2024 թվականի ամռանն Էլինա Ավանեսյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացավ և սկսեց WTA-ում ներկայացնել Հայաստանը: 7 ամիս անց նա վարկանիշային աղյուսակում 44-րդ տեղում է: Շատերին հետաքրքիր է, թե այդ աճն ուր կհասցնի Էլինային, և նա ինչպիսի նվաճումների կհասնի:
FastNews-ը փորձել է պատասխաններ գտնել այդ հարցերին.
Թոփ-15-ի սարսափը
3 տարի առաջ Էլինա Ավանեսյանը ներխուժեց կանանց թենիսի թոփ մրցաշարեր, որոնցում մի քանի տպավորիչ հաղթանակներ տարավ ուժեղ թենիսիստուհիների հետ պայքարում: Թոփ-15-ի թենիսիստուհիների դեմ մեկնարկային 5 խաղերում Էլինան գրանցել էր 5 հաղթանակ.
- Բելինդա Բենչիչ («Ռոլան Գարոս», վարկանիշը՝ 12)
- Դարիա Կասատկինա (Բեռլին, վարկանիշը՝ 11)
- Մարիա Սակարի (Australian Open, վարկանիշը՝ 11)
- Օնս Ժաբեր (Մայամի, վարկանիշը՝ 6)
- Քինվեն Չժեն («Ռոլան Գարոս», վարկանիշը՝ 8)
Հետագայում այդ հաղթարշավն ընդհատվեց 2024-ին «Ռոլան Գարոսում», երբ Էլինան պարտվեց Ժասմին Պաոլինիին, որը հետո հասավ եզրափակիչ: Մինչև այդ նա դարձել էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կանանց պայքարում նախորդ 30 տարվա առաջին լաքի-լուզերը, որը հասել էր 1/8 եզրափակիչ:
2025-ի սկզբում 22-ամյա հայ թենիսիստուհին հաղթեց նաև այդ պահին աշխարհի 4-րդ ռակետ Պաուլա Բադոսային և իր վարկանիշը հասցրեց ռեկորդային 41-րդ տեղի: Հիմա նա 44-րդն է, և կարծես Էլինային 2-3 հաջող մրցաշար է բաժանում լավագույն 20-ում տեղ ունենալուց:
Օբյեկտիվ սպասելիքների կարևորությունը
Քանի դեռ Էլինան բարձրանում է վարկանիշային աղյուսակում, այս պահը լավ նախադրյալ է՝ գնահատական տալու մեր հայրենակցին, որպեսզի հետագայում ավելորդ սպասումների կամ միգուցե թերագնահատման խնդիր չառաջանա: FastNews-ն Էլինա Ավանեսյանի վերաբերյալ խոսել է թենիսի աշխարհի ներկայացուցիչների հետ՝ բոլորին տալով նույն հարցերը:
«Էլինան շատ հեռանկարային թենիսիստուհի է, բայց Հայաստանում սպասելիքները մի փոքր չափազանցված են: Հիմա նա այն թոփ մակարդակի խաղը չի ցուցադրում, որպեսզի համապատասխանի այդ սպասելիքներին»,- կարծում է «Ֆասթ Մեդիա»-ի մարզական մեկնաբան Արամ Սահակյանը:
Հայաստանի առաջին ռակետ Միքայել Ավետիսյանը կարծում է, որ Էլինան շատ բան արդեն ապացուցել է.
«Համաշխարհային դասակարգման աղյուսակում Էլինան կարող է մոտենալ առաջատարներին, ինչն ապացուցվել է թե՛ նրանց դեմ պայքարում անձնական հաղթանակներով և թե՛ վարկանիշային հաստատուն վերելքով: Վարկանիշն էլ ավելի բարձրացնելը պայմանավորված է մեծաքանակ գործոններով (մարզիկին աջակցող թիմ, հոգեբանական և ֆիզիկական վիճակ և այլն)»:
Համարձակ կանխատեսումներով առանձնացող, «Ֆասթ Մեդիա»-ի մարզական մեկնաբան Արմեն Մանուկյանն ավելի հստակ գնահատական է տալիս Հայաստանի լավագույն թենիսիստուհու հեռանկարներին.
«Էլինա Ավանեսյանը շատ տաղանդավոր է, սակայն թենիսում ամենակարևոր կետերից մեկը բնածին ֆիզիկական տվյալներն են: Թոփ-10-ում բոլոր թենիսիստուհիներն ավելի բարձրահասակ են, ավելի ուժեղ, ավելի լավ մարզիչներով:
Էլինան հիմա 44-րդ տեղում է: Իմ վերլուծությամբ՝ նրա առավելագույնը թոփ-25-ում հայտնվելն է: 1-25-րդ տեղերում այն թենիսիստուհիներն են, որոնք բոլոր տվյալներով գերազանցում են Ավանեսյանին: WTA-ի 500, 1000 շարքի կամ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի առանձին խաղում կարելի է հաղթել նույնիսկ թոփ-10-ի թենիսիստների, բայց այդ մրցաշարերում քառորդ եզրափակիչ հասնելն արդեն ֆանտաստիկ հաջողություն է: WTA-250-ում կարելի է հասնել նաև կիսաեզրափակիչ: Այնպես որ, մենք պետք է գիտակցենք, որ ունենք մինչև թոփ-25-ի մակարդակի թենիսիստուհի, բայց ոչ ավելին»:
Ուժեղ և թույլ կողմերը
Էլինայի անակնկալ հաղթանակները թոփ-15-ի ներկայացուցիչների դեմ պայքարում նաև ընդգծում են նրա բնավորությունը: Նա չհանձնվող է, սիրում է մարտահրավերներ, բայց կարող է համեմատաբար թույլ մրցակցի դեմ խաղին ճիշտ չտրամադրվել:
«Ինձ միշտ դուր է գալիս խաղալ անհարմար կամ վարկանիշով ավելի բարձր մրցակիցների դեմ: Շատ եմ ուզում խաղալ Իգա Շվյոնտեկի կամ Արինա Սաբալենկայի հետ: Այդպիսի խաղերը խաղային որակներս բարելավելու հնարավորություն են տալիս»,- Sports.ru-ի հետ զրույցում ասել է հայ թենիսիստուհին:
Իսկ խաղային ո՞ր որակներն ամրապնդելու կարիք կա և որո՞նք են ուժեղ կողմերը.
«Ավանեսյանի թույլ կողմերից է, թոփ թենիսիստուհիներից շատերի համեմատ, փոքր-ինչ ցածր հասակը, որից բխում է մատուցման համար շատ ավելի քիչ հնարավորություններ, ինչպես նաև կորտի առաջնամասում սուր հարձակողական ռեսուրսի պակաս: Իսկ Ավանեսյանի ուժեղ կողմերից է բարձր ֆիզիկական պատրաստվածությունը, երկար խաղարկումներում առավել արդյունավետությունը, հատկապես կորտի հետնամասում»,- կարծում է Հայաստանի առաջին ռակետ Միքայել Ավետիսյանը:
Արմեն Մանուկյանը նույնպես ընդգծում է մատուցման գործոնը.
«Մատուցումն Էլինայի գլխավոր խնդիրն է: Կանանց թենիսում հիմա տոն են տալիս շատ ուժեղ սկզբնահարվածով խաղացողները: Մատուցումը թենիսում ամենակարևոր բաղադրիչն է: Եթե քո մատուցումն ուժեղ է, գործի կեսն արդեն կատարել ես: Բայց եթե սկզբնահարվածդ 130-150 կմ/ժ արագությամբ է, ապա պատասխան հարվածն այնքան ուժեղ է լինում, որ բարդ է միավոր վաստակել: Եվ եթե ստիպված ես ամբողջ սեթի ընթացքում քո մատուցման գեյմերը զիջել, հետո պայքարել բրեյքերի համար, ուրեմն՝ չես կարող լավագույնների թվում լինել»:
Ի՞նչ է տալիս մրցակցային դաշտը

Ի տարբերություն տղամարդկանց թենիսի, որտեղ գլխավոր տիտղոսները փաստացի խաղարկվում են 3-4 խաղացողների միջև՝ կանանց թենիսում մրցակցությունն ավելի մեծ հնարավորություններ է տալիս: Նախորդ 4 տարում 10 տարբեր թենիսիստուհիներ դարձել են «Մեծ սաղավարտի» մրցաշարերի հաղթող: Համեմատաբար ցածր վարկանիշ ունեցող մրցաշարերի մասին նույնիսկ խոսք չկա: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Էլինա Ավանեսյանն էլ կարող է դառնալ այն շատերից մեկը, որոնք տիտղոսներ են նվաճել: Իսկ միգուցե հաղթողների այս առատությունը սովորականից շա՞տ թոփ խաղացողների առկայությունն է վկայում, և Էլինայի խնդիրն ավելի բա՞րդ է դառնում: Չգիտես՝ որտեղից վտանգ սպասես...
«Կանանց թենիսը վերջին տարիներին այնպիսին է դարձել, որ ոչ թե թոփ-10 խաղացողներն են ուժեղ ու տարբերվող, այլ ավելի մեծ թվով թենիսիստուհիներ խաղամակարդակով շատ մոտ են: Դա էլ նրանց դրսևորվելու հնարավորություն է տալիս: Այդ տրամաբանության մեջ Էլինա Ավանեսյանն էլ կարող է առաջիկայում հաջողություն գրանցել»,- կարծում է մարզական մեկնաբան Արամ Սահակյանը:
Հայաստանի լավագույն թենիսիստ Միքայել Ավետիսյանը նույն կարծիքին է: Նա ունի նաև տեխնիկա-տակտիկական նկատառում.
«Միանշանակ ներկայիս թենիսում տիրող մրցակցության բազմազանությունն առավելություն է Էլինայի համար, հատկապես գրունտային մրցաշարերում, ինչը նա ապացուցել է նախորդ 2 տարիների «Ռոլան Գարոսում»: Տղամարդկանց թենիսում լուրջ տիտղոսներ նվաճողների շրջանակը հաղթահարելը շատ ավելի բարդ խնդիր է, քան կանանց դեպքում: Կանանց թենիսի անկանխատեսելիությունը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք բացակայում են տղամարդկանց թենիսում»:
Մարզական մեկնաբան Արմեն Մանուկյանը, սակայն, WTA-ում հաղթողների ցանկում միևնույն է հետևողականություն է տեսնում.
«Այո՛, կանանց թենիսում սովորաբար տարբեր խաղացողներ են հաղթում, բայց երբ այդ հաղթողների շրջանակն էլ ենք փորձում վերլուծել, տեսնում ենք, որ 99 տոկոս դեպքերում միևնույն է հաղթանակի բարձր հավանականություն ունեցող մարզուհիներն են նվաճում տիտղոսը: Կորտում Էլինա Ավանեսյանի գլխավոր հաղթաթուղթն իր ուղեղն է: Եթե դու ֆիզիկապես ուժեղ չես, պետք է լինես ճարպիկ ու խելացի, որպեսզի հասնես բոլոր գնդակներին, պատասխան հարվածներ կատարես և սպասես մրցակցի «ոչ պարտադիր սխալներին»: Այդ ամենն Էլինան անում է, բայց նրա կարիերայում տիտղոսներ նվաճելու հնարավորություն կլինի, երբ նա կտրուկ ուժեղացնի իր մատուցումները»:
Տիեզերքի ընդլայնումը հաստատվում է Հաբլի օրենքով: Եթե գալակտիկաները միմյանցից հեռվանում են 75 կմ/վ արագությամբ, միգուցե կանանց թենիսում էլ չեմպիոնների շրջանակը մի փոքր ընդլայնվի, և Էլինա Ավանեսյանը հայտնվի նրանց թվում:
Եթե ոչ, ապա մնում է ավելի պրագմատիկ տարբերակ: Սպորտն առաջադիմելու և դժվարություններ հաղթահարելու համար է: Ավանեսյանն առաջընթաց կգրանցի բոլոր խաղային գործոններում և ինքն իր համար կհարթի չեմպիոնական ճանապարհ: Իսկ մենք ուշադիր կհետևենք նրա կարիերայի զարգացմանը և կսպասենք այդ տիտղոսներին: