Օգոստոսի 1-ին «Գանձասար»- «Արարատ» հանդիպումով կտրվի Fastex Պրեմիեր լիգայի 34-րդ առաջնության մեկնարկը: FastNews-ը ֆուտբոլասերներին պարբերաբար տեղեկացրել է մասնակից 10 թիմերում տեղի ունեցած փոփոխությունների, նոր մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքների մասին:
Այսօր կանդրադառնանք մեկնարկող նոր մրցաշրջանում սպասվող ուշագրավ իրադարձություններին: Հուսով ենք, որ ստորև ներկայացվող փաստերը թիմերի և առանձին ֆուտբոլիստների համար խթան կհանդիսանան դրանք իրականություն դարձնելու համար:
Սկսենք Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայից»: Թիմի տարած առաջին հաղթանակը կլինի 100-րդը ՀՀ առաջնություններում, իսկ խփած 21-րդ գնդակը՝ 350-րդը:
Օգոստոսի 3-ին «Շիրակի» հետ մեկնարկային խաղին մասնակցելու դեպքում Սերգեյ Մուրադյանը կդառնա Fastex Պրեմիեր լիգայում թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով (64) «Նոայի» ռեկորդակիրը՝ գերազանցելով Մաքսիմ Մայրովիչի ռեկորդային ցուցանիշը:
«Նոայում» կփոխվի նաև Հայաստանի առաջնություններում թիմի գլխավոր ռմբարկուն: Նախորդ մրցաշրջանում թիմում նորամուտը նշած և 20 գոլով առաջնության լավագույն ռմբարկու ճանաչված Գոնսալու Գրեգորիուին ընդամենը 4 գնդակ է անհրաժեշտ Արթուր Միրանյանի ռեկորդային ցուցանիշը գերազանցելու համար:

30-ամյա Գրեգորիուն կարող է նաև արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանել, եթե առաջնության աշնանային հատվածում նվազագույնը 6 գոլ խփի: Նրա հաշվին նախորդ առաջնության գարնանային հատվածում 8 գոլ էր գրանցված: Այսպիսով, 2025թ. օրացուցային տարում նրա խփած գոլերի թիվը կկազմի 14: Պորտուգալացի ֆուտբոլիստը կգերազանցի «Արարատ-Արմենիայի» նախկին հարձակվող Մոհամեդ Յատարայի տարիքային ռեկորդը, որը 2023թ. օրացուցային տարում 30 տարեկանում 13 գոլ էր խփել:
Օգնյեն Չանչարևիչն առաջնությունում 9 խաղ անցկացնելու դեպքում կդառնա Fastex Պրեմիեր լիգայում 200 խաղի սահմանագիծը հատած այլազգի առաջին դարպասապահը:

«Արարատ-Արմենիայի» համար առաջնությունում խփած առաջին գոլը կլինի հոբելյանական՝ 400-րդը:
21-ամյա Մեթյու Գբոմադուն առաջնության աշնանային հատվածում մրցակիցների դարպասը 4 անգամ գրավելու դեպքում 2025թ. օրացուցային տարում խփած գոլերի թիվը կհասցնի 7-ի ու կգերազանցի «Արարատ-Արմենիայի» նախկին ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 6 գոլ էր խփել:
Ուշագրավ իրադարձություն է սպասվում «Ուրարտու» ակումբում: Իր ողջ ֆուտբոլային կարիերան հարազատ ակումբում անցկացրած Կարեն Մելքոնյանը ՀՀ առաջնություններում թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով կարող է դառնալ «Ուրարտուի» ռեկորդակիրը:

Դրա համար Մելքոնյանին նոր մրցաշրջանում անհրաժեշտ կլինի մասնակցել առնվազն 11 խաղի: Այդ դեպքում նա կգերազանցի թիմի ներկայիս ռեկորդակիր Արամ Բարեղամյանի ցուցանիշը, որը 180 խաղ է անցկացրել «Ուրարտուի» կազմում:
Փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոն ինքնատիպ նվաճման կարող է հասնել, եթե պաշտոնական մրցումներում 10 գոլ խփի: Նա կդառնա հայկական ակումբներում բոլոր մրցաշարերում 100 գոլի սահմանագիծը հատած այլազգի առաջին ֆուտբոլիստը:
33-ամյա նիգերիացի ֆուտբոլիստը կարող է գերազանցել իր նախկին թիմակից Սերժ Դեբլեի արդյունավետության տարիքային ռեկորդը, եթե առաջնության աշնանային հատվածում 6 գոլ խփի: Այդ դեպքում 2025թ. օրացուցային տարում Օտուբանջոյի հաշվին կլինի 9 գոլ: Դեբլեն 2022թ. 33 տարեկանում առաջնությունում 8 գոլ է խփել:

«Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը կարող է դառնալ Fastex Պրեմիեր լիգայում թիմի կազմում բոլորից շատ խաղ անցկացրած այլազգի ֆուտբոլիստը, եթե ընդամենը 3 անգամ պաշտպանի դարպասը: Այդ դեպքում նա կգերազանցի թիմի կազմում 112 խաղի մասնակցած Խոսե Կառաբալյոյի ռեկորդային ցուցանիշը:
35-ամյա Բուչնևը կարող է ևս մեկ ռեկորդ սահմանել, եթե առաջնության աշնանային հատվածում դարպասը 5 անգամ անառիկ պահի: Այդ դեպքում 2025թ. օրացուցային տարում նրա անցկացրած «չոր» խաղերի թիվը կհասնի 7-ի և ռուս դարպասապահը կգերազանցի նախկին փյունիկցի Արմեն Ավագյանի տարիքային ռեկորդը:
Նշանակալի իրադարձություն է սպասում «Շիրակից» «Վան» տեղափոխված Հրայր Մկոյանի ֆուտբոլային հարուստ կենսագրությունում: Առաջնության 27 հանդիպումներից առնվազն 21-ին մասնակցելու դեպքում Մկոյանն Արտակ Գրիգորյանից հետո կդառնա 21-րդ դարում Հայաստանի առաջնություններում 400 խաղ անցկացրած երկրորդ ֆուտբոլիստը:
Մկոյանը, որ սեպտեմբերի 2-ին կնշի 39-ամյակը, «Վանում» նորամուտը նշելուց հետո կդառնա Fastex Պրեմիեր լիգայում չարենցավանյան թիմի կազմում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը: «Շիրակի» նախկին ավագը կգերազանցի Նիկոլայ Ցիգանի ռեկորդային ցուցանիշը, որն իր վերջին խաղը «Վանում» անցկացրել է 37 տարեկան 118 օրականում:

«Վանից» «Ալաշկերտ» տեղափոխված Արսեն Բեգլարյանը հուսալի գործելու դեպքում կարող է ՀՀ առաջնություններում 100-րդ «չոր» խաղն անցկացնել: Դրա համար անհրաժեշտ կլինի դարպասը 6 անգամ անառիկ պահել: Գևորգ Կասպարովից և Հարություն Աբրահամյանից հետո Բեգլարյանը կդառնա նման ցուցանիշ գրանցած ընդամենը 3-րդ դարպասապահը:
«Շիրակին» երկու հոբելյան է սպասվում: 8-րդ խաղը կլինի 900-րդը, խփած 32-րդ գոլը՝ 1500-րդը ՀՀ առաջնություններում: «Ալաշկերտն» էլ կնշի 500-րդ գոլի հոբելյանը, որը կլինի խփած 5-րդ գնդակը:


