Չեռնոգորիայի ազգային թիմի դեմ ընկերական հանդիպումից առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը և խորվաթական «Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը պատասխանեցին լրատվամիջոցների հարցերին։
Ստյոպա Մկրտչյան. «Շատ լավ հիշում եմ նորամուտիս խաղը Չեռնոգորիայի դեմ։ Պետք է չխաղայի, բայց վերջին պահին Կալիզիրը վնասվածք ստացավ: Զգացողություններս շատ լավն էին, բայց լարվածություն կար։ Շատ լավ հիշողություններ ունեմ։
Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, եթե խաղում է ազգային հավաքականում, պետք է պատրաստ լինի տակտիկապես։ Բոլորս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ենք ու պետք է պատրաստ լինենք։ Մարզիչն ընտրել է չորս պաշտպանով մարտավարություն. պետք է հարմարվենք։ Կարծում եմ` կարող ենք այդ տակտիկայով խաղալ։
Տղաներով խոսել և քննարկել ենք կատարվածը։ Ոչ մեկին հաճելի չէ, որ նման հաշիվներով պարտություններ ենք կրում, բայց պետք է փորձենք անել ամեն ինչ` ավելի լավ ելույթ ունենալու համար։ Դաշտ դուրս եկած ֆուտբոլիստները նվիրվում են 100 տոկոսով։ Վստահ եմ` հաջորդ խաղից կշտկենք իրավիճակը։ Վստահ եմ, որովհետև ճանաչում եմ իմ թիմի տղաներին ու տեսնում, թե ինչպես են նվիրվում խաղերի ու մարզումների ժամանակ»։
Ջոն վան'տ Սխիպ. «Թիմում տեսնում ենք, որ մթնոլորտն ու էներգիան լավն են։ Տղաները հիասթափված են պարտությունից, ես՝ նույնպես։ Բոլորը հասկանում են, որ պետք է շտկենք իրավիճակն ու վաղվա խաղին լրիվ այլ տեսքով ներկայանանք։
Կայացած խաղերից հետո իմ գլխում այնքան էլ շատ բան չի փոխվել։ Ես մարզել եմ թիմեր, որոնք միջին ու նույնիսկ ավելի ցածր կարգ են ունեցել։ Մարզել եմ նաև ավելի բարձրակարգ թիմեր: Ժամանակ է հարկավոր` հարմարվելու համար։ Մրցակցով պայմանավորված` պետք է փորձել ավելի բարձր մակարդակի հասնել։
Բոլոր ֆուտբոլիստներին էլ հետևում ենք։ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի հետ նույնպես բարդ էր կապվել։ Չէինք դիտարկում այս հավաքին հրավիրել նրան, բայց նա նույնպես մեր ուշադրության կենտրոնում է։ Խորեն Բայրամյանը փորձառու ֆուտբոլիստ է։ Կարող են իրավիճակներ լինեն, որ նա մեզ օգնի կիսապաշտպանությունում, բայց այս հավաքի համար չէինք նախատեսել հրավիրել նրան։
Առայժմ մեկ վերականգնողական մարզում ենք անցկացրել ու պետք է ուսումնասիրենք ֆուտբոլիստների վիճակը։ Այսօր նախախաղային մարզում կանցկացնենք ու բուժանձնակազմի հետ կդիտարկենք, թե որ ֆուտբոլիստներն են պատրաստ դաշտ դուրս գալուն։ Հավանաբար, վաղվա խաղում կազմն ավելի բալանսավորված կլինի։
Թարմություն ապահովելու համար չենք կարող բոլոր 11 խաղացողներին փոխել, բայց դա նաև ֆուտբոլիստների առանձին պատասխանատվությունն է։ Պետք է փորձենք հնարավորինս լինել թարմ ու շատ տիրենք գնդակին։
Պայմանագիր ունեմ մինչև աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը։ Եթե հաջողվի նվաճել ուղեգիր, կքննարկենք ապագաս։ Այժմ չեմ մտածում դրա մասին ու կենտրոնացած եմ գործընթացի վրա։
Չեմ մտածում հրաժարականի մասին։ Իմ նպատակը դրա մասին մտածելը չէ։ Պետք է զբաղվեմ թիմի գործերով»։
Չեռնոգորիա - Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Նիկշիչի «Քաղաքային» ստադիոնում և 21:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Հունիսի 6-ին Կոսովոյի թիմի դեմ կայացած ընկերական խաղում Հայաստանի հավաքականը պարտվել էր 2-5 հաշվով։
Ասուլիսի մանրամասները` տեսանյութում։