Logo

«Ուրարտուի» տպավորիչ ցուցանիշը «Նոայի» հետ խաղերում, Դեբլեի և Տենտոնի հոբելյանական գոլերը. Fastex Պրեմիեր լիգայի 31-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:19 / 19.05.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայի 31-րդ տուրն անվանեց Եվրագավաթների մրցաշարերի մասնակից Հայաստանի վերջին՝ 4-րդ ներկայացուցչին: 5-2 հաշվով հաղթելով «Արարատին», «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր նվաճեց: Իսկ արծաթե և բրոնզե մեդալների համար պայքարը դեռ շարունակվում է:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի: Հյուրերից միակ միավորը վաստակեց «Նոան»: Առաջնությունում կայացած 151 հանդիպումներից 66-ում հաղթել են դաշտի տերերը, 61-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 24 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
Կայացած 4 հանդիպումներում խփվեց 18 գոլ (միջինը մեկ խաղում՝ 4,5 գոլ): Առաջնության 151 հանդիպումներում գրանցվել է 472 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,12 գոլ):


2. «Գանձասարն» ընթացիկ առաջնությունում վերջապես առաջին հաղթանակը տարավ՝ ընդհատելով առանց հաղթանակների 26 խաղերի և 6 անընդմեջ պարտությունների շարքը: Կապանցիները նաև սեփական դաշտում առաջին միավորները վաստակեցին: Մինչև այդ սեփական դաշտում անցկացրած բոլոր 12 հանդիպումներում էլ գանձասարցիները պարտվել էին՝ խփելով ընդամենը 4 գոլ, բաց թողնելով 36 գնդակ:

3. «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ հաղթեց «Արարատին»՝ խոշոր հաշվով 2-րդ հաղթանակը տոնելով մրցակցի նկատմամբ: Առաջին շրջանի խաղում փյունիկցիները 3 անպատասխան գնդակ էին խփել արարատցիների դարպասը: Նախորդ անգամ «Փյունիկն» «Արարատին» 5 գոլ էր խփել 2023թ. հոկտեմբերի 4-ին՝ հաղթելով 5-0 հաշվով: «Փյունիկը» զգալի առավելության է հասել «Արարատի» նկատմամբ՝ առաջնության վերջին 9 հանդիպումներում տոնելով 7 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի:

Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2022թ. հոկտեմբերի 9-ին սեփական դաշտում Ռուդիկ Մկրտչյանի խփած միակ գոլի շնորհիվ:

4. «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, որը 10-րդն էր ընթացիկ առաջնությունում: Հայաստանի կրկնակի չեմպիոնը կրկնեց իր թիմային ռեկորդը, որը գրանցել էր 2022/23թթ. առաջնության 36 հանդիպումներում: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 5-րդ անընդմեջ խաղում հաղթեց ԲԿՄԱ-ին, որին ՀՀ առաջնություններում ոչ մի կերպ չի հաջողվում պարտության մատնել «Արարատ-Արմենիային»:

5. «Ուրարտուն» միակ թիմն է, որն ընթացիկ առաջնությունում հավասար ցուցանիշներ է գրանցել «Նոայի» հետ հանդիպումներում: Մրցակիցներից յուրաքանչյուրը մեկական հաղթանակ է տոնել միևնույն 2-1 հաշվով, իսկ 3-րդ խաղում գրանցվեց գերարդյունավետ ոչ-ոքի՝ 3-3:

6. Սերժ Դեբլեն ընթացիկ առաջնությունում առաջին դուբլը ձևակերպելով, հայկական ակումբներում բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 50-րդ գոլը խփեց: Առաջնության գարնանային հատվածում 36-ամյա Դեբլեն 4 գոլի հեղինակ է դարձել: Նա գերազանցեց Սարգիս Հովսեփյանի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում «Փյունիկի» կազմում բոլորից արդյունավետ էր գործել՝ 2008թ. խփելով 3 գոլ:

Դեբլեի խփած 2-րդ գնդակը դարձավ Հայաստանի առաջնություններում «Արարատի» բաց թողած 1100-րդ գոլը:

7. Տենտոն Յենեն էլ հայկական ակումբներում բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 50-րդ գոլը խփեց: Դա ընթացիկ առաջնությունում նիգերիացի ֆուտբոլիստի 16-րդ գոլն էր, որի շնորհիվ նա գլխավորեց «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուների ցանկը՝ շրջանցելով Մարիուս Նուբիսիին: Տենտոնը կրկնեց նախորդ առաջնությունում գրանցած մեկ մրցաշրջանի արդյունավետության իր ռեկորդը:

8. «Փյունիկի» պաշտպան Տարոն Ոսկանյանն «Արարատի» հետ մրցավեճում հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում 450-րդ պաշտոնական խաղն անցկացրեց:

9. Կարեն Մելքոնյանն առաջնության 3-րդ անընդմեջ խաղում խաղադաշտից չհեռացավ առանց գոլի՝ ընդհանուր առմամբ 5 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Հիշեցնենք, որ նա «Վեստ Արմենիայի» հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել: Մելքոնյանն ընթացիկ առաջնությունում 9-րդ գոլը խփեց ու հավասարվեց մինչև այդ ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստ Արայիկ Էլոյանին:

10. Արարատցի Մամադու Դումբիան «Փյունիկի» հետ խաղում նախ գրավեց մրցակցի դարպասը, ապա 3 րոպե անց դարձավ ինքնագոլի հեղինակ: Այս տուրում սեփական դարպասը գրավեց նաև «Նոայի» պաշտպան Գոնսալո Սիլվան: Ընթացիկ առաջնությունում արդեն 11 ինքնագոլ է գրանցվել:

fastnews-ads-banner