«Նյուքասլը» հրապարակել է ասիական շրջագայության համար թիմի հայտացուցակը, որից բացակայում է կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Իսակը, տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:
Ակումբը նշել է, որ հարձակվողի բացակայության պատճառն ազդրի թեթև վնասվածքն է:
Բրիտանական հեղինակավոր աղբյուրները, այդ թվում՝ Sky Sports-ը, առաջ են քաշում այն վարկածը, որ Իսակի բացակայության պատճառը կարող է լինել մոտալուտ տրանսֆերն այլ ակումբ:
Ալեքսանդր Իսակի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը»: Liverpool Echo-ն էլ պնդում է, որ չնայած Ուգո Էկիտիկեին ձեռք բերելուն՝ մերսիսայդյան ակումբը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Իսակին՝ հնարավորության դեպքում սենսացիոն դարձած տրանսֆերն իրականություն դարձնելու համար:
The Times-ը հաղորդում է, որ Ալեքսանդր Իսակը մերժել է նոր պայմանագիր կնքելու «Նյուքասլի» առաջարկը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսակն ակումբից պահանջել է, որ նոր պայմանագրով ստանա շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձ:


