տեղի է ուեցել Մադրիդի «Աթլետիկոյի» ակադեմիայի ֆուտբոլային ճամբարը, FastNews-ին հայտնում է «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:
Ճամբարը կազմակերպել էր «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը՝ հավատարիմ մնալով բարձրակարգ եվրոպական ֆոտբոլային կրթությունը Հայաստանի երեխաներին ու պատանիներին հասանելի դարձնելու իր սկզբունքին: Ակումբն արդեն երկրորդ անգամ էր հյուրընկալում իսպանական գրանդի ակադեմիայի մարզիչներին:
Մեկշաբաթյա հագեցած մարզումներ են անցկացվել «Աթլետիկոյի» ակադեմիայի մեթոդաբանությամբ՝ ադապտացնելով այն մասնակիցների խաղամակարդակին և փորձին:
«Ակումբի հիմնախնդիրներից է Հայաստան բերել միջազգային ստանդարտներին համապատասխան ֆուտբոլային կրթություն, և «Աթլետիկոյի» այս ճամբարը կարևոր քայլ է դեպի այդ նպատակը»,- ասել է «Սարդարապատի» գլխավոր տնօրեն Անուշ Անանյանը:
5-օրյա ճամբարը ոչ միայն ֆուտբոլային տոն է պարգևել շուրջ 70 մասնակիցների, այլև դարձել է նրանց համար միջմշակութային շփման յուրօրինակ փորձառություն. ճամբարին մասնակցել են երեխաներ ու պատանիներ ոչ միայն Հայաստանից, այլև Արգենտինայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Իրանից և աշխարհի այլ երկրներից:
Լավագույն մասնակիցներից մեկն էլ շահել է ուղևորություն դեպի Մադրիդ՝ մասնակցելու «Աթլետիկոյի» ակադեմիայի մեկշաբաթյա մարզումային ծրագրին:
«Ճամբարի ընթացքում ամենաոգեշնչողը երեխաների ոգևորվածությունն էր խաղով և դրան զուգահեռ նրանց կողմից «Աթլետիկոյի» արժեքները սովորելը: Նման ծրագրերն օգնում են նրանց զարգացնել ոչ միայն ֆուտբոլային, այլև առհասարակ մարդկային հատկանիշները»,- նշել է իսպանացի մարզիչ Խորխե Գիյոմիան:
«Սարդարապատը» նպատակադրված է շարունակել հետևել իր առաքելությանը՝ կամուրջ հանդիսանալ հայկական ու եվրոպական ֆուտբոլի միջև:
Ավելի վաղ ակումբը հայտարարել էր պրոֆեսիոնալ թիմի ստեղծման մասին, որը գալիք մրցաշրջանում կսկսի իր մրցելույթները Հայաստանի Առաջին խմբում՝ հարթելով իր ճանապարհը հայկական ակումբային ֆուտբոլում: