Logo

Հանճարեղ Շառլ Ազնավուրի մասնակցությամբ ֆիլմեր

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 02.10.2018ՄՇԱԿՈՒՅԹ
Charles Aznavour 2018 bw billboard 1548 - Հանճարեղ Շառլ Ազնավուրի մասնակցությամբ ֆիլմեր

Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացավ հանճարեղ ֆրանսահայ երաժիշտ, գրող, դերասան Շառլ Ազնավուրը:

Ազնավուրի թողած ժառանգությունն անգին է, նրա հանդեպ սերը՝ անսահման, նրան մոռանալը՝ անհնար:  Ահա սիրելի Ազնավուրի մասնակցությամբ 5 ֆիլմ…

Անցում Ռեյնի միջով/Переход через Рейн/Le passage du Rhin, 1960

ռեժ.՝Անդրե Կայաթ

դերերում՝ Նիքոլ Կուրսել, Ժորժ Ռիվիեր ևն

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ֆոնին: Գերմանիան ջախջախիչ պարտության է մատնում Ֆրանսիային: Ֆրանսիացի զինվորականները ստիպված են լինում աշխատելու գերմանական մի ֆերմայում: Ֆերմայում անցկացրած ժամանակահատվածում նրանք փորձում են համակերպվել իրականության հետ, ապրել տեղի բնակիչների կյանքով և ակամայից ականատես են լինում շատ ու շատ իրադարձությունների:

1960 թ. ֆիլմն արժանացել է «Ոսկե առյուծի»:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Կրակե՛ք դաշնակահարի վրա/Стреляйте в пианиста/Tirez sur le pianiste, 1960

ռեժ.՝Ֆրանսուա Տրյուֆո

դերերում՝Մարի Դյուբուա, Նիկոլ Բերժե ևն

Գլխավոր հերոսը Էդվարդ Սարոյանն է, որը կնոջ մահից հետո թվում է թե չի կարողանա ապրել այնպես, ինչպես նախկինում էր ապրում: Սարոյանը փոխում է իր անունը՝ դառնալով Շարլի Կոլեր և աշխատանքի է անցնում մի սրճարանում: Այնտեղ նա սիրահարվում է Լենա անունով մի գեղեցիկ կնոջ, սակայն միևնույն ժամանակ անտարբեր չի անցնում հարևանուհու՝ մարմնավաճառուհի Կլարիսայի կողքով:

Թվում է, թե Շարլը համակերպվել է իր նոր իրականության հետ և երջանիկ է, սակայն եղբայրը՝ Չիկոն խախտում է նրա անդորրը. նա լուրջ անախորժություններ ունի և Շարլը կօգնի եղբորը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Սատանան և 10 պատվիրանները/Дьявол и десять заповедей/Le diable et les 10 commandements, 1962

ռեժ.՝Ժուլիեն Դյուվիվյե

դերերում՝Միշել Սիմոն, Լյուսյեն Բարու, Ֆրանսուա Արնուլ ևն

7 նովելից բաղկացած կինոալմանախ, որի հիմնական թեման  մարդն է և նրա կողմից թույլ տված սխալները: Թեպետ պատմությունները տարբեր են, այնուամենայնիվ դրանք մեկ ընդհանուր հարց են բարձրացնում, այն է՝ «Ինչո՞ւ են մարդիկ միշտ խախտում պատվիրանները»:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Կարդացեք նաև՝ Շառլ Ազնավուր – Էդիթ Պիաֆ. ավելին, քան սեր

Թիթեղյա թմբուկ/Жестяной барабан/Die Blechtrommel, 1979

ռեժ.՝Ֆոլկեր Շլյոնդորֆ

դերերում՝Դեյվիդ Բենեթ, Մարիո Ադոլֆ ևն

Գերմանական «Նոր ալիքի» ամենահզոր գործերից մեկը ժամանակին քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել: Այս ֆիլմի դեպքերը տեղի են ունենում Գդանսկում, Լեհաստան: 12 ամյա Օսկարն իր սեփական աչքերով ականատես է լինում, թե ինչպես է Գդանսկը հողին հավասարվում: Այն, ինչին նա ականանատես է լինում պատերազմի ժամանակ մեծ ազդեցություն է թողնում նրա վրա. Օսկարը հիասթափվում է մեծերից և որոշում է չմեծանալ…

1979 թ. ֆիլմն արժանացավ «Ոսկե արմավենու», ինչպես նաև Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Արարատ/Арарат/Ararat, 2002

ռեժ.՝Ատոմ Էգոյան

դերերում՝Արսինե Խանջյան, Քրիստոֆեր Պլամմեր, Սիմոն Աբգարյան ևն

«Ժխտումով լի աշխարհում, ինչպե՞ս ես դու որոշում՝ ով է ճիշտ խոսում» խորագրով ֆիլմը մեծ կարևորություն է ներկայացնում հատկապես հայերիս համար, քանի որ անդրադառնում է 1915 թ. Հայոց Մեծ Ցեղասպանության իրադարձություններին: 18 ամյա տղայի կյանքը փոխվում է, երբ նա իմանում է մեկ դար առաջ տեղի ունեցած ահասարսուռ իրադարձությունների մասին: Բացի այդ ռեժիսորը անդրադարձել է հնէաբան Անիի, նրա ամուսնու և երեխաների փոխհարաբերություններին:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

 

Կարդացեք նաև՝  Ազնավուրն ասում է…


fastnews-ads-banner