Նա կարողացել է իր երևակայությունը վերածել իրական աշխարհի և ստեղծել մոլորակ, որտեղ հրաշքները միշտ կենդանի են։
Այսօր Ուոլթ Դիսնեյի ծնունդն է՝ այն մարդու, որը ապացուցել է, որ մանկության երազանքներն կարող են փոխել աշխարհը։ Նա ծնվել է 1901 թվականին՝ ոչ հարուստ ընտանիքում։ Մանուկ հասակից սիրում էր աշխատել․ 14 տարեկանում թերթերի բաժանող էր։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ուոլթը մեկնում է Ֆրանսիա և աշխատում որպես շտապօգնության մեքենայի վարորդ։ Զարմանալի է, որ նույն կազմակերպությունում աշխատել է նաև ապագա McDonald's-ի հիմնադիր Ռեյ Քրոքը։
Ուոլթի առաջին անիմացիոն ստուդիան սնանկացել է, սակայն այս անհաջողությունը նրան չի կանգնեցրել։ Եղբոր՝ Ռոյի հետ հիմնադրել է երկրորդ ստուդիան, որտեղ 1920-ականներին ձևավորվել է այն անիմացիոն ոճը, որն այսօր ճանաչելի է ամբողջ աշխարհում։
Չնայած շատերը կարծում են, որ Ուոլթի առաջին հայտնի հերոսը Միկի Մաուսն է, իրականում, նախքան Միկին՝ ծնվել էր Օսվալդ Ճագարը։ Ի դեպ, Միկիի նախնական անունը Մորտիմեր էր, իսկ կերպարի հիմնական ստեղծողը Ուոլթի վաղեմի գործընկեր Աբ Այվերքսն էր։ Հետաքրքիր է՝ Ուոլթը վախենում էր մկներից, բայց հենց մկնիկն էլ դարձել է նրա ստեղծագործական կայսրության խորհրդանիշը։ Միկին և Միննին առաջին անգամ հայտնվել են 1928 թվականին, «Խելահեղ ինքնաթիռը» ֆիլմում։

Մանկության տարիներին Ուոլթը դիտել էր Սպիտակաձյունիկի համր ֆիլմը, ինչը մեծ տպավորություն էր թողել նրա վրա։ Տարիներ անց հենց այդ հեքիաթի իր տարբերակը նրան բերեց համաշխարհային ճանաչում։ 1937 թվականին դուրս է եկել «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» լիամետրաժ մուլտֆիլմը, որը փոխեց անիմացիոն կինոյի պատմությունը։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել և բարձր գնահատվել թե՛ հանդիսատեսի, թե՛ քննադատների կողմից։
Դրան հաջորդեցին բազմաթիվ այլ դասական աշխատանքներ՝ «Պինոկիո», «Ֆանտազիա», «Դամբո», «Բեմբի», «Մոխրոտիկ», «Փիթեր Փեն», «Քնած գեղեցկուհին»: «Մոխրոտիկ»-ի տեխնիկական վարպետությունը նույնիսկ արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին։
Դիսնեյն ուներ մեկ բիոլոգիական երեխա՝ Դիանա Դիսնեյը, իսկ մյուս դուստրը՝ Շերոնը, որդեգրված էր։ Ուոլթը եղել է նվիրված հայր․ հաճախ զբոսնում էր աղջիկների հետ, և հենց այդ զբոսանքների ժամանակ էլ ծնվել է այն գաղափարը, որը հետագայում դարձել է աշխարհում ամենահայտնի զվարճանքի այգիներից մեկը՝ Դիսնեյլենդը։

1966 թվականին Ուոլթը մահացել է թոքերի քաղցկեղից, և նրա ընկերությունը հետմահու որոշել է՝ իրենց ֆիլմերում չցուցադրել ծխախոտ՝ հարգելով նրա հիշատակը։ Նա հետմահու արժանացել է Միացյալ Նահանգների բարձրագույն պարգևներից մեկին՝ Կոնգրեսի ոսկե մեդալին, որին արժանացել են նաև Մայր Թերեզան, Ֆրենկ Սինատրան և լուսնի վրա քայլած տիեզերագնացները։


