Հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի «Ծաղկած շագանակենիներ» կտավը ցուցադրվել է Հոնկոնգի պատկերասրահում՝ նոյեմբերի 18-ին Նյու Յորքում կայանալիք աճուրդից առաջ։ Sotheby’s աճուրդի տան գնահատմամբ՝ նկարը կարող է ռեկորդ սահմանել և վաճառվել շուրջ 180 միլիոն դոլարով։
Կտավը արգենտինացի հանգուցյալ կոլեկցիոներներ Նելլի Արրիետա դե Բլակիերի և Կառլոս Պեդրո Բլակիերի հավաքածուի 12 ստեղծագործություններից մեկն է։ Կլոդ Մոնեի, Կամիլ Պիսարոյի և Պոլ Սեզանի մյուս աշխատանքները նույնպես կվաճառվեն աճուրդի։
Sotheby’s-ի տվյալներով՝ Վան Գոգի այս կտավն ավելի քան 60 տարի հանրությանը չի ցուցադրվել։
1890 թվականին ավարտված կտավը նկարչի կյանքի վերջին երկու ամիսների ստեղծագործություններից է։
Այն Վան Գոգի կողմից, Սեն Ռեմիի հոգեբուժարանից դուրս գրվելուց հետո, ստեղծված մոտ 70 աշխատանքներից մեկն է, որտեղ նա ստեղծել էր իր հայտնի «Աստղազարդ գիշերը»։
Կյանքի վերջին օրերին վան Գոգը ստեղծագործում էր չափազանց արագ տեմպով՝ միջինում օրական մեկ աշխատանք։
Նկարիչը մահացել է 37 տարեկանում՝ ինքն իր կրծքավանդակին կրակելուց երկու օր անց։ Դրան նախորդել էին հոգեկան առողջության հետ կապված երկարատև խնդիրներ։
Վան Գոգի աշխատանքների վաճառքի ներկայիս ռեկորդը պատկանում է «Նոճիներով պարտեզ» կտավին, որը 2022 թվականին աճուրդում վաճառվել է 117,2 միլիոն դոլարով։


