Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանի հրավերով Հայաստում է եղել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի ղեկավար Շամիլ Տարպիշչևը, հայտնում է ՀԹՖ մամուլի ծառայությունը։
Տարպիշչևը խոսել է հայկական թենիսի մասին.
«Նախորդ անգամ Հայաստանում եղել եմ նախորդ տարվա հոկտեմբերին։ Ամեն տարի 2-3 անգամ այցելում եմ Հայաստան. կարծես հիմա տանը լինեմ։ Արդեն երկրորդ տարին է՝ մասնակցում ենք տղամարդկանց ու կանանց մրցաշարերին։ Երիտասարդների համար սա լավ փորձառություն է։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակում հայտնվելու համար առաջին միավորները նրանք հենց նման մրցաշարերում են վաստակում։ ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում եղել եմ այստեղ, հավաքներ եմ անցկացրել։ Այն ժամանակ կորտեր չկային, միայն ֆիզիկական պատրաստվածությունն էինք բարելավում, իսկ հիմա գալիս ենք նաև թենիս խաղալու։ Մեզ հաճելի միջավայր է։ Կան լավ կորտեր, լավ մարզաբազա՝ լեռներում։ Սա կարևոր է մարզիկների վերականգնման համար։ Բոլորս գոհ ենք։ Ես նախորդ երկու տարիներին հանդիպել եմ Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ: Այդ հանդիպմանը 13 օլիմպիական չեմպիոն էր ներկա։ Այստեղ եմ բերել տարբեր մարզաձևերի օլիմպիական չեմպիոնների։ Սա ապացուցում է, որ կարելի է Ծաղկաձորը դարձնել մարզական հզոր կենտրոն, ինչպիսին ԽՍՀՄ-ի ժամանակ էր։ Ավանդույթները մեծ են, կլիման՝ յուրահատուկ: 1895 մետր ծովի մակարդակից բարձրությունը ցանկացած սպորտաձևի, մարզիկների ֆունկցիոնալ վիճակը բարելավելու համար իդեալական է։ Ավելի լավ տեղ դժվար կլինի գտնել։ Մենք՝ որպես թենիսիստներ, վերջին տարիներին այստեղ ենք մարզվել, ու պատահական չէ, որ անցած տարի հաղթել ենք բազմաթիվ միջազգային մրցաշարեր, հաղթանակների քանակով սահմանել ենք նոր ռեկորդ։
Թենիսը Հայաստանում ունի մեծ ավանդույթներ։ Այն դպրոցը, որ կար, ցավոք, մեծ հաշվով այլևս չի գործում, բայց ավանդույթները մնում են: Կարծում եմ, որ Հայաստանում թենիսի վերածննդի ժամանակն է։ Տեսնելով նախորդ սերունդներին` մտածում եմ, որ կարելի է արագ տեմպերով ապահովել թենիսի «վերածնունդը»։
Ես երկար տարիներ ճանաչում են Վարդան Զաքարյանին ու նրա ընտանիքին։ Լավ գիտեմ նար հայրիկին, որը 10 տարի եղել է սպորտի նախարարի պաշտոնում։ Ավանդույթներն ու հիշողությունները շատ-շատ լավն են։ Կարծում եմ, որ Հայաստանի համար շատ լավ է, որ Վարդան Զաքարյանը դարձել է թենիսի ֆեդերացիայի նախագահ։ Այն, ինչի մասին ասում էի։ Կարծում եմ, որ թենիսը նոր կյանք կստանա Հայաստանում, ու նա կկարողանա անել այդ ամենն ու ստեղծել այնպիսի համակարգ, որն ապագայում կտա իր պտուղները։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, մենք քննարկել ենք այն բոլոր խնդիրները, որոնք առկա են։ Ունենք «ճանապարհային քարտեզ», որով պետք է շարժվել ու շարունակել հայկական թենիսի ավանդույթները։ Այս պարագայում ես Վարդան Զաքարյանի կողքին եմ։
Ցավալի է, որ Հայաստանում կորտերը դարձել են սեփականություն, իսկ թենիսի զարգացման համար անհրաժեշտ է, որ տարբեր քաղաքներում լինեն կորտեր: Այդ ժամանակ հնարավոր կլինի ստեղծել ակադեմիաներ, ակումբներ։ Մենք կարող ենք մեր օրինակը ցույց տալ։ Պայմաններ ստեղծելը կախված է նաև երկրի ղեկավարներից։ Ամբողջ աշխարհում թենիսը համարվում է էլիտար սպորտաձև, այն «դիվանագիտական» սպորտ է։ Թենիս խաղում են աշխարհի 200-ից ավելի երկրում։ Թենիսը նաև ընտանեկան հանգստի միջոց է, և պատահական չէ, որ ԽՍՀՄ-ի հարավային շրջաններում թենիսը դիտարկվում էր ընտանեկան հանգստի տարբերակ։ Մարդիկ այցելում էին հանգստյան տներ, իրենց երեխաներին թողնում էին այնտեղ, խաղում էին թենիս, հանգստանում էին ու երեկոյան վերցնում երեխային։ Սա ամբողջ աշխարհում է տարածված։ Հաջողություն եմ մաղթում ու երջանիկ կլինեմ, որ Հայաստանը մեծ հաջողություններ ունենա թենիսում»,- նշել է Տարպիշչևը։
77-ամյա Տարպիշչևը Ծաղկաձորում ներկա է եղել ITF-ի հովանու ներքո կայացած միջազգային մրցաշարին, որտեղ Հայաստանը ներկայացնող Անի Ամիրաղյանը հասել էր կանանց մենախաղի եզրափակիչ, սակայն պարտվել էր։