Logo

Վե՞րջ. «Բարսայի» նախագահը բացահայտել է ակումբի տրանսֆերային ծրագրերը

23:34 / 26.07.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ ակումբն այս ամռանը նոր ձեռքբերումներ չի կատարի, և Ռեշֆորդը 2025-26 մրցաշրջանից առաջ հիմնական թիմի վերջին համալրումն է, հայտնում է Mundo Deportivo-ն:

Լապորտան նաև նշել է, որ ակումբը, ինչպես միշտ, կապավինի «Լա Մասիային»՝ բացակայող խաղացողների տեղը լրացնելու համար։

«Նոր խաղացողներ, մեծ հաշվով, այլևս չեն լինի։ Մենք ունենք թիմ, և մարզիչը ցանկանում է համալրել առաջին թիմը պահեստային թիմի խաղացողներով, բայց այս պահին նոր խաղացողներ չեն ակնկալվում։

Մենք կփորձենք խուսափել ցավոտ հեռացումներից։ Ես չեմ նշելու խաղացողների անուններ, քանի որ նրանք բոլորը «Բարսայի» ֆուտբոլիստներ են, և մենք բոլորս գոհ ենք նրանցից: Բայց կլինեն որոշակի ճշգրտումներ, քանի որ որոշ դիրքերում չափազանց շատ խաղացողներ կան, և ինչ-որ բան պետք է արվի։ Դա արդեն թողնված է մարզչի ու Դեկուի հայեցողությանը»,- ասել է Լապորտան:

Կատալոնացիներն ամառային տրանսֆերային պատուհանին «Էսպանյոլից» ձեռք են բերել Ժոան Գարսիային, որը, ըստ ամենայնի, կլինի թիմի առաջին դարպասապահը: Իսպանիայի չեմպիոնը մոտ էր Նիկո Ուիլյամսին «Աթլետիկից» ձեռք բերելուն, սակայն վերջին պահին գործարքը ձախողվեց, և Նիկոն նոր, երկարաժամկետ պայմանագիր կնքեց բասկյան ակումբի հետ։ Մամուլում շրջանառվում էին նաև այլ հայտնի անուններ, ինչպիսիք են Լուիս Դիասը և Ռաֆայել Լեաուն, բայց «Բարսելոնան» ի վերջո որոշեց վարձակալությամբ «Մանչեսթեր Յունայթեդից» թիմ հրավիրել Մարկուս Ռեշֆորդին:

fastnews-ads-banner