Առողջական լուրջ խնդիրներից հետո Սելին Դիոնը պատրաստվում է բեմ վերադառնալ։ Երգչուհին այդ մասին պատմել է Harper’s Bazaar-ին՝ դառնալով ամսագրի շապիկի հերոսուհին։
2022 թվականին Դիոնի մոտ ախտորոշվել էր հազվադեպ հանդիպող աուտոիմուն նյարդաբանական խանգարում՝ կոշտ մկանների համախտանիշ։ Հիվանդության պատճառով մկանները կարող էին կարկամել, իսկ երգչուհին երբեմն այնպիսի ուժեղ ցավեր է ունեցել, որ դժվարացել է քայլել ու շփվել մարդկանց հետ։
Դիոնը հիվանդության ախտանիշները նկատել էր դեռ տարիներ առաջ, սակայն պաշտոնական ախտորոշումը ստացել է միայն 2022-ին։ Առողջական խնդիրների պատճառով նա ստիպված է եղել չեղարկել համերգներն ու 2023 թվականի համաշխարհային շրջագայությունը։ Վերջին վեց տարիներին երգչուհին բեմ է բարձրացել միայն մեկ անգամ՝ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։
Այժմ Դիոնը վերականգնողական ինտենսիվ ծրագիր է անցնում՝ զբաղվելով ֆիզիկական և վոկալ թերապիայով, իմունոթերապիայով և մարզումներով։ Փարիզյան համերգներին նախապատրաստվելիս նա շաբաթական երեք անգամ 90 րոպե պիլատես էր անում, իսկ մյուս օրերին՝ բալետի դասերի մասնակցում։
Երգչուհին սեպտեմբերի կեսերից հինգ շաբաթով մեկնելու է Փարիզ, որտեղ նախատեսված են նրա համերգները։ Տոմսերը մեծ արագությամբ սպառվել են, և արդեն վաճառվում են նաև 2027 թվականի մայիսին նախատեսվող ելույթի տոմսերը։
Դիոնի խոսքով՝ բեմ վերադառնալու հնարավորությունն իր համար կյանքի վերադարձ է։ Նա ասում է, որ ամենից շատ կարոտել է հանդիսատեսին և ցանկանում է ցույց տալ, որ ինքը կրկին պատրաստ է ելույթ ունենալ։
Կոշտ մկանների համախտանիշը վերջնական բուժում չունի։ Այդ պատճառով 2024 թվականին Դիոնի հիմնադրամը 2 միլիոն դոլար է տրամադրել աուտոիմուն նյարդաբանական խանգարումների հետազոտությանը.
«Կյանքը միշտ չէ, որ գեղեցիկ է․ երբեմն ուրախ է, երբեմն՝ տխուր։ Փոխանակ ամեն ինչ կասկածի տակ դնելուն՝ կարելի է պարզապես ապրել։ Ես էլ հենց դա եմ անում՝ ապրում եմ իմ կյանքը»,— ասել է երգչուհին։





