Logo

Զգալի առաջընթաց և նոր ռեկորդներ գրանցած թիմը. «Վանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
17:48 / 10.01.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

FastNews-ը շարունակում է Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Վանին»:

1. Fastex Պրեմիեր լիգայում 5-րդ մրցաշրջանն անցկացնող «Վանն» առաջնության աշնանային հատվածն ավարտեց 5-րդ հորիզոնականում՝ նոր գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի գլխավորությամբ անցկացրած 17 հանդիպումներում վաստակելով 29 միավոր (9 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 34-21), ինչը հնարավոր միավորների 56,8 տոկոսն է: 

Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ «Վանը» զգալի առաջընթաց է գրանցել՝ 18 միավոր ավելի վաստակելով: Հիշեցնենք, որ 2023/24թթ. առաջնության 17 հանդիպումներում «Վանը» Սևադա Արզումանյանի գլխավորությամբ ընդամենը 11 միավոր էր վաստակել (3 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 12 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 13-36) և եզրափակում էր մրցաշարային աղյուսակը:

2. Սեփական դաշտում անցկացրած 9 հանդիպումներում «Վանի» օգտին 16 միավոր գրանցվեց (5 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 24-11), ինչը հնարավոր միավորների 59,2 տոկոսն է: Չարենցավանում «Վանը» պարտվել է «Արարատ-Արմենիային» (0-2), «Փյունիկին» (1-3) և ԲԿՄԱ-ին (2-3): 

Հյուրընկալվելիս անցկացրած 8 հանդիպումներում «Վանը» վաստակեց 13 միավոր (4 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 10-10), ինչը հնարավոր միավորների 54,1 տոկոսն է: Մրցակցի դաշտում «Վանը» հաղթել է «Շիրակին» (2-0), ԲԿՄԱ-ին (1-0), «Արարատին» (3-0) և «Վեստ-Արմենիային» (2-0): 

3. Առաջնության աշնանային հատվածում «Վանը» թիմային մի քանի ռեկորդ թարմացրեց: Թիմը 7 խաղ շարունակ անպարտելի էր (5 հաղթանակ, 2 ոչ-ոքի): Մինչև այդ լավագույն արդյունքը գրանցվել էր 2022/23թթ. առաջնությունում, որում «Վանը» 5 անպարտելի խաղերի շարք էր գրանցել:

Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 4 անընդմեջ հաղթանակ տարավ՝ գերազանցելով 2020/21թթ ռեկորդային ցուցանիշը (3 անընդմեջ հաղթանակ): 

«Վանի» ֆուտբոլիստներին հաջողվեց 9 խաղ շարունակ գրավել մրցակիցների դարպասը՝ ընդհանուր առմամբ խփելով 22 գոլ: Նախկին լավագույն ցուցանիշը գրանցվել էր նախորդ առաջնությունում (6 խաղում 13 գոլ):

Առաջնության ընթացքում «Վանը» 4 անընդմեջ պարտություն կրեց, միայն 3 խաղում գոլ չխփեց («Արարատ-Արմենիա»՝ 0-2, «Նոա»՝ 0-5, «Փյունիկ»՝ 0-1): 
17 հանդիպումներից 7-ում թիմի դարպասն անառիկ մնաց, ընդ որում 3 խաղ անընդմեջ, 357 րոպե շարունակ: Վերջին ցուցանիշը ևս թիմային նոր ռեկորդ է: Նախկինում «Վանը» 2020/21թթ. առաջնությունում 302 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:

Չարենցավանի թիմը թարմացրեց նաև ՀՀ առաջնություններում իր ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդը՝ 6-0 հաշվով պարտության մատնելով «Վեստ-Արմենիային»: Մինչև այդ ամենախոշոր հաշվով հաղթանակը (4-0) «Վանը» տարել էր «Լեռնային Արցախի» (2022/23թթ.) և «Շիրակի» (2023/24թթ.) նկատմամբ:

Ընդհանուր առմամբ «Վանն» առաջնության աշնանային հատվածում խոշոր հաշվով 4 հաղթանակ տոնեց՝ պարտության մատնելով նաև «Գանձասարին»՝ 6-1 և «Արարատին»՝ 3-0, 4-0: Խոշոր հաշվով միակ պարտությունը Չարենցավանի թիմը կրեց «Նոայից»՝ 0-5:  

4. «Վանի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 7 հարված, որից իրացվել է 6-ը: «Վանի» օգտին նշանակված 11մ 2 հարվածներն էլ հաջող են իրացրել Կարեն Նալբանդյանն ու Մոմո Տուրեն՝ խոցելով համապատասխանաբար գանձասարցի Սերգեյ Դոցենկոյի և «Վեստ-Արմենիայի» դարպասապահ Անդրիա Դրագոևիչի պաշտպանած դարպասները: 

Դանիիլ Պոլյանսկու դարպասին նշանակված 11մ 5 հարվածներից իրացվել է 4-ը: «Վանի» դարպասապահը հետ է մղել փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոյի հարվածը: 

Իսկ Ալեքսիս Ռոդրիգեսը («Արարատ-Արմենիա»), ալաշկերտցի Ժոզե Էմբալուն, «Ուրարտուի» հարձակվող Իվան Իգնատևն ու բանակային Արայիկ Էլոյանը գրավել են Պոլյանսկու պաշտպանած դարպասը:

5. Առաջնության աշնանային հատվածում անցկացրած 17 հանդիպումներում «Վանը» 34 գոլ խփեց:  Գոլերի հեղինակներ դարձան թիմի 9 ֆուտբոլիստներ, ինչպես նաև սեփական դարպասը գրաված «Վեստ-Արմենիայի» պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին: Կարեն Նալբանդյանը, Ջեսսի Ակիլան, Ջոն Բատիգին, Իզուչուկվու Օկոնկվոն, Օլավալե Ֆառայոլան, Կաջալի Դրամեն, Մամադու Դիալլոն և Լևոն Վարդանյանը բացեցին գոլերի հաշիվը «Վանի» կազմում: 

Առաջնության աշնանային հատվածում բոլորից արդյունավետ գործեց Մոմո Տուրեն՝ խփելով 9 գոլ: Fastex Պրեմիեր լիգայում թիմի կազմում խփած 14 գոլով Տուրեն դարձավ «Վանի» պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Էդգար Մովսեսյանի ցուցանիշը, որի հաշվին 13 գոլ է գրանցված:

Նա նաև կրկնեց Մովսեսյանին պատկանող մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը: Վերջինս 2022/23թթ. առաջնությունում 9 գոլ էր խփել:

6. Ջոն Բատիգին դարձավ «Վանի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ «Գանձասարի» դարպասը գրավելով 18 տարեկան 53 օրականում: Նա գերազանցեց Սանի Բուհարիի ռեկորդային ցուցանիշը, որը թիմի կազմում իր գոլերի հաշիվը բացել էր 18 տարեկան 314 օրականում: 

Առաջնությունում խփած 7 գոլով 18-ամյա Բատիգին արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով նախկին արարատցի Էլոկվու Էզուկամի ցուցանիշը, որը 2002թ. 18 տարեկանում 5 գոլ էր խփել: Բատիգին նաև դարձավ ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ գանացի ֆուտբոլիստը՝ գերազանցելով 6 գոլ խփած Էդվարդ Կպոդոյի ցուցանիշը:

7. 23-ամյա Ջեսսի Ակիլան խփած 4 գոլով արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով թիմի նախկին ֆուտբոլիստ Ստեֆան Աջումանիի ցուցանիշը, որն այդ տարիքում «Վանում» բոլորից շատ՝ 3 գոլ էր խփել:

Ջոն Բատիգին, Կարեն Նալբանդյանն ու Ջեսսի Ակիլան ընդգրկվեցին թիմի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում: Իզուչուկվու Օկոնկվոն (18 տարեկան 194 օրական) ընդգրկվեց «Վանի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում: 

Իսկ Յուրի Գարեգինյանն (30 տարեկան 303 օրական) ընդգրկվեց «Վանի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում:

8. «Վանն» առաջնության այն երկու թիմերից մեկն է (մյուսը ԲԿՄԱ-ն է), որի  դարպասը պաշտպանեց ընդամենը մեկ դարպասապահ: Դանիիլ Պոլյանսկին անցկացրած 17 հանդիպումներում 21 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,23 գոլ), 7 անգամ դարպասն անառիկ պահեց: «Չոր» խաղերի քանակով Պոլյանսկին «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Մելիխովի հետ լավագույնն է առաջնության աշնանային հատվածում: 

9. Առաջնության աշնանային հատվածում «Վանի» ամենատարեց ֆուտբոլիստը 30-ամյա Յուրի Գարեգինյանն էր: Նա նաև Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (179) «Վանի» ամենափորձառու ֆուտբոլիստն էր: Իսկ թիմի ներկայիս կազմից Fastex Պրեմիեր լիգայում «Վանում» բոլորից շատ՝ 28 խաղի է մասնակցել Մոմո Տուրեն:

18-ամյա Ջոն Բատիգին և Իզուչուկվու Օկոնկվոն թիմում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստներն են: Բատիգին դարձավ «Վանի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում հանդես եկած ամենաերիտասարդ լեգեոնականը: Օգոստոսի 4-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած խաղում նա թիմի կազմում նորամուտը նշել էր 18 տարեկան 41 օրականում:

Իզուչուկվու Օկոնկվոն (18 տարեկան 121 օրական) և Յարոսլավ Մատյուխինը (18 տարեկան 320 օրական) ընդգրկվեցին «Վանի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում:

10. «Վանն» առաջնության աշնանային հատվածի ամենակայուն կազմն ունեցող թիմն է: 17 հանդիպումներում Վահե Գևորգյանը խաղադաշտ դուրս բերեց 20 ֆուտբոլիստների, որոնցից 12-ը լեգեոնականներ էին: 

Հետաքրքիր է, որ նախորդ մրցաշրջանում թիմի կազմում հանդես եկած 40 ֆուտբոլիստներից միայն Մոմո Տուրեն է ընթացիկ առաջնությունում խաղում «Վանում»: Մնացած 19 ֆուտբոլիստները նորամուտը նշեցին «Վանում»:

Առաջնության հանդիպումներում «Վանի» ֆուտբոլիստները 37 անգամ զգուշացվել են, Յարոսլավ Մատյուխինն ու Մոմո Տուրեն մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 4-ական անգամ դեղին քարտի են արժանացել Յուրի Գարեգինյանը, Մոմո Տուրեն և Էմանուել Ջոնը:

FastNews-ը ներկայացնում է «Վանի» ֆուտբոլիստների ցուցանիշները Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում:

Ֆուտբոլիստներ

Խաղ

Գոլ

Զ (Հ)

1. Դանիիլ Պոլյանսկի

17

-21

3

2. Ջոն Բատիգի

17

7

1

3. Իզուչուկվու Օկոնկվո

17

2

3

4. Կլայդեր Մասեդո

17

-

3

5. Արսեն Սադոյան

17

-

1

6. Օլավալե Ֆառայոլա

16

2

-

7. Յուրի Գարեգինյան

16

-

4

8. Յարոսլավ Մատյուխին

16

-

2 (1)

9. Կարեն Նալբանդյան

15

5

1

10. Ջեսսի Ակիլա

15

4

3

11. Դավիթ Տերտերյան

15

-

2

12. Էմանուել Ջոն

15

-

4

13. Մոմո Տուրե

14

9

4 (1)

14. Մամադու Դիալո

12

1

1

15. Ռոբերտ Հակոբյան

12

-

2

16. Կաջալի Դրամե

11

2

1

17. Լևոն Վարդանյան

11

1

-

18. Սերոբ Գրիգորյան

10

-

1

19. Ալիուն Ջունիոր Դոսո

2

-

-

20. Նորայր Նիկողոսյան

2

-

1

fastnews-ads-banner