«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում տնային խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց իսլանդական «Վիկինգուրի» հետ: Հայաստանի փոխչեմպիոնը 4 խաղում վաստակած նույնքան միավորով խփած և բաց թողած գնդակների 2-9 տարբերությամբ մրցաշարային աղյուսակում 26-րդ տեղում է:
FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1.«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում առաջին ոչ-ոքին գրանցեց՝ ընդհատելով երկու անընդմեջ պարտությունների շարքը: Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունում դա Հայաստանի փոխչեմպիոնի երկրորդ ոչ-ոքին էր: Առաջինը գրանցվել էր որակավորման 2-րդ փուլում Մալթայի «Սլիմա Ուոնդերերսի» հետ կայացած արտագնա խաղում, որում ևս դարպասներն անառիկ էին մնացել:
2. Եվրագավաթների վերջին 3 խաղերում «Նոան» չի գտել մրցակիցների դարպասի բանալին՝ գոլ չխփելով 284 րոպե շարունակ: Վերջին գոլը Ռուի Մոտայի գլխավորած թիմը խփել է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի մեկնարկային խաղի 76-րդ րոպեին, երբ Վիրժիլ Պինսոնը գրավել է չեխական «Մլադա Բոլեսլավի» դարպասը:
3. Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշարում «Նոան» 12-րդ խաղն անցկացրեց: Երևանյան թիմը տոնել է 6 հաղթանակ, կրել է 4 պարտություն, 2 խաղում էլ գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Հայաստանի փոխչեմպիոնը 20 գոլ է խփել, բաց է թողել 15 գնդակ:
4. «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշարում գերազանց էր խաղում սեփական դաշտում՝ հաղթելով անցկացրած նախորդ բոլոր 5 խաղերում էլ: Ցավոք, հաղթանակների տպավորիչ այդ շարքն ընդհատվեց, առաջին անգամ էլ չհաջողվեց տնային խաղում գոլ խփել:
Մինչդեռ Ռուի Մոտայի գլխավորած թիմը տնային նախորդ 5 հանդիպումներում աչքի էր ընկել աննախադեպ բարձր արդյունավետությամբ՝ 17 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Միակ գոլը տնային խաղում «Նոան» բաց է թողել հունական ԱԵԿ-ից Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում:
5. «Նոան» Եվրագավաթների խաղարկություններում 15-րդ խաղն անցկացրեց, որոնցում 23 միավոր է վաստակել (7 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 6 պարտություն): Դա հնարավոր միավորների 51,1 տոկոսն է: Այդ ցուցանիշով «Նոան» լավագույնն է Եվրագավաթների մասնակից հայկական 18 ակումբների մեջ:
6. «Վիկինգուրի» հետ հանդիպումը Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 28-րդն էր հայկական 4 թիմերի մասնակցությամբ: Հայկական ակումբները տոնել են 14 հաղթանակ, 4 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 10-ում հաջողության են հասել մրցակիցները: Հայկական թիմերը խփել են 42 գոլ, բաց են թողել 36 գնդակ: Գրանցված ցուցանիշները ռեկորդային են հայկական ակումբների համար Եվրագավաթների խաղարկություններում:
7. «Նոան» Եվրագավաթներում առաջին անգամ մրցեց իսլանդական ակումբի հետ: Մինչև այդ Հայաստանի ներկայացուցիչները միայն մեկ անգամ էին հանդիպել իսլանդական ակումբի հետ: Դա տեղի էր ունեցել 2003/04թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում, որտեղ «Փյունիկը» հաղթող էր դուրս եկել «Ռեյկյավիկի» հետ դիմակայությունում (1-0, 1-1):
8. Ալեքսեյ Պլոշադնին Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշարում 2-րդ անգամ պաշտպանեց «Նոայի» դարպասը ու կրկին գոլ բաց չթողեց: Նա նորամուտը նշել էր օգոստոսի 1-ին որակավորման 2-րդ փուլում Մալթայի «Սլիմա Ուոնդերերսի» հետ կայացած արտագնա խաղում, որում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:
9. Արտակ Դաշյանը Եվրագավաթների մրցաշարերում 44-րդ խաղն անցկացրեց ու հավասարվեց փյունիկցի իր նախկին խաղընկեր Տարոն Ոսկանյանին: Միայն Արտակ Գրիգորյանն է նրանցից ավելի շատ խաղ (53) անցկացրել:
Դաշյանը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկություններում հոբելյանական՝ 25-րդ խաղն անցկացրեց: Այդ ցուցանիշով նա ռեկորդակիր է:
10. Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշարում միայն 3 ֆուտբոլիստներ՝ Գոնսալո Գրեգորիոն, Հելդեր Ֆեռեյրան և Մաթեուս Այասն են մասնակցել բոլոր 12 խաղերին: