Fastex Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Նոան» 17-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով, ոչ միայն ՀՀ առաջնությունների պատմության նոր ռեկորդ սահմանեց, այլև մոտակա հետապնդողներից միավորների տարբերությունը հասցրեց 13-ի:
FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք 3 հաղթանակ տոնեցին, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Դաշտի տերերից միակ հաղթանակը տարավ «Վեստ Արմենիան»: Առաջնությունում կայացած 127 հանդիպումներից 53-ում հաղթել են դաշտի տերերը, 54-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 20 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
Կայացած 5 հանդիպումներում խփվեց 16 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,2 գոլ): Առաջնության 127 հանդիպումներում գրանցվել է 385 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,03 գոլ):
2. «Ալաշկերտն» առաջատար հնգյակում գտնվող թիմերի հետ վերջին 3 խաղերն էլ ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Առաջնության գարնանային հատվածում թիմի անցկացրած 6 խաղերից 4-ում ոչ-ոքի է գրանցվել: Արդեն 12 խաղ է, ինչ «Ալաշկերտին» չի հաջողվում հաղթանակ տոնել:
3. «Վանն» ընթացիկ առաջնությունում 12-րդ հաղթանակը տոնեց, ինչը թիմի պատմության մեջ նոր ռեկորդային ցուցանիշ է: ՀՀ առաջնություններում չարենցավանյան ակումբը առավել շատ հաղթանակներ տոնել էր 2022/23թթ. մրցաշրջանում՝ 11: Մինչև այդ «Վանը» թարմացրել էր նաև մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով թիմի լավագույն ցուցանիշը:
Առաջնության վերջին 8 հանդիպումներում Վահե Գևորգյանի գլխավորած թիմն անպարտելի է՝ տոնելով 5 հաղթանակ:
4. «Շիրակը» Գյումրիում հերթական պարտությունը կրեց, որը 3-րդ անընդմեջն էր: Ընթացիկ առաջնությունում շիրակցիները շատ անհաջող են խաղում սեփական դաշտում՝ 12 հանդիպումներում վաստակելով ընդամենը 9 միավոր:
5. «Վեստ Արմենիան» ընթացիկ առաջնությունում 2-րդ հաղթանակը տոնեց «Արարատի» նկատմամբ՝ ընդհատելով 3 անընդմեջ պարտությունների շարքը:
6. Փյունիկցի Մատաս Վարեյկան առաջնության վերջին 4 խաղերում դաշտից չի հեռացել առանց գոլի՝ մեկական անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Առաջնությունում անցկացրած 7 հանդիպումներում լիտվացի ֆուտբոլիստն արդեն 5 գոլ է խփել:
7. Ջուլիեն Բատիոնոն («Վան»), «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստներ Ջեֆերսոն Գրանադոն ու Ռոմեն Բլեյքը և արարատցի Կեսե Բան բացեցին գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում: Բատիոնոն ընդգրկվեց «Վանի» կազմում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների հնգյակում: Նա «Շիրակի» դարպասը գրավեց 19 տարեկան 182 օրականում: Ցանկը գլխավորում է ձմռանը թիմից հեռացած Ջոն Բատիգին, որը գոլերի հաշիվը բացել էր 18 տարեկան 53 օրականում:
8. Ալաշկերտցի Ալեքսանդր Գլիշիչը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Խաղերից 64-ին բոսնիացի ֆուտբոլիստը մասնակցել է «Ալաշկերտի» կազմում: Այդ ցուցանիշով Գլիշիչը թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից զիջում է միայն Աննան Մենսահին, որն «Ալաշկերտում» 66 խաղ է անցկացրել:
9. Սերգեյ Մուրադյանը ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում մտնելով փոխարինման, «Նոայում» բոլոր մրցաշարերում 72-րդ խաղն անցկացրեց ու դարձավ թիմի ռեկորդակիրը՝ գերազանցելով Բենիկ Հովհաննիսյանին:
Մուրադյանը 3-րդ մրցաշրջանն է անցկացնում հարազատ ակումբում, որի կազմում սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան: Հետաքրքիր է, որ «Նոայում» Սերգեյը նորամուտը նշել է 2023թ. փետրվարի 27-ին հենց ԲԿՄԱ-ի հետ առաջնության խաղում:
10. Տուրում գրանցվեց երկու ինքնագոլ: Սեփական դարպասը գրավեցին «Ուրարտուի» պաշտպան Դմիտրի Տիխին և փյունիկցի Սերգեյ Վակուլենկոն: Ընթացիկ առաջնությունում գրանցվել է 8 ինքնագոլ: