Logo

Սերգեյ Մուրադյանի ուշագրավ ցուցանիշը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:32 / 02.11.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

«Արարատ-Արմենիայի» հետ Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խաղում «Նոայի» պաշտպան Սերգեյ Մուրադյանի ֆուտբոլային կարճատև կարիերայում նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: Սերգեյը դարձավ «Նոայի» կազմում բոլոր մրցաշարերում 100 խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստը:

100 խաղերից 72-ը Մուրադյանն անցկացրել է Fastex Պրեմիեր լիգայում (Ա), 6-ը՝ Հայաստանի գավաթի (Գ), 22-ը՝ եվրագավաթների (Ե) մրցաշարերում:

Սերգեյ Մուրադյանը նաև Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի քանակով է «Նոայի» ռեկորդակիրը: Այդ պատվին նա արժանացել էր օգոստոսի 3-ին «Շիրակի» հետ կայացած առաջնության մեկնարկային տուրի խաղում՝ 64-րդ անգամ խաղադաշտ դուրս գալով հարազատ թիմի մարզաշապիկով: Նա գերազանցել էր Մաքսիմ Մայրովիչի ռեկորդային ցուցանիշը, որը «Նոայում» Հայաստանի առաջնություններում 63 խաղի էր մասնակցել:

Իսկ ավելի վաղ՝ ապրիլի 13-ին ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում մտնելով փոխարինման, Սերգեյ Մուրադյանը «Նոայում» բոլոր մրցաշարերում 72-րդ խաղն էր անցկացրել ու դարձել էր թիմի ռեկորդակիրը պաշտոնական մրցումներում: Նա գերազանցել էր Բենիկ Հովհաննիսյանի ցուցանիշը:

Սերգեյ Մուրադյանին ընդամենը 2,5 մրցաշրջան պահանջվեց թիմի ռեկորդակիր դառնալու համար: Նա «Նոայում» հայտնվեց 2023թ. փետրվարին՝ Հայաստան տեղափոխվելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» երիտասարդական թիմից: Եվ արդեն փետրվարի 27-ին ԲԿՄԱ-ի հետ 2022/23թթ. առաջնության գարնանային հատվածի մեկնարկային տուրի խաղում Մուրադյանը նշեց նորամուտը «Նոայում»:

Թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը պատանի ֆուտբոլիստին ընդգրկել էր մեկնարկային կազմում: 33-րդ րոպեին Սերգեյն իր տեղը զիջեց փորձառու Կարեն Մուրադյանին: Խաղի օրը թիմի նորեկը 18 տարեկան 184 օրական էր: Նա ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Նոայում» խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում:

«Ուրարտուի» հետ հաջորդ տուրի խաղն անհաջող դասավորվեց Սերգեյ Մուրադյանի համար, որը 59-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից՝ թիմակիցներին թողնելով 10 հոգով: Մրցակցին ի վերջո հաջողվեց իրացնել թվային առավելությունն ու խաղավերջում խփած 2 անպատասխան գոլերի շնորհիվ հաղթեց:

Առաջնության վերջին 9 հանդիպումներում Մուրադյանը թիմի մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման: Ճիշտ է, «Վանի» հետ ավարտական տուրի խաղում Մուրադյանն ավելացված ժամանակում հեռացվեց խաղադաշտից՝ առաջնությունում 2-րդ անգամ արժանանալով կարմիր քարտի:

Ընդհանուր առմամբ` պատանի ֆուտբոլիստը 2022/23թթ. առաջնությունում 14 խաղի մասնակցեց: Հաջորդ մրցաշրջանում նա արդեն թիմի հիմնական կազմի խաղացող էր՝ մասնակցելով 24 խաղի: Սերգեյ Մուրադյանն իր առաջին մեդալը ստացավ՝ թիմակիցների հետ դառնալով առաջնության արծաթե մրցանակակիր:

2024/25թթ. մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստն իր կարճատև ֆուտբոլային կարիերայում հասավ ամենամեծ հաջողությանը՝ թիմակիցների հետ նվաճելով Հայաստանի չեմպիոնի ու գավաթակրի տիտղոսները, եվրագավաթներում էլ մասնակցեց Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի հանդիպումներին:

Նախորդ մրցաշրջանում Մուրադյանը բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում՝ 2024թ. նոյեմբերի 20-ին գրավելով «Արարատի» դարպասը: «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում էլ նա առաջնությունում անցկացրած 25 հանդիպումներում իր 2-րդ գոլը խփեց:

Երիտասարդ ֆուտբոլիստի հուսալի խաղը չէր կարող անտարբեր թողնել ՀՀ հավաքականի մարզիչներին: 2024թ. մարտի 26-ին Պրահայում չեխերի հետ կայացած ընկերական խաղում Մուրադյանը նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում: Ալեքսանդր Պետրակովը խաղավերջում նրան խաղադաշտ դուրս բերեց Ստյոպա Մկրտչյանի փոխարեն:

Սեպտեմբերի 7-ին Մուրադյանը պաշտոնական առաջին խաղն անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականում՝ լատվիացիների հետ Ազգերի լիգայի մրցաշարի երևանյան խաղի 76-րդ րոպեին փոխարինելով Անդրե Կալիզիրին: 21-ամյա Սերգեյ Մուրադյանը Հայաստանի ազգային հավաքականում արդեն 13 խաղի է մասնակցել:

FastNews-ը ներկայացնում է «Նոայում» բոլոր մրցաշարերում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակը:

Ֆուտբոլիստներ

Ա

Գ

ՍԳ

Ե

ԸՆԴ

1. Սերգեյ Մուրադյան

72

6

-

22

100

2. Գոռ Մանվելյան 

54

7

-

20

81

3. Հովհաննես Համբարձումյան

54

7

-

14

75

4. Բենիկ Հովհաննիսյան

61

6

1

3

71

5. Մաքսիմ Մայրովիչ

63

6

-

-

69

6. Յուրի Գարեգինյան

57

7

1

-

65

7. Վալերիո Վիմերկատի

55

7

1

1

64

8. Ալեքսանդր Միլկովիչ

45

5

-

12

62

9. Ջորդի Մոնրոյ Արարատ

54

5

1

2

62

10. Վիրժիլ Պինսոն

37

6

-

19

62

fastnews-ads-banner